Լեոնարդո Դի Կապրիոն աջակցություն է հայտնել Հայաստանի ու Կոլումբիայի նախաձեռնությանը ՝ ուղղված վտանգված տեսակների վերականգնմանը
3 րոպեի ընթերցում
Հոլիվուդյան աշխարհահռչակ դերասան Լեոնարդո Դի Կապրիոն աջակցել է Հայաստանի և Կոլումբիայի նախաձեռնությանը՝ Երևանում մեկնարկելիք COP17 համաժողովին ընդառաջ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված գործողությունների կոալիցիա (CARES) ստեղծելու վերաբերյալ, որին հիմնադիր մասնակիցների կարգավիճակով միացել է 16 երկիր։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Լեոնարդո Դի Կապրիոն «Ինստագրամ»-ի իր էջում գրել է.
«Բավական չէ միայն տեսակների անհետացումը կանխելը ․ մենք պետք է փրկենք անհետացման եզրին հայտնված տեսակներին և նպաստենք դրանց վերականգնմանը»։ ՄԱԿ-ի Կենսաբազմազանության համաժողովի (COP17) շրջանակում այսօր արված հայտարարությունները վկայում են, որ այս նպատակին հասնելու համար միջազգային ջանքերն ավելի ու ավելի մեծ թափ են հավաքում»։
Դերասանն ընդգծել է, որ Հայաստանի և Կոլումբիայի առաջնորդությամբ 16 երկիր միացել է «Վտանգված տեսակների վերականգնման գործողությունների կոալիցիա» (CARES) նոր նախաձեռնությանը՝ պարտավորվելով ակտիվացնել անհետացումը կանխելու և տեսակների վերականգնման շոշափելի արդյունքների հասնելու ջանքերը։
«9 բարեգործական հիմնադրամներ և կազմակերպություններ, այդ թվում՝ իմ կազմակերպությունը՝ Re:wild-ը, ձևավորել են «Տեսակների վերականգնման դաշինքը»՝ առաջիկա հինգ տարիների ընթացքում ամբողջ աշխարհում վայրի բնության մեջ անհետացած, կրիտիկական վտանգի տակ գտնվող և անհետացման վտանգի ենթակա տեսակների վերականգնմանն աջակցելու նպատակով համատեղ ավելի քան 500 միլիոն դոլար հատկացնելու և ֆինանսական միջոցներն այդ ուղղությամբ համախմբելու հանձնառությամբ։
Այս երկու առանձին նախաձեռնություններն ունեն ընդհանուր նպատակ՝ նպաստել աշխարհի առավել վտանգված տեսակների վերականգնմանը։ Դրա համար անհրաժեշտ են շարունակական ներդրումներ, բնապահպանական գործողությունների համակարգված իրականացում և երկարաժամկետ հանձնառություն։
Շնորհավորում եմ հիմնադիր կառավարություններին և կազմակերպություններին»,- նշել է Դի Կապրիոն։