2 րոպեի ընթերցում
Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին SpaceX ընկերության սեփականատեր Իլոն Մասկին հարցրել է՝ արդյոք նա Starlink արբանյակային ինտերնետ կապի հարցում «քաղաքականություն է խաղում» Ուկրաինայում։ «Արմենպրես»֊ի փոխանցմամբ` այս մասին Սիկորսկին գրառում է կատարել X հարթակում։
Լեհաստանը հայտարարել է, որ վճարում է Կիևի Starlink-ի բաժանորդագրության համար։
«Հեյ, Իլոն Մասկ, մեծ մարդ, նորի՞ց եք քաղաքականություն խաղում ձեր արտադրանքի միջոցով», ֊ գրել է Լեհաստանի արտգործնախարարը։
«Որպես ձեր եվրոպացի հաճախորդներ` մենք հետևում ենք ձեզ», - հավելել է նա։
«Մեծ մարդ» արտահայտությամբ Սիկորսկին ակնարկել է 2025 թվականին սոցիալական ցանցերում տեղի ունեցած հրապարակային վեճը իր, Իլոն Մասկի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի միջև։ Այդ ժամանակ Tesla-ի և SpaceX-ի ղեկավարը Սիկորսկուն ասել էր. «Լռի՛ր, փոքր մարդ»։
Ուկրաինայի նախագահի խորհրդական Սերգեյ Բեսկրեստնովը հայտարարել է, որ Մասկին պատկանող SpaceX ընկերությունը սահմանափակել է Starlink արբանյակային ինտերնետ կապի տերմինալների աշխատանքի արագությունն ուկրաինացի զինվորականների համար, ինչի պատճառով մի շարք առաքելություններ խափանվել են։ Պաշտոնյան չի բացառել, որ այս քայլը պատահականություն չէ և «կապված է ներկայիս քաղաքական իրավիճակի հետ»։