Վաճառողները տարայի գինը հաշվարկում են ձեռք բերված սննդամթերքի գնով․ ՄՍՇՊՀ-ն հորդորել է տնտեսավարողներին կարգավորել խնդիրը
2 րոպեի ընթերցում
Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նախաձեռնությամբ նոյեմբերի 20-ին տեղի է ունեցել հանդիպում առևտրային ցանցերի ներկայացուցիչների հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հանդիպման նպատակն էր տնտեսավարողների ուշադրությունը հրավիրել Հանձնաժողովի կողմից արձանագրված համատարած բնույթ ունեցող այն խնդրին, երբ վաճառողները սննդամթերքի վաճառքի դեպքում դրա քաշի հաշվարկում ներառում են կշռափաթեթավորման միջոցների (տարաների) քաշը։ Արդյունքում՝ տարաների մեջ վաճառվող տարբեր ապրանքներ (կոնֆետ, ընդեղեն, պարտաստի սնունդ և այլն) ձեռք բերելիս սպառողը տարայի համար վճարում է գնված ապրանքի արժեքի հաշվարկով, ինչը տարբեր իրավիճակներում զգալիորեն գերազանցում է տարայի ձեռքբերման գինը։ Օրինակ՝ 30 գրամ կշռող տարայի մեջ վաճառվող 5000 դրամ/կգ գնով կոնֆետի դեպքում սպառողը վճարում է 150 դրամ հավելյալ գումար։
Հանձնաժողովի անդամ Տիգրան Մարկոսյանը նշել է, որ այս իրավիճակը գործող օրենսդրության խախտում է, սպառողը պետք է վճարի ապրանքի զտաքաշի համար, և չպետք է վճարի հիմնական ապրանքի արժեքին համապատասխան տարայի քաշի համար։ Նա հավելել է, որ Հանձնաժողովն ակնկալում է, որ առնվազն նախաամանորյա առևտրի ընթացքում, երբ գնումների ծավալն էականորեն մեծանում է, այս խնդիրը կարգավորված կլինի, հակառակ դեպքում Հանձնաժողովը ստիպված կլինի անցնել վարչարարության իրականացմանը։
Հանձնաժողովի անդամ Արծվիկ Մինասյանն ընդգծել է օրենքի պահանջի կատարման անհրաժեշտությունը՝ միաժամանակ կարևորելով տնտեսական, բնապահպանական, սպառողների տեսանկյունից շահերի հավասարակշռման հարցը, իսկ լուծման սխեմաները, նրա խոսքով, պետք է նաև տնտեսավարողներն առաջարկեն։
Հանձնաժողովի անդամ Թադևոս Ավետիսյանը նույնպես վերահաստատել է օրենքի պահանջի աներկբա պահպանման հանգամանքը՝ նշելով, որ որպես սպառողներ բոլորս ականատես ենք լինում խնդրին, ինչպես նաև վստահություն հայտնելով, որ տնտեսավարողները, նաև միջազգային փորձը հաշվի առնելով, գտնեն խնդրի կարգավորման արդյունավետ լուծումներ։