Մոսկվայում ստորագրվել է Ռուս-հայկական համալսարանի կառավարման խորհրդի կանոնակարգը

5 րոպեի ընթերցում

Ռուսաստանի Դաշնություն կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարար Վալերի Ֆալկովի հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։

ԿԳՄՍ նախարարը շնորհակալություն է հայտնել Ռուսաստան-Հայաստան գիտակրթական երկրորդ համաժողովին մասնակցելու հրավերի համար՝ ընդգծելով, որ միջոցառումը ներառվել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի օրակարգում։

Կողմերն անդրադարձել են Ռուս-հայկական համալսարանի դերին՝ որպես միջպետական կարևոր կրթական և գիտական հաստատության։

Հանդիպման շրջանակում ստորագրվել է Ռուս-հայկական համալսարանի կառավարման խորհրդի կանոնակարգը։

Որպես համագործակցության ուղղություններ՝ պաշտոնյաները քննարկել են ռուսական և հայկական գիտական կազմակերպությունների ու համալսարանների մասնակցությունը ՌՀՀ բազայի վրա իրականացվող համատեղ հետազոտական և կրթական նախագծերին։

Անդրադարձ է եղել նաև Ռուս-հայկական համալսարանի գիտահետազոտական ստորաբաժանումը Հայաստանում ձևավորվող Ակադեմիական քաղաքի ենթակառուցվածքում ինտեգրելու հնարավորությանը։ 

Նշվել է, որ 2027 թվականին լրանում է Ռուս-հայկական համալսարանի հիմնադրման 30-ամյակը, որի շրջանակում կիրականացվեն հոբելյանական միջոցառումներ՝ երկու երկրների ղեկավարության, կրթական և գիտական համայնքների ներկայացուցիչների մասնակցությամբ։

ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարար Վալերի Ֆալկովի հետ երկկողմ  հանդիպումից հետո ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը մասնակցել է Ռուսաստան-Հայաստան կրթական երկրորդ համաժողովին, որտեղ  հանդես եկել ելույթի խոսքով։

Ընդգծելով, որ տեխնոլոգիական արագ փոփոխությունների և աշխատաշուկայի վերափոխման պայմաններում կրթական համակարգերի առջև ծառացած խնդիրները շատ առումներով ընդհանուր են՝ Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է այս ուղղությամբ ՀՀ պետական քաղաքականության առաջնահերթությունները։

«Հայաստանի Հանրապետությունում կրթության և գիտության զարգացումը դիտարկվում է որպես երկրի կայուն զարգացման և մարդկային ներուժի ամրապնդման կարևորագույն նախապայման։ Առաջնահերթությունների շարքում են կրթության որակի և հասանելիության բարձրացումը, կրթական մոտեցումների արդիականացումը, հետազոտական ենթակառուցվածքների զարգացումը, գիտական կադրերի աջակցությունը, ինչպես նաև գիտության կապի ամրապնդումը նորարարությունների և տնտեսության հետ»,- նշել է նախարարը՝ որպես կարևոր  բարեփոխումներ հիշատակելով վերջին երկու տարիներին ընդունված  «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» և «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքները, որոնք ձևավորում են զարգացման նոր հիմքեր։  

Նախարարը շեշտել է, որ առանձնակի կարևորվում են միջազգային գիտակրթական գործընկերության զարգացումը,  փորձի փոխանակումը, համատեղ հետազոտությունները և մասնագիտական կապերի ընդլայնումը, համատեղ հետազոտական նախագծերը, երիտասարդ գիտնականների աջակցությունը։

«Հայաստանի համար կարևոր է, որ կրթության և գիտության ոլորտներում միջազգային  համագործակցությունը նպաստի մարդկային կապիտալի զարգացմանը, հետազոտական ներուժի ամրապնդմանը և երիտասարդ սերնդի համար նոր հնարավորությունների ստեղծմանը։ Մենք շահագրգռված ենք ռուսաստանցի գործընկերների հետ մասնագիտական կապերի հետագա ընդլայնմամբ, համատեղ կրթական ծրագրերի, գիտական նախագծերի և ակադեմիական փոխանակումների զարգացմամբ»,-  ասել է նախարարը՝ ընդգծելով  թվային տնտեսության համար կադրերի պատրաստման և արհեստական բանականության զարգացման ուղղությամբ համագործակցությունը։

Նա նաև շեշտել է, որ կրթության  հումանիտար առաքելության մասին՝ նշելով, որ առանձնահատուկ նշանակություն ունի լեզվի և մշակույթի ոլորտներում համագործակցությունը՝ որպես  երկկողմ փոխըմբռնման ամուր հիմք։

Հայերեն English

Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը

Դատախազությունը երկու դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն է խնդրել ԲԴԽ-ից

Մոսկվայում ստորագրվել է Ռուս-հայկական համալսարանի կառավարման խորհրդի կանոնակարգը

Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են տեխնոլոգիական ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Շատ մոտ ենք Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և սահմանները լիարժեք բացելու քայլին․ Փաշինյան

Եվրամիության հետ հարաբերություններում մենք մեզ շատ հարմարավետ ենք զգում. Փաշինյան

Վարչապետի գնահատմամբ՝ Բաքվում հայ գերիների առկայությունը թշնամանքի մթնոլորտի արտացոլումն է

Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերին երեք անգամ կմեկնի Ռուսաստան բանակցությունների համար

Երևանում կրթական էքսպոյի շրջանակում պարգևատրվել են բիզնես օլիմպիադայի լավագույն մասնակիցները

Ստորագրվել է Հայաստան-Ռուսաստան 2027–2029 թթ. մշակույթի ոլորտում համագործակցության ծրագիրը