Դատախազությունը երկու դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն է խնդրել ԲԴԽ-ից
2 րոպեի ընթերցում
Հայաստանի Հանրապետության դատախազությունը դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ նրանց լիազորությունների իրականացման կապակցությամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու համար երկու միջնորդություն է ներկայացրել Բարձրագույն դատական խորհուրդ։
«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից հաստատեցին երկու միջնորդություն ներկայացնելու փաստը՝ չհրապարակելով դատավորների անուններն ու միջնորդությունների բովանդակությունը։
««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 161-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա՝ 2 դատավորի լիազորությունների իրականացման կապակցությամբ նրանց նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցով Դատախազությունը 2 միջնորդություն է ներկայացրել Բարձրագույն դատական խորհուրդ։ Նախաքննության գաղտնիությունը, դատական իշխանության ու դատավորի հեղինակությունը պահպանելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ միջնորդության բովանդակությունը և դատավորին անհատականացնող տվյալները հրապարակման ենթակա չեն»,- հայտնել են դատախազությունից։
«Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ գործընթացի հիմքում պաշտոնեական լիազորությունների ենթադրյալ չարաշահման վերաբերյալ տեղեկություններ են։
Ըստ հրապարակման՝ խոսքը որոշ անձանց նկատմամբ կայացված դատական որոշումների մասին է, որոնց արդյունքում վերջիններս հնարավորություն են ստացել անարգել լքելու Հայաստանը։
Լրատվականը նաև հայտնել է, որ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալուց հետո նախատեսվում է բարձրացնել դատավորների կալանավորման հարցը։