Պորտուգալիան պատրաստվում է «Չարլզ» փոթորիկին. երկրում հայտարարվել է եղանակային վտանգի ամենաբարձր մակարդակ
1 րոպեի ընթերցում
Պորտուգալիայում նոյեմբերի 11-ին կփակվեն դպրոցներն ու որոշ պետական հաստատություններ՝ «Չարլզ» փոթորկի մոտենալու պատճառով։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, այս մասին հայտնում են եվրոպական լրատվամիջոցները։
Երկրում հայտարարվել է եղանակային վտանգի ամենաբարձր՝ կարմիր մակարդակը, որը կգործի նոյեմբերի 11-ի ժամը 00։00-ից մինչև 23։59-ը՝ տեղական ժամանակով։
Պորտուգալիայի ներքին գործերի նախարար Լուիշ Նևեշը քաղաքացիներին հորդորել է հնարավորության դեպքում խուսափել տանից դուրս գալուց։ Նա նախազգուշացրել է, որ երկրին, ամենայն հավանականությամբ, սպասվում է արտակարգ օր՝ հավելելով, որ արտակարգ իրավիճակների ծառայություններն ու զինված ուժերը բերվել են պատրաստության բարձր աստիճանի։
Օդերևութաբանների կանխատեսմամբ՝ նոյեմբերի 11-ին սպասվում են հորդառատ անձրևներ, ամպրոպներ և քամու ուժգնացում։ Քամու արագությունը կարող է հասնել մինչև 150 կմ/ժ-ի։
Տեղի բնակիչները նախազգուշացվել են ջրհեղեղների, սողանքների, շինությունների փլուզման և ծառերի տապալման վտանգի մասին։