Թուրքիայի գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարարը մասնակցում է COP17-ի առաջնորդների գագաթնաժողովին
3 րոպեի ընթերցում

Թուրքիայից գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարար Իբրահիմ Յումաքլին մասնակցում է COP17-ի առաջնորդների գագաթնաժողովին և պլենար նիստի ընթացքում հանդես կգա ազգային ելույթով։ Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի փոխնախարար Ռոբերտ Աբիսողոմոնյանը։
Նրա խոսքով՝ գագաթնաժողովի շրջանակում նախատեսվում է անցկացնել պլենար նիստեր և երկու կլոր սեղան-քննարկում՝ պետությունների և կառավարությունների ղեկավարների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Կլոր սեղան-քննարկումները նվիրված կլինեն կենսաբազմազանության վերաբերյալ քաղաքական ուղերձներին և ֆինանսական հարցերին, իսկ պլենար նիստերի ընթացքում մասնակիցները հանդես կգան ազգային հայտարարություններով։
«Հույս ունենք, որ առաջնորդների գագաթնաժողովը կնպաստի հետագա քննարկումներին և ոլորտում առկա խնդիրների հասցեագրմանը»,-ասաց Աբիսողոմոնյանը։
Նա նշեց, որ գագաթնաժողովի արդյունքում նախատեսվում է ընդունել նախագահության հայտարարություն՝ «Գործելով հանուն բնության» կարգախոսով։ Աբիսողոմոնյանը նշեց, որ վերջին ամիսներին COP17-ի հայկական նախագահությունն աշխատանքներ է իրականացրել Երևանի հայտարարության շուրջ համաձայնության հասնելու ուղղությամբ։ «Կարծում ենք՝ ներառական փաստաթուղթ է ստացվել, որում փորձել ենք հաշվի առնել բոլոր շահագրգիռ կողմերի արձագանքները։ Հույս ունենք, որ այս քննարկումները կնպաստեն հետագա աշխատանքների առավել արդյունավետ իրականացմանը»,-ասաց նա։ Փոխնախարարի խոսքով՝ եզրափակիչ փաստաթուղթը նախատեսված է որպես առաջնորդների ուղերձ՝ COP-ի շրջանակում հետագա քննարկումների համար։
Փոխնախարարն ասաց, որ COP17-ի շրջանակում նախատեսվում է քննարկել ավելի քան 30 փաստաթուղթ, որոնց ընդունման դեպքում դրանցով սահմանված պարտավորությունները պարտադիր կլինեն Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի համար։ Անդրադառնալով ՀՀ վարչապետի հանդիպումներին՝ Աբիսողոմոնյանը նշեց, որ նախատեսվում են հանդիպումներ տարբեր երկրների առաջնորդների և այլ հյուրերի հետ։