Ենթակառուցվածքների տեղակայման վայրերը դեռ որոշված չեն. Միրզոյանը՝ ԹՐԻՓՓ-ի երթուղիների մասին

8 րոպեի ընթերցում

ԹՐԻՓՓ նախագծի շրջանակում նախատեսվող ենթակառուցվածքների տեղակայման վայրերը դեռ որոշված չեն, հետևաբար այս փուլում հնարավոր չէ նշել նաև դրանց համար տրամադրվելիք տարածքների հստակ չափերը։ Մեղրիի երկաթուղու հնարավոր ուղին և գազամուղի կամ նավթամուղի երթուղիները պարտադիր չէ, որ համընկնեն։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի հարցերին։

Պատգամավորը հետաքրքրվել է, թե համաձայնագրով նախատեսված փոխադարձ առավելությունները որքանով են մանրամասն ամրագրված փաստաթղթերում, արդյոք նույն կարգավորումները տարածվելու են նաև Երասխի ուղղությամբ հաղորդակցության վրա, և որտեղ են տեղակայվելու նախագծի տարբեր ենթակառուցվածքները։

«Մենք խոսում ենք ԹՐԻՓՓ-ի շրջանակներում երկաթուղու մասին, ճանապարհի մասին, գազամուղ, նավթամուղ, էլեկտրական հաղորդակցության ենթակառուցվածքներ։ Այս բոլորը մի տե՞ղ են տեղակայված լինելու, թե՞ ցրված են ամբողջ Սյունիքով, օրինակ, կամ այլ տեղերով։ Սրանից բխում է հետևյալ հարցը՝ լայնությունն ինչքա՞ն է ԹՐԻՓՓ-ի։ Երբ խոսում ենք ԹՐԻՓՓ-ի մասին, երկարությունը գիտենք, լայնությունն ինչքա՞ն է․ կարո՞ղ ենք հասկանալ՝ ի՞նչ տարածքի մասին ենք խոսում»,-հարցրել է Վարդանյանը։

Արարատ Միրզոյանը պատասխանել է, որ Մեղրիի երկաթուղու պարագայում տեղանքի ֆիզիկական առանձնահատկությունները մեծ ընտրություն չեն թողնում․ խոսքը գետի և ժայռերի միջև ընկած նեղ հատվածի մասին է, որտեղ նախկինում էլ երկաթուղի է գործել։ Սակայն նա կասկած է հայտնել, որ նույն տեղանքում հնարավոր կլինի տեղավորել նաև նավթամուղն ու գազամուղը։

Նախարարը նաև ընդգծել է, որ այլ ենթակառուցվածքները պարտադիր չէ սահմանափակվեն Սյունիքով․ որպես ենթադրական օրինակ նա նշել է Հայաստանի հյուսիսով նավթամուղի անցնելու հնարավորությունը։ Միաժամանակ շեշտել է, որ այդ տեղակայման վայրերը դեռ որոշված չեն։

Վարդանյանը պարզաբանել է, որ տարածքի չափերի վերաբերյալ հարցը կապված է ապագա ընկերությանը տրամադրվելիք հողօգտագործման իրավունքների հետ։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է հասկանալ, թե ինչ տարածքներ են նախատեսվում տրամադրել, հատկապես եթե տարբեր ենթակառուցվածքներ անցնելու են տարբեր վայրերով։

Պատասխանելով Վարդանյանին՝ Միրզոյանը նշել է, որ զարգացման ընկերությունը դեռ հիմնադրված չէ, և չկան ընկերության՝ Հայաստանի կողմից հաստատված որոշումներ՝ ենթակառուցվածքների հստակ կոորդինատներով։ Ըստ նրա՝ նույնիսկ եթե երկաթուղու հնարավոր տեղադրությունը մոտավորապես հասկանալի է, դա դեռ բավարար չէ տրամադրվելիք տարածքի չափը ներկայացնելու համար։

Նախարարը հայտնել է, որ հողօգտագործման իրավունքներն ու վերաբերելի փաստաթղթերը կհրապարակվեն, և ավելի հստակ որոշումների առկայության դեպքում հնարավոր կլինի մանրամասն քննարկել նաև տարածքների չափերը։

Անդրադառնալով փոխադարձ առավելություններին՝ Միրզոյանը նշել է, որ ինչպես Ադրբեջանը Հայաստանի տարածքով կապվելու հնարավորություն կունենա Նախիջևանի ու երրորդ երկրների հետ, այնպես էլ Հայաստանը հնարավորություն կստանա Ադրբեջանի տարածքն ու ենթակառուցվածքներն օգտագործել ներպետական հաղորդակցության և երրորդ երկրների հետ կապի համար։ Որպես օրինակ նա նշել է Երասխից Մեղրի երկաթուղային հաղորդակցությունը։

Վարդանյանը նաև հարցրել է, թե ինչ անհրաժեշտությունից է առաջացել սահմանային սպասարկման «ֆրոնտ օֆիս-բեք օֆիս» մոդելը, եթե Հայաստանի ինքնիշխանությունն ու իրավազորությունն ամբողջությամբ պահպանվում են։

Միրզոյանի խոսքով՝ մոդելի նպատակը ուղևորների և բեռների անցումն արագացնելն ու սպասարկումը հեշտացնելն է։ Նա նշել է նաև հակամարտությունից հետո պահպանվող հոգեբանական զգայունությունը․ սկզբնական շրջանում Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիների համար մյուս երկրի պետական մարմինների աշխատակիցների հետ անմիջական շփումը կարող է որոշակի բարդություններ առաջացնել։

Նախարարը միաժամանակ շեշտել է, որ դա մոդելի անհրաժեշտությունը բացատրող գործոններից միայն մեկն է։ Նրա խոսքով՝ ժամանակակից սարքավորումներն ու թվային լուծումները հնարավորություն են տալիս միաժամանակ բարելավել վերահսկողությունը և նվազեցնել ֆիզիկական շփման անհրաժեշտությունը։

Միրզոյանն ընդգծել է, որ անկախ անմիջական սպասարկումն իրականացնող օպերատորից կամ կիրառվող տեխնիկական լուծումից՝ որոշումները կայացվելու են Հայաստանի համապատասխան պետական ծառայության կողմից։

«Որոշումների կայացումը կատարվում է «բեք օֆիսում»։ «Բեք օֆիսում»՝ հետևի սենյակում, Հայաստանի Հանրապետության համապատասխան ծառայության պաշտոնյան կամ աշխատակիցը կայացնելու է որոշում՝ ընդհուպ մինչև, եթե լինի անհրաժեշտություն, միջամտություն։ Այդպիսի դեպքեր էլ կարող են լինել ցանկացած սահմանային անցման պարագայում»,-պարզաբանել է նախարարը։

Նա հավելել է, որ այս պահին մոդելի ավելի մանրամասն տեխնիկական նկարագրություն չկա՝ փաստաթղթերում ներկայացվածից բացի։

Վարդանյանի՝ հատուկ ռեժիմի վերաբերյալ հարցադրմանն անդրադառնալիս Միրզոյանը պնդել է, որ փաստաթղթով նման ռեժիմ չի սահմանվում, և համապատասխան տարածքներում պահպանվում են Հայաստանի ամբողջական ինքնիշխանությունն ու իրավազորությունը։

Քննարկման ընթացքում պատգամավորը նաև հետաքրքրվել է, թե նախատեսվո՞ւմ են արդյոք կանգառներ․ հնարավոր կլինի՞ Հայաստանի տարածքում միանալ երկաթուղուն՝ որպես ուղևոր կամ բեռնափոխադրող, թե՞ փոխադրումները կատարվելու են միայն Հայաստանի արևելքից արևմուտք՝ առանց կանգառների։

Միրզոյանը նշել է, որ կանգառների հարցն առայժմ որևէ կերպ չի քննարկվել կամ արտացոլվել, սակայն նախագծի գաղափարից ելնելով՝ ներկայացրել է դրանց անհրաժեշտության հնարավոր օրինակներ։

Նրա խոսքով՝ Հայաստանը կարող է իր բեռները երկաթուղով ուղարկել Նախիջևանի ուղղությամբ, այնտեղից՝ Երասխ կամ Իրանի հետ երկաթուղային կապով շարունակել փոխադրումները։ Մյուս ուղղությամբ հնարավոր կլինի Ադրբեջանի միջոցով կապվել Կենտրոնական Ասիայի, Չինաստանի, ինչպես նաև այլ երկրների հետ՝ կախված բեռից և տնտեսական նպատակահարմարությունից։

Նախարարը Հայաստանի համար պատմական հնարավորություն է համարել Իրանի հետ երկաթուղային կապ ունենալու հեռանկարը։

Նախարարը նշել է, որ սահմանային անցումները հեշտացնելու աշխատանքը չի սահմանափակվում Ադրբեջանի ուղղությամբ․ Հայաստանը նման գործընթացներ իրականացնում է նաև Վրաստանի և Իրանի հետ։

«Մենք սա միայն Ադրբեջանի հետ չենք անում․ մենք հեշտացնում ենք, դյուրացնում ենք մեր անցումները Վրաստանի հետ, մենք հեշտացնում ենք մեր անցումները Իրանի Իսլամական Հանրապետության հետ։ Հուսամ՝ մի օր կբացվեն նաև մեր ցամաքային սահմանները Թուրքիայի Հանրապետության հետ, և ինչ-որ պահի այնտեղ էլ կմտածենք՝ ինչպես հեշտացնել տնտեսվարողների և քաղաքացիների կյանքը»,-ասել է Միրզոյանը։

Հայերեն English Русский 中文

COP. մաքսային վարչարարությունն ու կենսաբազմազանության հարցերը. ի՞նչ ծրագրեր են իրականացվում

Ռուսաստանի դեմ ԵՄ-ի պատժամիջոցները կմնան ուժի մեջ. ֆոն դեր Լայեն

Սուրեն Պապիկյանը Պրահայում մասնակցել է «Future Forces Exhibition & Forum» ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությանը

Հայաստանը և Տաջիկստանը խորացնում են բնապահպանական ոլորտում համագործակցությունը. Հովհաննես Մարտիրոսյան

Պուտինը հայտարարել է Ուկրաինայում ռազմական գործողություններին մասնակցելու համար դատապարտված ամերիկացու ազատ արձակման մասին

ԱԳՄԱ նախարարը հույս է հայտնել, որ հայ-ռուսական աշխատանքային խումբը կգտնի երկաթուղու խնդիրների լուծումները

COP17. ձայնամեկուսիչ հագուստից ջրի որակի ստուգում․ Կանաչ գոտու կրթական ծրագրերը

Պուտինն ու Ուիթքոֆը քննարկել են ուկրաինական հակամարտությունն ու Իրանի շուրջ իրադրությունը

Հայաստանին չեն կարող դուրս հանել ԵԱՏՄ-ից, եթե անգամ մնացած բոլոր երկրներն այդ ցանկությունն ունեն․ Հասմիկ Հակոբյան

Ադրբեջանն արգելել է Թուրքիայի 31 քաղաքացու մուտքը