Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը
2 րոպեի ընթերցում
Տեղեկությունը, թե Լեհաստանը դադարեցրել է ռազմական օգնությունն Ուկրաինային՝ Լվովի մարզային խորհրդի կողմից 2027 թվականն «Ուկրաինական ապստամբական բանակի» (ՈՒԱԲ) տարի հռչակելու որոշումից հետո, իրականությանը չի համապատասխանում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Euronews-ը, այդ մասին հայտնել Լեհաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Յանուշ Սեյմեյը։
Լվովի մարզային խորհուրդը քվեարկությունն անցկացրել է հենց այն ժամանակ, երբ Լեհաստանը պատրաստվում էր Ուկրաինա ուղարկել լայնածավալ ռազմական օգնություն։
Լեհաստանի արտաքին գործերի փոխնախարար Մարչին Բոսացկին իր հերթին հայտնել է, որ Կիևի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, ըստ որի՝ վիճահարույց որոշումն ուժի մեջ չի մտնի։ Նա նշել է, որ Վարշավայի միջամտությունից հետո վիճահարույց որոշումը հանվել է Լվովի մարզային խորհրդի կայքից։
«Մենք հավատում ենք ուկրաինական իշխանությունների խոսքին և ակնկալում ենք, որ այդ խոստումները կկատարվեն», - ընդգծել է Բոսացկին։
Վերոհիշյալ որոշումը լայն քննադատության արժանացավ Լեհաստանում, որտեղ ՈւԱԲ-ը և նրա հրամանատար Ռոման Շուխևիչը պատասխանատու են համարվում Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Վոլինում լեհերի զանգվածային սպանությունների համար։