Ադրբեջանի և Չինաստանի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ համագործակցությունն ու տարածաշրջանային հարցերը
2 րոպեի ընթերցում

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը և Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին ընդլայնված կազմով հանդիպում են անցկացրել՝ քննարկելով երկկողմ հարաբերությունները, տնտեսական համագործակցությունը, տարածաշրջանային անվտանգությունն ու միջազգային օրակարգի հարցերը։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ադրբեջանական APA գործակալությունը, այս մասին հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը X սոցիալական ցանցում։
Հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատել 2025 թվականին հաստատված համապարփակ ռազմավարական գործընկերության զարգացումը։ Ընդգծվել է, որ Ադրբեջանի նախագահի՝ Չինաստան կատարած պետական այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները ամուր հիմք են ստեղծել երկկողմ հարաբերությունների հետագա ընդլայնման համար։
Նախարարները կարևորել են բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, փոխադարձ վստահությունը և երկու ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունները։ Նշվել է նաև, որ 2027 թվականին լրանում է Ադրբեջանի և Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 35-ամյակը։ Կողմերը քննարկել են առևտրատնտեսական հարաբերությունների, ներդրումների, էներգետիկայի, տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտներում համագործակցության խորացման հնարավորությունները։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Միջին միջանցքի աճող նշանակությանը՝ Ասիայի և Եվրոպայի միջև տրանսպորտային կապերի զարգացման համատեքստում։
Բայրամովը և Վան Ին վերահաստատել են ՄԱԿ-ի, Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցառումների խորհրդակցության (ԱՓՎՄԽ) և միջազգային այլ հարթակների շրջանակներում փոխադարձ աջակցությունը շարունակելու պատրաստակամությունը։
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային անվտանգության և վերջին զարգացումների շուրջ՝ ընդգծելով առկա մարտահրավերների հաղթահարման գործում շարունակական երկխոսության, դիվանագիտական շփումների և բազմակողմ համագործակցության կարևորությունը։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը չինացի գործընկերոջը տեղեկացրել է նաև Հայաստանի հետ խաղաղության գործընթացի մասին։