Կանաչ ստանդարտներ ու մարզական կենտրոններ. Նազիկ Ավդալյանը COP17-ի շրջանակում խոսել է նոր նախագծի մասին
7 րոպեի ընթերցում
COP17-ի շրջանակում համաժողովի կանաչ գոտում, որը տեղակայված է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, անցկացվել է «Կանաչ ստանդարտները մարզական կառույցների շինարարության և շահագործման մեջ» քննարկումը:
Քննարկման հիմնական առարկայի մասին «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, «Նազիկ Ավդալյան» սպորտի զարգացման հիմնադրամի հիմնադիր տնօրեն Նազիկ Ավդալյանի հետ:
-Քննարկման վերնագիրը շատ բանի մասին է խոսում, սակայն կխնդրեմ մանրամասնել, թե ինչ ասել է կանաչ ստանդարտ և որքանով այն իրապես կարող է դերակատարություն ունենալ սպորտային կառույցների թե՛ շինարարության, թե՛ հետագայում նաև շահագործման գործում:
-Քննարկման ժամանակ հիմնականում խոսվեց մարզակրթական կենտրոնի մասին, որը նախատեսվում է կառուցվել և նախագծման փուլում։ Շատ եմ կարևորում նաև այդ հարցում կանաչ ստանդարտները, քանի որ, ցավոք, որքան զարգանում են տեխնոլոգիաները և տեխնիկան, այնքան մենք հեռանում ենք բնությունից։ Կամաց-կամաց պետք է մտածել այնպես անել, որ բնությանը հնարավորինս քիչ վնաս տրվի, և ես շատ ուրախ եմ, որ NAV մարզակրթական կենտրոնը հենց սկզբից կառուցվում է կանաչ ստանդարտներին համապատասխան և շատ կարևոր է, որ այն հնարավորինս քիչ է վնասում կենսաբազմազանությանը։ Դա նաև ազդելու է այն երեխաների մտածելակերպի և արժեհամակարգի վրա, որոնք մարզվելու են այդտեղ։ Կարծում եմ, որ հենց այդպիսի կառույցների առկայությունը բարձրացնում է ազգային վարկանիշը՝ որպես կայուն զարգացման ուղղի ընտրած երկիր:
-Շատերս ենք հետևել Ձեր մարզական կարիերային։ Ձեր հաջողությունների, նվաճումների մեջ մեծ դերակատարություն ունեն ոչ միայն համառությունը, աշխատասիրությունը, այլև հոգատար մարզիչները և մարզական դպրոցները: Կուզեի իմանա՝լ՝ արդյոք ա՞յս հանգամանքներն են նպաստել, որպեսզի ծնվի մարզական կենտրոնի ստեղծման գաղափարը։
-Ապրել եմ այնպիսի կյանք, որն ինձ համար կարևոր է, թանկ է։ Չէի ուզենա՝ դա հենց այնպես անցներ և մնար միայն ինձ համար և գրվեր որպես հաղթանակ։ Այդ ցանկությունը, երազանքն իմ մեջ ձևավորվեցին այն ժամանակ, երբ շփվեցի մարզերում ապրող երեխաների հետ։ Հասկացա, թե ինչ հզոր պոտենցիալ ունենք մարզերում, և՛ ֆիզիկապես, և՛ մտավոր առումով հրաշալի երեխաներ կան, որոնց պարզապես պետք է հնարավորություն տալ: Որպես խոսնակ հաճախ եմ հանդես եկել դպրոցներում, մարզադպրոցներում, երեխաների հետ հանդիպումներ էի ունենում և անընդհատ մտածում էի նրանց մասին։ Մտածում էի, որ այդ հանդիպումներն այնքան էլ արդյունավետ չեն. մենք գնում ենք դպրոցներ, մոտիվացնում ենք երեխաներին, բայց նրանք չունեն համապատասխան պայմաններ, ուստի նորից վերադառնում են իրենց առօրյային, ապրելակերպին։ Իմ երազանքը դարձավ նպատակ և ստեղծեցի հիմնադրամ, որի նպատակն է մարզերում ստեղծել մարզակրթական կենտրոններ, մարզադպրոցներ և երեխաներին տալ հնարավորություն զբաղվել սպորտով։
Եթե իրականություն դառնան այն մարզակրթական կենտրոնները, որոնք ես եմ պատկերացնում, մի քանի տարի հետո Հայաստանը կդառնա աշխարհի գերհզոր պետություններից մեկը սպորտում:
-Հույս ունեմ՝ այդպես էլ կլինի, և հենց Ձեզ նման վառ անհատականությունները մեծ նպաստ կարող են բերել դրան:
-Այդ նպատակի և իմ երազանքի իրականացման ճանապարհին մենակ չեմ: Իմ կողքին են մարզիկները, իմ կողքին են ֆեդերացիան, երկիրը, համախոհները, մարդիկ, որոնք թվում էին, որ սպորտի հետ կապ չունեն, բայց իրենց ներդրումն են ունենում այդ գործում։
-Որքանով տեղեկացված եմ քննարկմանը մասնակցել են նաև միջազգային տարբեր գործընկերներ։ Կուզեի իմանալ, թե ինչ ակնկալիքներ ունեիք նրանցից և ինչ արձագանք ստացաք։
-Լինելով մարզիկ՝ լսել եմ կանաչ ստանդարտների մասին, բայց ամբողջական պատկերացում կազմելը բարդ է։ Այդ ժամանակ օգնության են գալիս մասնագետները, որոնց հետ քննարկում ես, հասկանում ես՝ իրապես ուր է տանում այդ ամենը, և ես շատ ուրախ եմ, որ ծանոթացել եմ այն միջազգային մասնագետների հետ, որոնց մասնակցությամբ անցավ քննարկումը։ Շատ կառուցողական հանդիպում էր։ Եվս մեկ անգամ համոզվեցինք այս ամենի անհրաժեշտության մեջ և թե որքան կարևոր է այսպիսի կառույցների առկայությունը երկրում:
-Ի՞նչ քայլեր պետք է արվեն նախագծի իրականացման համար։
-Նախագիծն իրականացվում է պետական աջակցությամբ։ Նախատեսում ենք ոչ միայն Արթիկի շրջանում կենտրոն հիմնել, այլև այլ տարածքներում։ Տեսնենք, թե ինչպես կստացվի: Հետազոտություններն ընթացքի մեջ են, անընդհատ նոր բաներ ես լսում, անընդհատ քննարկումներ են արվում։ Հնարավոր է՝ այլ մարզում ավելի արագ ստացվի։ Աշխատանքներն ամենօրյա են, անընդհատ նոր մարդիկ ու նոր մասնագետներ են միանում այս գաղափարին:
-Չեմ կարող չանդրադառնալ նաև Ձեր մասին նկարահանված ֆիլմին։ Այնտեղ շատ տպավորիչ դրվագ կա, երբ Ձեր կյանքի ամենակարևոր պահին եկեղեցում հիշում եք ծանրաձողի մասին։ Ի վերջո մարզիկ ծնվո՞ւմ են, թե՞ աշխատասիրությունն է հանգեցնում այն արդյունքին, որն ունեք:
-Կարծում եմ՝ մարզիկ ծնվում են, բայց ոչ բոլորն են դառնում, քանի որ դրա համար պետք են հնարավորություններ, պետք են համապատասխան պայմաններ և մարդիկ, որոնք կուղղորդեն քեզ։ Ես ունեցա այդ մարդկանց իմ կողքին։ Ֆիլմում շատ կարևոր մեսիջ կար, որը փոխանցվեց։ Այն է՝ եթե ուզում ես հաջողության հասնել, պետք է անմնացորդ սիրես ու նվիրվես քո աշխատանքին, ինչը ես եմ արել։ Ծանրաձողի, իմ մարզաձևի նկատմամբ շատ մեծ հարգանք ու սեր եմ ունեցել: Նույնն էլ ունեմ այն գործի ու առաքելության նկատմամբ, որը հիմա անում եմ: Հենց այդ ճանապարհն է ինձ բերել այն դաշտ, որում եմ։ Երբեք իմ հաղթանակները չեմ համարել վերջնակետ, միշտ մտածել եմ, թե հետո ինչին են ծառայելու այդ հաղթանակները: Միշտ տվել եմ ինձ այդ հարցը։ Այդ ճանապարհն ինձ բերեց ավելի կարևոր առաքելության և պատասխանատվության։
-Շնորհակալ եմ, Նազիկ մեր հրավերն ընդունելու համար։
-Սիրով։