Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք-շինություն

5 րոպեի ընթերցում

Դատախազի միջնորդագրերի կատարման արդյունքում, 2025 թվականի դեկտեմբերից առ այսօր, Սևանա լճի ափամերձ՝ բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել (քանդվել) է ապօրինի կառուցված 238 շենք-շինություն, «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից լուծվել (դադարեցվել) է 2 պայմանագիր:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից, հիշեցնելով՝ Դատախազությունը 2025 թվականի դեկտեմբերի 11-ին հայտարարել էր, որ մեկնարկել են Սևանա լճի ափամերձ տարածքներում՝ բացարձակ նիշից ցածր հողամասերում ապօրինի կառուցված շենք-շինությունների ապամոնտաժման աշխատանքները:

Դատախազի միջնորդագրերի հիման վրա, ի թիվս այլնի, ապամոնտաժվել են՝

  • ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին փաստացի պատկանող առանձնատան՝ բացարձակ նիշից ցածր հատվածում գտնվող պարիսպները և թեքահարթակը։
  • ՀՀ Ազգային ժողովի նախկին նախագահ Սամվել Նիկոյանի որդու կողմից ապօրինի կառուցված առանձնատունը։
  • ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանի եղբոր կողմից ապօրինի կառուցված քոթեջը։
  • Գեղարքունիքի նախկին մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի որդու՝ Կարեն Ռաֆիկի Գրիգորյանի կողմից ապօրինի կառուցված քոթեջը։
  • ՀՀ ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատան՝ բացարձակ նիշից ցածր հատվածում գտնվող պարիսպը, բետոնե հենապատերը, թեքահարթակը և այլ շինություններ (Դատախազությունը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցով, ի թիվս այլնի, պահանջում է Վլադիմիր Գասպարյանից ու նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել այս առանձնատունը):
  • Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատան պարիսպը։
  • Գագիկ Ծառուկյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատան պարիսպը։

Վերոնշյալ միջնորդագրերից բացի, Դատախազության կողմից դատարան են ներկայացվել հայցեր, որոնք, ի թիվս այլոց, վերաբերում են. 

  • Ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատանը (Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի 1-ին փողոց 97 հասցե)։
  • «Մուլտի գրուպ» կոնցեռն ՍՊԸ-ի ապօրինի տիրապետության ներքո գտնվող բնակելի տների ու շենք-շինություններին։
  • «Հարսնաքար» հյուրանոցի վարչական համալիրին (Սևան քաղաքի Երևանյան խճուղի 50 հասցե), «Հարսնաքար» հյուրանոցի քոթեջներին (Սևան քաղաքի Երևանյան խճուղի 48/6 հասցե)։
  • Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատանը (Սևան քաղաքի Հանգստի գոտի 3-րդ փողոց 38 հասցե)։
  • ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատանը (Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի 1-ին փողոցի 71 հասցե)։
  • «Կապավոր» ՍՊ ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արման Հակոբջանյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատանը (Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի 1-ին փողոց 88 հասցե):

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության և Գեղարքունիքի մարզի դատախազության կողմից պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակներում կատարված ուսումնասիրությունների արդյունքում, հանցագործության մասին հաղորդումներ են ուղարկվել նախաքննական մարմիններ, նախաձեռնվել են քրեական վարույթներ:

«Ի պատասխան քաղաքացիների այն մտահոգության, թե «ինչո՞ւ եք ապամոնտաժում շենքը, եթե այն կարելի է տալ սոցիալապես անապահով ընտանիքներին», տեղեկացնենք, որ Սևանա լճի 1905.0 մետր բացարձակ նիշից ցածր տարածքները հանդիսանում են ջրածածկման ենթակա և ափամերձ պահպանության գոտի։

 Կառավարության՝ 2008 թվականի դեկտեմբերի 18-ի 1563-Ն որոշմամբ սահմանված է, որ Սևանա լճի մակարդակի բարձրացման հետևանքով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ջրածածկման և ողողման ենթակա տարածքները ներառում են «Սևան» ազգային պարկի լճի ջրային սահմանից մինչև 1905.0 մետր բացարձակ նիշը»,– ասված է կառույցի տարածած հաղորդագրության մեջ։ 

Հայերեն