Անհայտ կորած անձանց հարցերով միջազգային հանձնաժողովն իր փորձով և վարժընթացներով պատրաստ է աջակցել ՀՀ իշխանություններին
6 րոպեի ընթերցում
Ադրբեջանում կան ազդակներ՝ անհայտ կորած անձանց հայտնաբերման գործընթացում համատեղ աշխատել հայկական կողմի հետ։ Այդ առումով կարող են ձևավորվել համատեղ հանձնախմբեր։
«Արմենպրես»-ի հետ զրույցում այդ կարծիքը հայտնեց Անհայտ կորած անձանց հարցերով միջազգային հանձնաժողովի քաղաքականության և համագործակցության տնօրեն Անդրեաս Կլեյզերը, ով մասնակցում էր «Անհայտ կորած անձանց ճակատագիրը․ հումանիտար երկխոսություն և համագործակցություն» խորագրով երևանյան միջազգային համաժողովին։
«Մեզ համար շատ կարևոր է Հայաստանում այնպիսի համակարգի ներդրումը, որն առնչվում է անհայտ կորած անձանց վերաբերող տվյալների հավաքագրմանը, որպեսզի դրանք լինեն հնարավորինս համապարփակ ու ճշգրիտ և համապատասխան հարթակներում հասանելի լինեն անհայտ կորած անձանց հարազատներին։ Այդ համակարգն արդեն իսկ ներդրվել է Ադրբեջանում և մարդիկ օգտվում են տվյալներից։ Հույս ունենք, որ նման համակարգ շուտով կկիրառվի նաև Հայաստանում։ Մենք պատրաստ ենք ապագա մասնագետների համար կազմակերպել համապատասխան վարժընթացներ, որպեսզի նրանք էլ օգտակար լինեն անհայտ կորած անձանց հարազատներին»,- ասաց Կլեյզերը։
Նա հավելեց, որ անհայտ կորած անձանց վերաբերյալ տվյալները պետք է հավաքագրեն ՀՀ իշխանությունները, բայց նաև ընդգծեց՝ երբեմն խնդրահարույց է այն հանգամանքը, որ անհայտ կորած անձանց հարազատները որոշ դեպքերում չեն վստահում իշխանությունների հավաքագրած տեղեկատվությանը։
«Մարդիկ վստահություն չունեն այն առումով, որ տվյալները կարող են հավաքագրվել ամբողջությամբ կամ օգտագործվել ճշգրտորեն, կամ էլ ընդհանրապես կարող են չօգտագործվել։ Այդ պատճառով իշխանություններն իրենք էլ շահագրգռված են, որպեսզի լինի Հայաստանում ներդրված տվյալների հավաքագրման համակարգ և մարդիկ թափանցիկ գործընթացի պայմաններում անմիջականորեն տեսնեն, թե ինչպիսի ինֆորմացիա կա տեղեկատվական ընդհանուր բազայում և ինչպես է այն օգտագործվում։ Տվյալների համակարգը պետք է թույլ տա, որպեսզի անհայտ կորած անձանց հարազատները կարողանան իրենց հերթին ավելացնել անհրաժեշտ ինֆորմացիան կամ հեռացնել տեղեկատվությունը, որը, նրանց պնդմամբ, այլևս օգտակար չէ։ Ընտանիքները պետք է ունենան ամբողջական վերահսկողություն տվյալների բազայի վրա», - ասաց Կլեյզերը։
Նրա դիտարկմամբ՝ եթե ՀՀ-ում ներդրվի վերոհիշյալ համակարգը, ապա դա թույլ կտա Հայաստանին և Ադրբեջանին փոխանակվել տեղեկություններով, համեմատել ինֆորմացիան՝ գալով որոշակի եզրակացությունների։ Նրա պնդմամբ՝ կոնկրետ դեպքերում, երբ առկա է նույնականացումը, տեղեկատվության փոխանակումը կողմերի միջև պետք է կատարվի գաղտնիության պայմաններում։
Քանի որ Անդրեաս Կլեյզերը երրորդ անգամ է այցելում Հայաստան, ուստի նշեց, որ անհայտ կորած անձանց որոնողական աշխատանքներում ՀՀ իշխանություններն արձանագրել են որոշակի առաջընթաց։
«Մենք նաև քննարկել են արդեն նշված համակարգի ներդրման հարցը և հույս ունենք, որ ձեռք բերված պայմանավորվածությունները շուտով կյանքի կկոչվեն։ Մենք պատրաստ ենք աջակցել ՀՀ իշխանություններին։ Քանի որ մեր կազմակերպության կենտրոնակայանը գտնվում է Հոլանդիայում, այնտեղ ունենք նաև կենտրոն, որտեղ հնարավոր է կազմակերպել վարժընթացներ ապագա մասնագետների համար։ Պատրաստ ենք վարժընթացներ անցկացնել նաև դատաբժշկական փորձագետների համար»,- ասաց մեր զրուցակիցը։
Կլեյզերը հայտնեց, որ մի քանի անգամ այցելել է նաև Ադրբեջան և հավաստիացրեց, որ Ադրբեջանում կան ազդակներ՝ նշված խնդրի շրջանակում համագործակցել հայկական կողմի հետ։
«Ադրբեջանում ևս կայացել է միջազգային համաժողով տվյալ թեմայով։ Համագործակցությունը հնարավոր է, և առաջին քայլերից մեկը կարող է լինել տվյալների հավաքագրման համակարգի ներդնումը Հայաստանում, որի միջոցով հնարավոր կլինի իրականացնել տեղեկությունների ու տվյալների փոխանակում։ Կարող են ձևավորվել նաև համատեղ հանձնախմբեր, որպեսզի միասնական ջանքերով իրականացնեն դաշտային աշխատանքներ, հատկապես այն վայրերում, որտեղ անհայտ կորել են մարդիկ։ Համատեղ թիմեր կարող են կազմել նաև առանձին գերատեսչությունները միջազգային կազմակերպությունների միջնորդությամբ։ Օրինակ՝ Բալկանյան թերակղզում Սերբիայի և Խորվաթիայի դատախազները ձևավորեցին համատեղ հանձնախումբ, որն այցելեց երկու երկրներ»,- մանրամասնեց Կլեյզերը։
Նրա տեղեկացմամբ՝ Անհայտ կորած անձանց հարցերով միջազգային հանձնաժողովը երևանյան համաժողովից հետո կունենա քննարկում՝ անդրադառնալով այն առաջարկներին, որոնք ներկայացվել են ՀՀ իշխանություններին։
«Մենք արդեն ստացել ենք ֆինանսական միջոցներ մեր դոնորների կողմից և պատրաստ ենք իրականացնել մեր ծրագրերը Հայաստանում, ուստի հաջորդիվ միասին կքննարկենք մեր հետագա քայլերը»,- եզրափակեց Կլեյզերը։