Նարե Իսախանյանը կատարեց իր խոստումն ու հասավ նշանակալի հաջողության՝ նվաճելով Եվրոպայի փոխչեմպիոնի կոչումը
6 րոպեի ընթերցում
Նարե Իսախանյանը դարձել է շախմատի Եվրոպայի մինչև 12 տարեկան աղջիկների առաջնության փոխչեմպիոն՝ նվաճելով արծաթե մեդալ։ Հեղինակավոր մրցաշարն անցկացվեց Հունաստանի Կրետե կղզում, 2026 թվականի նոյեմբերի 3-12-ը։
Նարե Իսախանյանը դեռ երկու տարի առաջ, երբ դարձել էր Հայաստանի կրկնակի չեմպիոն, «Արմենպրես»-ի հետ հարցազրույցի ժամանակ նշեց, որ ցանկանում է մեծ նվաճումների հասնել նաև միջազգային ասպարեզում։ Նա կատարեց իր խոստումը, և ինչպես մարզիչներն են վկայում, Նարեն ապագայում կարող է ավելի մեծ արդյունքներ գրանցել։
Մեզ հետ զրույցում Հայաստանի արդեն եռակի չեմպիոն (8,10,12 տարեկանների խմբերում) և Եվրոպայի փոխչեմպիոն Նարե Իսախանյանն անդրադարձավ Հունաստանում կայացած մրցաշարին և հայտնեց, որ հանգամանորեն նախապատրաստվել էր Եվրոպայի առաջնությանը։
«Մրցաշարից երկու ամիս առաջ, երբ արդեն որոշվեց իմ մասնակցության հարցը, մարզիչներիս հետ սկսեցինք ավելի ինտենսիվորեն նախապատրաստվել։ Շաբաթվա ընթացքում վեց անգամ մարզվում էինք 2,5 ժամով, վերլուծում շախմատային պարտիաներ առցանց տարբերակով։ Անցկացնում էի պարտիաներ հասակակիցներիս հետ, լուծում շախմատային տարբեր խնդիրներ։ Հավաքում էինք նաև տեղեկություններ ապագա հնարավոր մրցակիցների մասին՝ վերլուծելով նրանց պարտիաները։ Իսկ արդեն առաջնության ընթացքում գործում էի ինքնավստահ, առանց լարվածության»,- նշեց Նարեն։
Նա Հունաստանում անցկացրեց ինը պարտիա, հաղթեց յոթում, մեկում պարտվեց, մեկն էլ ավարտեց ոչ-ոքի արդյունքով։ 9 հնարավորից վաստակելով 7,5 միավոր՝ նա առաջատարին զիջեց կես միավորով և գրավեց երկրորդ տեղը։
«Նախապես գիտեի իմ հիմնական մրցակիցներին, ճանաչում էի նախորդ մրցաշարերից։ Նրանք Լեհաստանի, Ֆրանսիայի, Ռումինիայի, Իտալիայի և Անգլիայի ներկայացուցիչներն էին։ Հետևում էի նրանց պարտիաներին։ Մրցաշարի ամենավճռական փուլում մրցեցի Լեհաստանի ներկայացուցչի հետ։ Սկզբում ամեն ինչ լավ էր ընթանում, բայց պարտիայի միջնամասում մի պահ կորցրի զգոնությունը և զիջեցի առավելությունը, իսկ անգլիացի մրցակցի հետ պարտիան ավարտեցի խաղաղ արդյունքով։ Մնացած բոլոր հակառակորդներին հաղթեցի»,- ասաց մեր զրուցակիցը։
Նարեն արդեն պատրաստվում է հաջորդ մրցաշարերին։ Դեկտեմբերին կայանալու է Երևանի շախմատի բաց առաջնությունը, իսկ գալիք տարի նախանշված են Եվրոպայի ու աշխարհի առաջնություններն ավելի բարձր տարիքային խմբում։
Նարեի մարզիչ, ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Մանուկյանը նշեց, որ իր սանը Եվրոպայի առաջնությունում շատ վստահ հանդես եկավ։
«Նարեն առաջատարների խմբում էր հենց մրցաշարի մեկնարկից։ Սակայն ընթացքում մի փոքր զիջեց։ Պարտիաներից մեկում ուներ հաղթած դրություն, սակայն բաց թողեց առավելությունը և խաղն ավարտեց ոչ-ոքի արդյունքով։ Հաջորդ մրցափուլում շատ կարևոր պարտիա էր ապագա չեմպիոնի հետ։ Ցավոք, այդ պարտիան մեզ համար հաջող ընթացք չունեցավ, բայց դրանից հետո Նարեն հավաքվեց, ցույց տվեց կամային հատկանիշներ, առավելության հասավ մնացած բոլոր պարտիաներում և արժանիորեն զբաղեցրեց երկրորդ տեղը։ Նա այնպիսի խաղ էր ցուցադրում, որ իսկապես հնարավոր էր նվաճել նաև չեմպիոնի կոչումը։ Նարեն աչքի ընկավ շատ գրագետ, հասուն խաղով»,- ասաց Մանուկյանը։
Նրա խոսքով՝ իր սանը հոգեպես բավականին ամուր է, ունի մեծ ներուժ։ Մարզիչն անկեղծորեն հավատում է, որ նրան մեծ ապագա է սպասվում, անպայման կդառնա Եվրոպայի չեմպիոն։
«Միայն պետք է լավ աշխատել, նա շատ օժտված երեխա է։ Նրա հաջողության մեջ մեծ դեր ունեն նաև մյուս մարզիչները՝ միջազգային գրոսմայստեր Արթուր Չիբուխչյանը և միջազգային վարպետ Վահագն Խաչատրյանը։ Երեքով համատեղ աջակցեցինք Նարեին և համոզված ենք, որ ապագայում նա կհասնի ավելի մեծ բարձունքների։ Աղջիկների շախմատը բավականին տարբերվում է, նրանք շատ էմոցիոնալ են, սակայն Նարեի մոտ կամային որակները շատ բարձր են։ Տարիքի հետ նա ավելի հասունացել է, դարձել փորձառու, ինչի մասին վկայում են նրա արդյունքները։ 12 տարեկանում միջազգային ասպարեզում նման հաջողության հասնելն արդեն իսկ մեծ քայլ է։ Նարեն աշխատասիրության շնորհիվ ապագայում կարող է համալրել մեր կանանց ազգային հավաքականի կազմը։ Միայն պետք է քրտնաջան աշխատել և չբավարարվել ձեռք բերածով։ Նարեի պարագայում ուժեղ գրոսմայստեր դառնալու բոլոր նախադրյալներն առկա են»,- ասաց մարզիչը։
Եվրոպայի նորընծա փոխչեմպիոնը, բնականաբար, բոլորից շատ ուրախացրել է ծնողներին ու հարազատներին։
«Հինգ տարի առաջ սկսված այս ճանապարհը պարզապես շախմատի ճանապարհ չէր։ Այն հավատքի, համբերության, նվիրումի և մեծ երազանքի ճանապարհ էր։ Ճանապարհ, որի ամեն մի քայլի մեջ դրված է եղել աշխատանք, սեր ու անսահման հավատ սեփական ուժերի նկատմամբ։ Մեր խորին շնորհակալությունն ենք ուզում հայտնել բոլոր նրանց, ովքեր այս հինգ տարիների ընթացքում եղել են մեր կողքին։ Մարզիչներին՝ իրենց գիտելիքի, համբերության, նվիրումի և անսահման աշխատանքի համար։ Բոլոր նրանց, ովքեր հավատացել են մեր աղջկան, աջակցել ու ոգևորել: Եվ ամենակարևորը՝ շնորհակալ ենք մեր աղջկան։ Քո աշխատասիրության, կամքի ուժի, համառության, քո երազանքներին հավատարիմ մնալու և մեզ սովորեցնելու համար, որ մեծ արդյունքների հասնում են նրանք, ովքեր հավատում են ու ամեն օր աշխատում իրենց երազանքի համար»,- ասաց Նարեի հայրը՝ Գևորգ Իսախանյանը։
Նա վստահ է, որ եթե Նարեի պես շախմատիստներն արժանանան ավելի շատ խրախուսանքի ու պետական ավելի մեծ աջակցության, ապա կհասնեն ավելի նշանակալի արդյունքների։