1 րոպեի ընթերցում
Սևանա լճի կենսաբազմազանության պահպանության և հարակից համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման համատեղման հնարավորություններն են քննարկվել ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` պանելային քննարկումը կայացել է Կապույտ գոտում՝ Հայաստանի տաղավարում, և միավորել ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, Ջրային կոմիտեի, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության, Ասիական զարգացման բանկի և Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) ներկայացուցիչներին:
Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել Սևանա լճի էկոհամակարգի վերականգնմանը, ջրային ռեսուրսների կայուն կառավարմանը, կեղտաջրերի մաքրման ենթակառուցվածքների բարելավմանը և միջազգային համագործակցության առաջնահերթություններին։
Ընդգծվել է լճի կենսաբազմազանության պահպանությանն ուղղված համատեղ ջանքերի, նպատակային ներդրումների և երկարաժամկետ միջոցառումների կարևորությունը՝ միաժամանակ ապահովելով հարակից համայնքների կայուն զարգացումը։
Քննարկումը կազմակերպվել է EU4Sevan+ ծրագրի շրջանակում, որը համաֆինանսավորվում է Գերմանիայի կառավարության և Եվրոպական միության միջոցներով և իրականացվում GIZ-ի կողմից։