2 րոպեի ընթերցում
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դրական է գնահատել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումը, որը տեղի է ունեցել նոյեմբերի 11-ին, Թուրքիայի Անթալիա քաղաքում՝ COP31 համաժողովի շրջանակներում։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այդ մասին ասել է TRT World հեռուստաալիքի հետ զրույցում՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ փուլում է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։
«Այսօր մենք շատ դրական հանդիպում ունեցանք նախագահ Էրդողանի հետ, մենք շատ դրական երկխոսություն ունեցանք և ակնկալում ենք առաջիկայում մեր հարաբերությունների զարգացում»,- ասել է Փաշինյանը։
Հարցին, թե կարևորո՞ւմ է Հայաստանի և Թուրքիայի գործընկերությունը տարածաշրջանային փոխկապակցվածության տեսանկյունից, Փաշինյանը դրական պատասխան է տվել.
«Այո, իհարկե, հիմա մենք պետք է վերանորոգենք մեր երկրների միջև երկաթուղին և բացենք։ Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ»։
Անթալիայում COP31-ի շրջանակում նոյեմբերի 11-ին տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։ ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրության համաձայն՝ զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին և ընդգծել են այն առաջ մղելու և տրամաբանական ավարտին հասցնելու կարևորությունը: Այդ առումով, կողմերը կարևորել են մինչ այժմ իրականացված միջոցառումները և ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչպես նաև առևտրատնտեսական հարաբերությունների հետագա խթանումը: Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային գործընթացների շուրջ: Նիկոլ Փաշինյանը և Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդգծել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման փաստը՝ նշելով, որ այն նոր ազդակ է հաղորդել տարածաշրջանային համագործակցության զարգացմանը։ Անդրադարձ է կատարվել նաև հաղորդուղիների ապաշրջափակմանը, այդ թվում՝ TRIPP նախագծի իրականացմանը միտված քայլերին: