2 րոպեի ընթերցում
Քննչական կոմիտեի ստորաբաժանումներին հանձնարարվել է ուսումնասիրել դեռ 1990-ականներից կատարված սպանությունների գործերը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2027 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումների ընթացքում այս մասին հայտնել է ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հարցին, որը հիշատակել է տարիներ առաջ կատարված սպանությունների գործերով վերջին բացահայտումները՝ հետաքրքրվելով համակարգի արդյունավետությունը բարձրացնելու հնարավորություններով։
ՔԿ նախագահի խոսքով՝ աշխատանքը շարունակական է և վերաբերում է հազարավոր քրեական վարույթների։
Պողոսյանի ներկայացմամբ՝ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ որոշ գործերում դեռ սկզբից առկա ապացույցները հնարավորություն էին տալիս պարզելու հանցագործությանը մասնակցած անձանց։
«Ոչ թե մենք բացահայտել ենք այդ քրեական վարույթները․ հենց ի սկզբանե ապացուցողական զանգվածն այնպիսին է եղել, որ այդ քրեական վարույթները բացահայտված են։ Մենք նոր հայտնագործություն չենք կատարել, այդ գործն ի սկզբանե բացահայտված է եղել։ Մենք ընդամենը որոշակի հիմքեր ենք ստեղծել՝ իրավական առումով»,- հայտարարել է ՔԿ նախագահը։
Նա պարզաբանել է, որ որոշ անձանց նկատմամբ նախկինում քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումներ են կայացվել։ Այժմ քայլեր են ձեռնարկվել այդ որոշումները վերացնելու և քրեական հետապնդումը շարունակելու ուղղությամբ։
Պողոսյանն անդրադարձել է նաև տվյալ գործերով նախկինում աշխատած քննիչների, դատախազների և վերադաս պաշտոնատար անձանց հնարավոր պատասխանատվությանը՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու կամ պաշտոնեական անգործության համատեքստում։
ՔԿ նախագահի խոսքով՝ ուսումնասիրության առարկա են նաև հանրային հնչեղություն ունեցող գործեր, որոնց հանգուցալուծմանը հանրությունը տարիներ շարունակ սպասել է։