3 րոպեի ընթերցում
Քաղաքացիությունը պետք է ենթադրի ոչ միայն պետության տրամադրած իրավունքներ և արտոնություններ, այլև քաղաքացու պարտավորություններ պետության նկատմամբ։ Քաղաքացիություն ստանալու պայմանների խստացումը Հայաստան–սփյուռք հարաբերություններում անջրպետ չի առաջացնի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2027 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումների ընթացքում այս մասին ասել է սփյուռքի հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցերին։
Խաչատրյանը հետաքրքրվել է՝ արդյոք քաղաքացիություն ստանալը Հայաստանում բնակվելու պահանջի հետ կապելը չի թուլացնի Հայաստանի և սփյուռքի կապը։ Պատգամավորը շեշտել է, որ քաղաքացիությունն ինքնին ավելի ամուր կապ է ստեղծում մարդու և պետության միջև։
Սինանյանը պատասխանել է, որ համաձայն է պայմանների խստացման և այդ հարցում վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտեցումների հետ։
«Միանշանակ ես համաձայն եմ խստացման հետ և վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտեցումների հետ, որովհետև համարում եմ, որ քաղաքացիությունը պետք է իր մեջ պարունակի ոչ միայն արտոնություններ պետության կողմից, այլ պարտականություն՝ քաղաքացիների կողմից։ Երբ որ դու քաղաքացիություն ես տալիս մարդկանց, բնականորեն որպես պետություն պետք է ակնկալես, որ այդ մարդիկ պետք է ինչ-որ պարտավորություն ունենան պետության նկատմամբ»,- ասել է գլխավոր հանձնակատարը։
Նա նշել է, որ պետությունը պետք է հստակեցնի իր հարաբերությունները քաղաքացիություն ստանալու ցանկություն ունեցող անձանց հետ՝ հասկանալով նաև նրանց մասնակցությունը երկրի կյանքին։
Խաչատրյանը հակադարձել է, որ իր հարցը վերաբերում է հենց քաղաքացիություն ձեռք բերելու պայմաններին։ Նա մտահոգություն է հայտնել, որ գործընթացի բարդացումը կարող է թուլացնել Հայաստան–սփյուռք կապը։
«Ակնհայտ է, չէ՞, քաղաքացիությունը էլ ավելի է կապում։ Հիմա քաղաքացիություն ստանալը դուք բարդացնում եք։ Եթե դուք դա բարդացնում եք, դրանով Հայաստան–սփյուռք կապն ավելի բարդանում է, ավելի թուլանում է կապը»,- ասել է պատգամավորը։
Արձագանքելով՝ Սինանյանը նշել է, որ օրենսդրական տեխնիկական մանրամասներն իր գործունեության ոլորտին չեն վերաբերում, սակայն ինքը պաշտպանում է առաջարկվող քաղաքականության սկզբունքը։ Նա ընդգծել է, որ ազգությամբ հայերի համար մյուս դիմողների համեմատ արտոնյալ պայմաններ պահպանվում են։
«Արտոնյալ կարգավիճակը պահպանվում է հայերի համար, բայց, այնուամենայնիվ, պետությունը քաղաքացիություն չի բաժանում կոնֆետի պես, այլ ասում է՝ եթե դու իմ քաղաքացին ես դառնում, ես ակնկալում եմ, որ դրա դիմաց ինչ-որ պարտավորվածություններ կլինեն»,- ասել է Սինանյանը։