Շաքիի դեպքով մեղադրվող ադրբեջանցի զինծառայողը սպանելու դիտավորություն չի ունեցել․ ՔԿ նախագահ

2 րոպեի ընթերցում

Շաքիի դեպքով կալանավորված ադրբեջանցի զինծառայողը հարցաքննվել է և ցուցմունքներ տվել՝ ներկայացնելով իր անցած ճանապարհն ու դեպքի հանգամանքները։ Քննությամբ ձեռք բերված փաստերի գնահատմամբ՝ նա սպանելու դիտավորություն չի ունեցել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը՝ նոյեմբերի 3-ին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում։

Պողոսյանը հրաժարվել է հրապարակել ցուցմունքների մանրամասները՝ վկայակոչելով նախաքննական գաղտնիքի պահպանման անհրաժեշտությունը։

«Հարցաքննվել է, ցուցմունք է տվել։ Չեմ կարող բացահայտել հարցաքննության բովանդակությունը։ Բայց կարող եմ մատնանշել, որ ցուցմունքներ տվել է, մատնանշել է վայրը, դեպքը, տեղանքը, ինչպես է եկել՝ ամբողջը մատնանշել է»,- ասել է ՔԿ նախագահը։

Լրագրողի՝ կրակելու պատճառների վերաբերյալ հարցին Պողոսյանն արձագանքել է. «Միայն կարող եմ ասել այսքանը, որ սպանելու դիտավորություն չի ունեցել»։

ՔԿ նախագահն ընդգծել է, որ այդ գնահատականը հիմնված է դեպքի փաստական հանգամանքների վրա։

Նրա ներկայացմամբ՝ ադրբեջանցի զինծառայողին մեղսագրվում են առողջությանը ծանր վնաս պատճառելը, ազատությունից ապօրինի զրկելը, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելը, գողությունը և սահմանն ապօրինի հատելը։ Պողոսյանը նաև նշել է, որ նախաքննությունն առաջիկայում կավարտվի։

Նա հայտնել է, որ դեպքի վերաբերյալ նոյեմբերի 5-ին Ազգային ժողովում նախատեսվում է փակ հանդիպում, որի ընթացքում հնարավոր կլինի համապատասխան ձևաչափով ներկայացնել տեղեկությունները։

Հոկտեմբերի 1-ին ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևն ապօրինի մուտք էր գործել Սիսիան համայնքի Շաքի բնակավայրի տներից մեկը և հայտնաբերվելուց հետո կրակոցներ արձակել։ Վիրավորվել էր 1987 թվականին ծնված ՀՀ քաղաքացի։ Մարմնական վնասվածքներով բուժօգնության էին դիմել նաև նրա երկու երեխաները․ մեկի մոտ արձանագրվել էր աջ դաստակի կոտրվածք, մյուսի մոտ՝ փափուկ հյուսվածքների սալջարդ։ Հոկտեմբերի 2-ին ՔԿ-ից հայտնել էին, որ Մուսաևը կալանավորվել է երկու ամսով։

 

Հայերեն Русский