2 րոպեի ընթերցում
Հոդվածը հրապարակվում է «Արմենպրես»-ի և BTA-ի միջև ստորագրված համաձայնագրի շրջանակում։
Բուլղարական ռազմածովային հետազոտական «Սուրբ Կիրիլ և Մեթոդիոս» (RSV 421) նավը նոյեմբերի 12-ին դուրս է եկել Անթալիայի նավահանգստից՝ շարունակելու իր ուղևորությունը դեպի Անտարկտիդա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Բուլղարիայի ազգային լրատվական գործակալությունը (BTA)։
RSV 421 նավն Անթալիա էր ժամանել նոյեմբերի 8-ին՝ մասնակցելու ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովին (COP31):
Նոյեմբերի 10-ին նավի վրա տեղի է ունեցել գիտական քննարկում՝ նվիրված Անտարկտիկայի տարածաշրջանում միջազգային համագործակցությանը։ Քննարկմանը մասնակցել են բուլղարացի և օտարերկրյա գիտնականներ ու փորձագետներ, ինչպես նաև ներկայացուցիչներ Նիկոլա Վապցարովի անվան ռազմածովային ակադեմիայից, Սոֆիայի համալսարանից, Բուլղարիայի անտարկտիկական ինստիտուտից, Թուրքիայի բևեռային ծրագրից և Եվրոպական բևեռային խորհրդից։
Նոյեմբերի 4-ին RSV 421 նավը Վառնայից ուղղություն է վերցրել դեպի Անտարկտիդա՝ իրականացնելու իր հինգերորդ նավարկությունը՝ որպես Բուլղարական 35-րդ անտարկտիկական արշավախմբի մաս։
Վառնայի նավահանգստի ուղևորային տերմինալում տեղի է ունեցել նավի ճամփորդությանը նվիրված զինվորական հանդիսավոր արարողություն։