Մեկնարկել է Սի Ծինփին-Դոնալդ Թրամփ հանդիպումը

3 րոպեի ընթերցում

Շենժենում անցկացվող Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում մեկնարկել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երկկողմ հանդիպումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:

Սի Ծինփինը հայտարարել է, որ մտադիր է շարունակել Թրամփի հետ համագործակցությունը՝ երկու երկրների հարաբերությունները «ճիշտ ուղու վրա» պահելու նպատակով։

Նրա խոսքով՝ Չինաստանի և ԱՄՆ-ի երկկողմ հարաբերությունները կայուն են և շարունակում են բարելավվել։

«Մենք ձևավորել ենք չին-ամերիկյան կառուցողական ռազմավարական կայունության հարաբերությունների նոր սահմանում՝ հաղորդելով դրանց նոր բովանդակություն՝ հիմնված հարգանքի, արդարության և փոխադարձության վրա», - ասել է Սի Ծինփինը։

Թրամփն իր հերթին հայտարարել է, որ Չինաստանը և ԱՄՆ-ն ցանկանում են օգնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի դադարեցման գործում։

«Ես կցանկանայի, որ այն ավարտվեր։ Կարծում եմ՝ կարող եմ երկուսիս անունից դա ասել», - նշել է Թրամփի Սիի հետ հանդիպմանը։

Թրամփը նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Չինաստանն իրենց հարաբերությունները դարձրել են արդար: «Մենք հենց դա ենք ցանկանում», - նշել է նա։

Թրամփը Սի Ծինփինին անվանել է իր ընկերը՝ նշելով, որ իրենք «շատ յուրահատուկ» հարաբերություններ ունեն։

«Աշխարհում ոչ ոք, ոչ մի այլ վայրում չի կարող անել այն, ինչ կարող ենք անել մենք», - հայտարարել է Թրամփը։

ԱՄՆ նախագահը նաև նշել է, որ Առևտրի խորհուրդն «ավելի մեծ հավասարակշռություն է բերել» ԱՄՆ-ի և Չինաստանի միջև առևտրային հարաբերություններում։

Թրամփն ու Սի Ծինփինը Առևտրի խորհրդի ստեղծման մասին համաձայնության էին եկել մայիսի կեսերին Պեկինում կայացած գագաթնաժողովի ընթացքում։

«Չինաստանի հետ նախկին հարաբերությունները խիստ անհավասարակշիռ էին», - Սի Ծինփինի հետ հանդիպմանը հայտարարել է Թրամփը՝ քննադատելով ԱՄՆ նախկին ղեկավարներին։

«Մենք մաքսատուրքերը բաժանել ենք և դրանք կրճատել բավականին արդարացի ձևով», - հավելել է նա։

Reuters-ը նշում է, որ երկու երկրների պաշտոնյաների խոսքով՝ նախաձեռնության շրջանակում նախատեսվում է յուրաքանչյուր կողմից առանձնացնել շուրջ 30 միլիարդ դոլարի ապրանքներ, որոնք կներառվեն երկկողմ առևտրում՝ առանց ազգային անվտանգության հետ կապված կարմիր գծերը հատելու։ Այդ ապրանքների համար կարող են սահմանվել մաքսատուրքերի հնարավոր նվազեցումներ։ ԱՄՆ-ի և Չինաստանի պաշտոնյաները նոյեմբերի 13-ին անցկացրել են Առևտրի խորհրդի առաջին պաշտոնական նիստը։

Նոյեմբերի 19-ին ավելի ուշ սպասվում է ԱՄՆ-ի, Չինաստանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հանդիպումը։

Միացյալ Նահանգներ

Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Թրամփ հանդիպումից

Հայերեն English