Բեմ, որտեղ հաղթահարվում են վախերն ու կարծրատիպերը. «Արև» թատրոնի նոր ներկայացումը

6 րոպեի ընթերցում

Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում հոկտեմբերի 25-ին տեղի է ունեցել «Արև-երեխաներ» ՀԿ-ի «Արև» թատրոնի «Ջելսոմինոն և խաբեբաների աշխարհը» ներկայացումը։ Դաունի համախտանիշ ունեցող երեխաների և երիտասարդների մասնակցությամբ ներկայացումը համախմբել էր կազմակերպության բարեկամներին ու աջակիցներին։ Ներկա էր նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։

«Արև» թատրոնը հիմնադրվել է 2019 թվականին «Արև-երեխաներ» ՀԿ-ի նախաձեռնությամբ։ Հասարակական կազմակերպության հիմնադիր, Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի հրավերով թատրոնի գեղարվեստական ղեկավարն է դարձել դերասանուհի Արևիկ Յայլոյանը։ Թատրոնի նպատակն է արտթերապիայի, արվեստի միջոցով նպաստել երեխաների ստեղծագործական ինքնադրսևորմանը, հանրության հետ հաղորդակցությանն ու սոցիալական ներառմանը։

«Արև» թատրոնի սաների անկեղծ ու անմիջական խաղն արժանացավ դահլիճի ջերմ ընդունելությանն ու երկար  ծափողջույններին:

Իտալացի գրող Ջաննի Ռոդարիի հեքիաթի հիման վրա ստեղծված բեմադրությունը խորհրդանշական անդրադարձ էր մարդու ներաշխարհում ընթացող պայքարին, կասկածների ու վախերի հաղթահարմանն ու ստեղծագործական ուժի վերհանմանը։ Ներկայացման գաղափարական շերտերի և բեմադրության ստեղծագործական մտահղացման մասին խոսեց «Արև» թատրոնի գեղարվեստական ղեկավար և ռեժիսոր Արևիկ Յայլոյանը. «Ցանկանում էի, որ այս բեմադրությունն իր մեջ կրի թերապևտիկ տարր և ներկայացնի մարդու մեջ տեղի ունեցող ամենօրյա պայքարը, որը նկատելի չէ արտաքին աշխարհին, թերևս մարդն էլ այն երբեմն չի նկատում»։

Նրա խոսքով՝ մարդու կասկածներն ու վախերը կարող են միահյուսվել արտաքին աշխարհից եկող անվստահությանն ու քննադատությանը՝ աստիճանաբար սահմանափակելով սեփական կարողությունների հանդեպ հավատը և խոչընդոտելով ստեղծագործելու ազատությանը։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ներկայացման ավարտին ողջունել է երեխաներին ու հանդիսատեսին՝ ընդգծելով մարդկանց առանձնահատկությունների հանդեպ հարգանքի և բազմազանության ընդունման կարևորությունը.

«Կիրակի երեկոն հաճելի ձևաչափով անցկացրինք՝ շնորհիվ «Արև» թատրոնի դերասանական կազմի։ Շնորհակալություն եմ հայտնում նախ Տեր Գրիգորին, որ իր կարևոր առաքելությամբ շատերի կյանքերն է փոխել՝ նպաստելով, որ հասարակական միջավայրը փոխի իր ընկալումները մարդկանց առանձնահատկությունների հանդեպ։ Իրականում բոլորս ենք առանձնահատուկ և նման չենք միմյանց։ Կարևոր է, որ հասարակական միջավայրում իրականություն դարձնենք փոփոխությունների ընկալումը՝ նկատի ունենալով մեր առանձնահատկությունները, հարգենք ու սիրենք միմյանց, այսինքն՝ սիրենք բազմազանությունը»։

Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ, «Արև-երեխաներ» ՀԿ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել «Արև» թատրոնի գեղարվեստական ղեկավար և ռեժիսոր Արևիկ Յայլոյանին, թատրոնի սաներին ու նրանց ծնողներին՝ կարևորելով նրանց նվիրվածությունն ու համատեղ աշխատանքի արդյունքը.

«Տասը տարի առաջ ոչ ոք չէր հավատա կամ պատկերացնի, որ Դաունի համախտանիշով երեխաները, բեմ դուրս գալով, հանդես կգան թատերական ներկայացմամբ։ Այսօր դա իրականություն է, ինչը կրկին փաստում է, որ նրանք կարող են։ Վստահաբար նրանց ավելի մեծ բեմերում կտեսնենք»,– ասել է Տեր Հայրը։

«Արև» թատրոնի սաներն իրենց բեմական ներկայությամբ ևս մեկ անգամ ապացուցեցին, որ ստեղծագործական ներուժը սահմաններ չի ճանաչում, իսկ հասարակության իրական առաջընթացը սկսվում է յուրաքանչյուր մարդու առանձնահատկությունները հարգելուց, նրա հնարավորություններին հավատալուց և ինքնադրսևորվելու համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելուց:

«Ջելսոմինոն և խաբեբաների աշխարհը» ներկայացումը «Արև» թատրոնի թվով չորրորդ ներկայացնում է։  Մինչ այդ թատերախումբը ներկայացել է  Չարլզ Դիքենսի «Սուրբ ծննդյան երգը», Գրիմ եղբայրների «Բրեմենյան երաժիշտները» և Ալեքսեյ Տոլստոյի «Ոսկե բանալի կամ Բուրատինոյի արկածները» ստեղծագործությունների բեմադրություններություններով։

«Արև» թատրոնի գործունեությունը Դաունի համախտանիշ ունեցող երեխաներին ու երիտասարդներին հնարավորություն է տալիս մասնակցելու մշակութային կյանքին և հանդիսատեսի առջև հանդես գալու որպես ստեղծագործողներ։

Բեմը «Արև-երեխաներ» ՀԿ-ի համար սեփական կարողությունները բացահայտելու հնարավորություն է, իսկ հանրության համար հանդիպման ու ճանաչման տարածք՝ օգնելով կոտրել Դաունի համախտանիշ ունեցող մարդկանց հնարավորությունների մասին կարծրատիպերը և հասկանալ, որ նրանք կարող են։

Հայերեն

COP17-ի արդյունքներն առավել տեսանելի կլինեն առաջիկա երկու տարիներին. Սիմոն Պապյան

Սևան քաղաքի բակային և հանրային տարածքների բարեկարգումը կշարունակվի 2027 թվականին

Ֆլեյտայի երևանյան միջազգային փառատոնն ընդլայնում է աշխարհագրությունը. այն կհյուրընկալի մասնակիցների աշխարհի 16 քաղաքից

Ուկրաինայի տարածքով Եվրոպա գազի մատակարարումների վերսկսումն առայժմ անհնար է. Պեսկով

Մեծ Մասրիկի մանկապարտեզում բարելավվել են երեխաների կրթության և խնամքի պայմանները

Կդադարեցվի Չարենցի 91 հասցեին հարակից հատվածը Սարալանջի շրջանցիկ ճանապարհին միացնող ճանապարհատվածների երթևեկությունը

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանի ճեպազրույցը

Գավառում տեղի է ունեցել «Հարսանեկան ավանդույթը Նոր Բայազետում» խորագրով միջոցառում

Գագարին գյուղի Գայի փողոցի ասֆալտապատման աշխատանքներն ավարտվել են

Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը