Greenpeace-ը COP17-ից պահանջում է կոնկրետ քայլեր՝ կենսաբազմազանության պահպանման և բնության պաշտպանության համար
7 րոպեի ընթերցում
Կենսաբազմազանության պահպանման ֆինանսավորման ավելացում, բնությանը վնասող սուբսիդիաների դադարեցում, կլիմայական և բնապահպանական քաղաքականությունների համակարգում, ինչպես նաև բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների իրավունքների պաշտպանություն․ սրանք այն առանցքային հարցերն են, որոնց շուրջ միջազգային հանրությունը պետք է հրատապ և գործնական քայլեր ձեռնարկի՝ Կենսաբազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում։
Երևանում անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ «Greenpeace International»-ի ներկայացուցիչները շեշտել են, որ առաջիկա որոշումները վճռորոշ նշանակություն կունենան մինչև 2030 թվականը կենսաբազմազանության պահպանման համաշխարհային նպատակներին հասնելու համար։ Նրանց խոսքով՝ անհրաժեշտ է ոչ թե նոր հայտարարությունների ու նախաձեռնությունների ավելացում, այլ արդեն ստանձնած պարտավորությունների կատարում և առկա խնդիրների լուծում։
COP17-ում «Greenpeace International»-ի պատվիրակության ղեկավար Էն Լամբռեխտը նշել է, որ COP17-ը կարևոր հանգրվան է 2030 թվականի նպատակներին հասնելու ճանապարհին։ Նրա խոսքով՝ կենսաբազմազանության պահպանման համաշխարհային առաջընթացի գնահատումը ցույց է տալիս, որ միջազգային հանրությունը զգալիորեն հետ է մնում նախատեսված արդյունքներից։
«Մեզ անհրաժեշտ են բավարար ռեսուրսներ, որոնք ուղղվում են ճիշտ նպատակներին։ Իրականացման հիմքում պետք է լինեն իրավունքները, իսկ գլոբալ և ազգային քաղաքականությունները պետք է լինեն փոխկապակցված, համաձայնեցված և միմյանց չհակասեն»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծել է Լամբռեխտը։
Նա կարևորել է նաև Կալիում կայացած COP16-ի շրջանակում ընդունված որոշումների իրականացումը։ Մասնավորապես, խոսքը Կալիի հիմնադրամի ֆինանսավորման և բնիկ ժողովուրդների ու տեղական համայնքների արդյունավետ մասնակցության ապահովման մասին է։
Լամբռեխտի խոսքով՝ թվային հաջորդականության տեղեկատվությունից՝ DSI-ից առավել մեծ օգուտ ստացող ընկերությունները պետք է իրենց արդար ներդրումն ունենան կենսաբազմազանության պահպանման գործում։ Նա ընդգծել է, որ բնության ոչնչացումից շահույթ ստացող խոշոր կորպորացիաները պետք է կրեն համապատասխան պատասխանատվություն։
Նա նաև կոչ է արել ապահովել բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների ինքնորոշման իրավունքի պաշտպանությունը և որոշումների կայացման գործընթացներում նրանց լիարժեք մասնակցությունը։
«Այս համաժողովից մեզ պետք չեն նոր հայտարարություններ ու նախաձեռնություններ՝ պարզապես դրանց քանակն ավելացնելու համար։ Մեզ անհրաժեշտ է գործողությունների վրա հիմնված պատասխան՝ արդեն բացահայտված խնդիրներին»,- նշել է Լամբռեխտը։
Կենսաբազմազանության պահպանման ֆինանսավորման բացը շարունակում է մնալ հիմնական խնդիրներից մեկը։
Greenpeace International-ի կենսաբազմազանության ծրագրի ղեկավար Իռեն Վաբիվան ընդգծել է, որ զարգացած երկրները չեն կատարել մինչև 2025 թվականը կենսաբազմազանության պահպանման համար տարեկան 20 միլիարդ դոլարի միջազգային ֆինանսավորում ապահովելու պարտավորությունը և այժմ պետք է քայլեր ձեռնարկեն բացը լրացնելու ու մինչև 2030 թվականը տարեկան 30 միլիարդ դոլարի ֆինանսավորման նպատակին հասնելու համար։
Նրա խոսքով՝ զարգացած երկրները չպետք է իրենց հիմնական պարտավորությունները փոխարինեն մասնավոր հատվածից ֆինանսավորում ներգրավելու փորձերով։ Թեև բիզնեսի մասնակցությունը կարևոր է, պետական ֆինանսավորումը պետք է շարունակի առանցքային դեր ունենալ։
«Մենք չենք ասում, որ մասնավոր հատվածը չպետք է իր ներդրումն ունենա։ Այն նույնպես պետք է ստանձնի իր բաժին պատասխանատվությունը։ Սակայն պետական ֆինանսավորումը պետք է լինի առաջնահերթ, և զարգացած երկրները պետք է կատարեն իրենց պարտավորությունները»,- ասել է Վաբիվան։
Վաբիվայի խոսքով՝ անհրաժեշտ է վերանայել բնությանը վնասող սուբսիդիաները և ընդլայնել պետությունների ֆինանսական հնարավորությունները՝ կենսաբազմազանության կորստի դեմ պայքարի համար։
«Հնարավոր չէ մի կողմից ֆինանսավորում պահանջել բնության պահպանման համար, մյուս կողմից շարունակել աջակցել այն գործունեությանը, որը վնասում է անտառներին և էկոհամակարգերին»,- ընդգծել է նա։
Վաբիվան կարևորել է նաև զարգացող երկրների պետական պարտքի թեթևացման կամ չեղարկման հարցը։ Նրա խոսքով՝ այդ երկրներից պահանջվում է պահպանել անտառներն ու կենսաբազմազանությունը, մինչդեռ պարտքային ծանր բեռը հաճախ ստիպում է նրանց բնական ռեսուրսներն օգտագործել ֆինանսական պարտավորությունները կատարելու համար։
Greenpeace-ի Կոլումբիայի ներկայացուցիչ, արշավների համակարգող Լաուրա Կայսեդոն անդրադարձել է մինչև 2030 թվականը ցամաքային և ծովային տարածքների առնվազն 30 տոկոսի պահպանության նպատակին։
Նա նշել է, որ միայն նոր պահպանվող տարածքներ հայտարարելը բավարար չէ։ Անհրաժեշտ է ապահովել էկոհամակարգերի իրական պաշտպանությունը, կանխել դրանց ոչնչացումն ու դեգրադացիան, վերականգնել վնասված տարածքները և երաշխավորել դրանց երկարաժամկետ պահպանությունը։
Կայսեդոյի խոսքով՝ հողերի զավթումը, անասնապահության ընդլայնումը, հանքարդյունաբերությունն ու ենթակառուցվածքային ծրագրերը շարունակում են ճնշում գործադրել բնական էկոհամակարգերի և դրանցից կախված համայնքների վրա։ Նա ընդգծել է, որ բնության պահպանության քաղաքականությունը պետք է համահունչ լինի գյուղատնտեսության, առևտրի, ներդրումների և սուբսիդավորման քաղաքականություններին։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների իրավունքներին։ Կայսեդոյի խոսքով՝ պետությունները պետք է ճանաչեն նրանց ավանդական տարածքների և կառավարման համակարգերի դերը, իրավական պաշտպանություն ապահովեն համայնքների նախաձեռնությամբ իրականացվող բնապահպանական ծրագրերի համար և երաշխավորեն, որ այդ համայնքներն իրական ազդեցություն ունենան իրենց տարածքներին վերաբերող որոշումների վրա։
Նրա խոսքով՝ «30-ը 30-ի դիմաց» նպատակը չպետք է սահմանափակվի քարտեզի վրա նոր տարածքներ նշելով։ Այն պետք է ենթադրի առողջ և փոխկապակցված էկոհամակարգերի պահպանում, մարդկանց իրավունքների հարգում և անհրաժեշտ միջոցների տրամադրում։
Մամուլի ասուլիսի մասնակիցները համակարծիք են եղել, որ առաջիկա տարիներին արձանագրվելիք առաջընթացը կախված է ինչպես Երևանում ընդունվելիք որոշումներից, այնպես էլ դրանց հետագա իրականացումից՝ երկրների մայրաքաղաքներում և տեղական մակարդակում։
Սարգիս Ասատրյան