Աստրիդ Շոմաքերը բնության պահպանության գործում կարևորել է ամբողջ հասարակության ներգրավվածությունը
2 րոպեի ընթերցում
Կենսաբազմազանության պահպանության համաշխարհային թիրախների իրականացումը պահանջում է ոչ միայն կառավարությունների որոշումներ, այլև ամբողջ հասարակության մասնակցություն՝ ֆինանսական հատվածից մինչև տեղական համայնքներ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին COP17-ի շրջանակում հրավիրված ասուլիսում ասել է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շոմաքերը՝ պատասխանելով հարցին, թե ինչն է լավատեսություն ներշնչում հանձնառությունների և իրական արդյունքների միջև բացի պայմաններում։
Շոմաքերի խոսքով՝ դրական ազդակ է այն, որ երկրները պատասխանատվություն են ստանձնում իրենց նախկին հանձնառությունների համար և քննարկում գլոբալ գնահատմամբ բացահայտված խնդիրները։
«Երկրները պատասխանատվություն են ստանձնում չորս տարի առաջ իրենց հանձնառածի նկատմամբ և հիմա արդեն խոսում են այն բացերի մասին ու աշխատում են այն բացերի ուղղությամբ, որոնք գլոբալ վերանայումը վեր է հանել։ Փորձում են ծածկել այս խզվածքը, ինչը բոլոր կողմերի ընդհանուր ցանկությունն է»,– նշել է Շոմաքերը։
Նա կարևորել է կենսաբազմազանության հարցերի ներառումը պետական որոշումներում, անհրաժեշտ ֆինանսավորման ապահովումը և տարբեր գործընկերների համախմբումը։
Շոմաքերն առանձնացրել է կանանց ու երիտասարդների մասնակցությունը, ինչպես նաև բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների դերը՝ ընդգծելով բնության հետ ներդաշնակ ապրելու նրանց գիտելիքի ու փորձի նշանակությունը։
«Ի վերջո, մենք պիտի իմանանք, որ հաջողությունը կապահովի համահասարակական մոբիլիզացիան»,– ասել է կոնվենցիայի գործադիր քարտուղարը։
Նրա գնահատմամբ՝ տարբեր երկրներում առկա գործնական լուծումներն ու բազմակողմ համագործակցությունը հնարավորություն են տալիս ընդլայնել արդյունավետ փորձը և արագացնել կենսաբազմազանության պահպանության գործողությունները։