8 րոպեի ընթերցում
ԱՆՈՆՍ
13 նոյեմբեր, 2026
Պետական կառույցներ
Ժամը 12։00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Աբովյան 9) տեղի կունենա Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրեն, ինֆեկցիոն հիվանդությունների գծով ՀՀ առողջապահության նախարարի խորհրդատու Արմեն Օհանյանի, Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի գործողությունների ստանդարտ ընթացակարգերի մասնագետ Քնարիկ Սարգսյանի, բժիշկ-թոքաբան, ԵՊԲՀ ներքին հիվանդությունների ամբիոնի դասախոս Էռնա Մելքոնյանի ասուլիսը: Թեմա. Թոքաբորբի դեմ պայքարի համաշխարհային օր. հիվանդացության միտումները, կանխարգելիչ միջոցառումներն ու ծրագրերը։
Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ
Ժամը 09։30-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում (Բաղրամյան 40, Մանուկյան սրահ) կմեկնարկի «Ձայներ՝ ընդդեմ մոռացության. զանգվածային ոճրագործությունների զոհերն անպատժելիության դարաշրջանում» ամենամյա 5-րդ միջազգային համաժողովը: Այն անդրադառնում է աշխարհի տարբեր տարածաշրջաններում, ներառյալ՝ Լեռնային Ղարաբաղում, Գազայում և այլուր պատերազմների ու մարդկության դեմ ուղղված այլ ոճրագործությունների զոհերի իրավունքներին, խաղաղաշինության բանակցություններում նրանց առանցքային դեր հատկացնելուն: Կազմակերպիչ՝ Ճշմարտության և արդարադատության կենտրոն (CFTJ), ԱՄՆ: Համաժողովին կմասնակցեն վերապրածներ, տուժողների ներկայացուցիչներ, իրավաբաններ, հոգեբաններ, քաղաքականություն մշակողներ, գիտնականներ և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ 17 երկրներից: Համաժողովի ընթացքում նախատեսված է նաև թվային ցուցադրություն, նորարարական VR ցուցադրություն, գրքի շնորհանդես: +374 99 20 70 10:
Ժամը 10։15-ին «Ալեքսանդր» հյուրանոցի «Դվին» սրահում (Աբովյան 3/4) ԱՊՀ ՄԽՎ ժողովրդավարության զարգացման միջազգային ինստիտուտի երևանյան մասնաճյուղը կազմակերպում է «կուսակցությունը՝ որպես ժողովրդավարական հասարակությունում ժողովրդի քաղաքական կամքի ձեւավորման եւ արտահայտման սուբյեկտ» խորագրով միջազգային կոնֆերանս: Կոնֆերանսին կմասնակցեն ՀՀ ազգային ժողովի պատգամավորներ, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի, Սահմանադրական դատարանի, ՀՀ և ԱՊՀ մասնակից պետությունների գիտական հաստատությունների ու ԱՊՀ ՄԽՎ քարտուղարության ներկայացուցիչներ: 094 425953:
Ժամը 18։00-ին Խնկո Ապոր անվան գրադարանում «Ֆակտում» փաստագրական կենտրոնը եւ Հայ ազգային կոնգրեսը հրավիրում են գրադարան՝ նշելու Վանո Սիրադեղյանի ծննդյան 80-ամյակը։ Միջոցառման ընթացքում կցուցադրվի հայ-լեհական համատեղ արտադրության «Կաթնեղբայր» կարճամետրաժ ֆիլմը, որի գրական հիմքը Սիրադեղյանի «Գառ ախպերիկ» պատմվածքն է։ Ռեժիսոր Վահրամ Մխիթարյան։ Ֆիլմը մասնակցել է միջազգային հեղինակավոր փառատոների եւ արժանացել բարձր պարգեւների։
Ժամը 19։00-ին «Նաիրի» կինոթատրոնում կկայանա «World Education Fair 2026»-ի պաշտոնական հանդիսավոր բացումը: Պաշտոնական ողջույնի եւ բացման խոսք՝ London Eye միջազգային ուսումնական կենտրոնի գործադիր տնօրեն Սերգեյ Քոչարյան: Պատվավոր հյուրի ելույթ՝ ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոս: Մշակութային ծրագիր և կրթության ոլորտում միջազգային համագործակցությունը խորհրդանշող արարողություն։ Միջոցառումը մեկ հարկի տակ կհամախմբի պատվավոր հյուրերի, դիվանագիտական ներկայացուցչությունների, պետական կառույցների և միջազգային կրթական կազմակերպությունների ներկայացուցիչների։ London Eye ITC Administration, +374 77 501 580:
ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ
Ժամը 14։00-ին Սերո Խանզադյանի անվան թիվ 184 ավագ դպրոցի մարզադահլիճում /Գուսան Շերամի փողոց 31ա/ «ԱրմԴրոն համայնք» կրթական, սպորտային ՀԿ-ն նոյեմբերի 13–15-ը Երևանում կանցկացնի «Mini Whoop Drone Racing 2026» միջազգային FPV դրոնների մրցարշավը՝ MultiGP ստանդարտներով։ Միջոցառման նպատակն է նպաստել Հայաստանում անօդաչու թռչող սարքերի ոլորտի և տեխնոլոգիական սպորտի զարգացմանը, խթանել նորարարական տեխնոլոգիաների կիրառումը և ամրապնդել տարածաշրջանային համագործակցությունը՝ համախմբելով տարբեր մակարդակի օպերատորների։ Մրցարշավը կանցկացվի երեք փուլով: Մրցույթի գլխավոր տեխնոլոգիական գործընկերն է Ucom-ը։ +374 77 25 86 85:
Մշակույթ
Ժամը 12։00-ին Հայաստանի ազգային պատկերասրահում կկայանա «Պատմական դռներ» հուշադրամների շարքի առաջին՝ «Սևանավանք» արծաթե հուշադրամի շնորհանդեսը։ Հուշադրամը նվիրված է Սևանավանքի Սուրբ Առաքելոց եկեղեցու՝ 1486 թվականին պատրաստված փորագրազարդ պատմական դռանը։ Միջոցառումը կանցկացվի Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» կտավի և դրանում պատկերված պատմական դռան համատեղ ցուցադրության շրջանակում՝ խորհրդանշելով հայկական մշակութային ժառանգության պահպանման և հանրահռչակման կարևորությունը։ ՀՀ ԿԲ, +374 10 592 592 (0702):
Ժամը 13։00-ին Հայաստանի ազգային գրադարանի մեծ դահլիճում (Երևան, Տերյան 72) տեղի կունենա գրադարանի հրատարակած երեք արժեքավոր մատենագիտական աշխատությունների շնորհանդեսը։ Նոր հրատարակություններն ընդգրկում են հայ գրականության, գրատպության պատմության և մատենագիտական ժառանգության ուսումնասիրության կարևոր ուղղություններ՝ գիտական շրջանառության մեջ դնելով արժեքավոր տեղեկություններ և հետազոտական նյութեր։ Շնորհանդեսի բանախոսներ՝ Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն, բանասիրական գիտությունների թեկնածու, գրականագիտության դոցենտ, «Նորահայտ անուններ. Պրակ Բ» աշխատության գլխավոր խմբագիր Աննա Չուլյան, Կալիֆոռնիայի համալսարանի (UCLA) Նարեկացու անվան հայագիտության ամբիոնի վարիչ, հայագետ, պրոֆեսոր, «Նորահայտ անուններ. Պրակ Բ» աշխատության գիտական խմբագիր Ս.Փիթեր Քաուի (S. Peter Cowe), բանասիրական գիտությունների թեկնածու, գրականագետ, «Հովհաննես Թումանյան. Մատենագիտություն. 1969» աշխատության գլխավոր խմբագիր և առաջաբանի հեղինակ Անի Եղիազարյան, Հայաստանի ազգային գրադարանի տնօրենի գիտական գծով տեղակալ, երեք հրատարակությունների պատասխանատու խմբագիր Հայկանուշ Ղազարյան։ Հայաստանի ազգային գրադարանի հանրային կապերի բաժին, 033 62 35 13:
Ժամը 14։00-ին ՀԳՄ կլոր սրահում կկայանա միջոցառում՝ «Հիշատակի օր. Վանո Սիրադեղյան»:
Ժամը 15։00-ին Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում /Արամի 1/ տեղի կունենա նկարչուհի, լուսանկարիչ և քանդակագործ Լուիզա Գրագատի Հակոբյանի «Հայ ձեռագրային զարդանկարչություն» գրքի շնորհանդեսը։ Լուիզա Հակոբյանը Global Armenian Summit 2026-ի շրջանակում Հայաստան ժամանած Ֆրանսիայի պատվիրակության անդամ է, Ֆրանսիայի սփյուռքի դեսպան, ODARIF կազմակերպության մշակույթի գծով դեսպանուհի՝ Պրովանս-Ալպեր-Լազուրե ափ տարածաշրջանում, ինչպես նաև Մարսելի Մարտիրոս Սարյանի անվան արվեստի դպրոցի տնօրեն։ +374 93243249: