Երևանում ջրի խնդիրը կապված է ենթակառուցվածքների մաշվածության հետ․ Տիգրան Խաչատրյանի պարզաբանումը
2 րոպեի ընթերցում
Երևանում մեծ ծավալի ջրի կորուստ է լինում ենթակառուցվածքների մաշվածության պատճառով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտնել է Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հայկ Ֆարմանյանը փոխվարչապետից հետաքրքրվել է, թե ի՞նչ նորություն կա Հրազդան քաղաքի հարակից բնակավայրերից դեպի Երևան խոստացված ջրագծի կառուցման հետ կապված։ Ընդդիմադիր պատգամավորի պնդմամբ՝ չորս տարի առաջ Ջրային կոմիտեի նախագահն իր հետ զրույցում խոստացել էր, որ նման ջրագիծ կկառուցվի։
«Խնդիրը չի սահմանափակվում Երևան ջրի լրացուցիչ ծավալ բերելով։ Մենք ունենք ավելի խորքային խնդիր, ինչի շուրջ կառավարությունը «Վեոլիա Ջուր» ընկերության հետ երեք տարի ամենօրյա ռեժիմով աշխատում է։ Խնդիրը կապված է կորուստների կրճատման հետ։ Երևանում բավականաչափ մեծ ծավալի ջուր ունենք, բայց ենթակառուցվածքների մաշվածության պատճառով կորուստները շատ են։ Ենթակառուցվածքները մաշված են, որովհետև դեռևս 2016 թվականին, երբ ջրամատակարարման համակարգը տրվում էր «Վեոլիա Ջուր» ընկերությանը, հստակ չեն նախատեսվել այն մեխանիզմները, որոնց միջոցով պետք է ներդրումներ կատարվեին։
Ենթակառուցվածքները պատշաճ վիճակի բերելու համար տարեկան ներդրվող 3,5-4 միլիարդ դրամը բավարար գումար չէ։ Մենք փորձում ենք անել ամեն ինչ, որպեսզի առնվազն ամենահրատապ ներդրումները կատարվեն։
Մենք ունենք ազատ ջրային ռեսուրսներ, որոնք գտնվում են Հրազդանում։ Երկփուլ եղանակով նախատեսում ենք ներդրումներ իրականացնել։ Առաջին փուլում Երևան կբերվի 10 միլիոն խորանարդ մետր լրացուցիչ ծավալի ջուր։ Ներդրումների շարունակականության արդյունքում կապահովվի ևս 20 միլիոն խորանարդ մետր ծավալի ջուր։ Այս աշխատանքները կմեկնարկեն 2027 թվականին»,- ասել է Տիգրան Խաչատրյանը։