Ամենամեծ ոգեշնչումը ճանապարհն է՝ իր բոլոր ոլորաններով, մարտահրավերներով ու հաղթանակներով. Արտաշես Ստեփանյան
17 րոպեի ընթերցում
Ամենահամարձակ գաղափարները իրականանում են, երբ դրանց հետևում կա հստակ սահմանված նպատակ ու աշխատասիրություն, իսկ սեփական ճանապարհը կերտելու համար երբեմն բավական է վստահել ներքին զգացողությանը։
X-Drive ավտոդպրոցների ցանցի հիմնադիր և տնօրեն Արտաշես Ստեփանյանի համար հաջողության գաղտնիքը աշխատասիրությունն է, ոգեշնչման աղբյուրը՝ մարդը, իսկ կյանքի առաքելությունը՝ մարդկանց օգնելը։ Նրա գործունեության հիմքում արդարությունն է․ նա չի պատկերացնում բիզնեսն առանց նորարարության, սիրում է իր աշխատանքը, քանի որ այն ստեղծել է սեփական ուժերով։
Մեքենան նրա համար ավելին է, քան պարզապես փոխադրամիջոց․ այն ինքնուրույնություն և ազատություն է։ Գուցե հենց այդ զգացողությունն է, որ տարիներ շարունակ նրան առաջ է մղում՝ նոր նպատակներ սահմանելու, գաղափարները կյանքի կոչելու և այլ մարդկանց ոգեշնչելու համար։ Երազանքի մեքենայի, ավտոսպորտի, X-Drive-ի ստեղծման ու զարգացման պատմության և ապագա ծրագրերի մասին պատմել է X-Drive ավտոդպրոցների ցանցի հիմնադիր և տնօրեն Արտաշես Ստեփանյանի հետ։
- Ո՞վ է Արտաշես Ստեփանյանը, մի փոքր պատմեք Ձեր արմատների, ընտանիքի ու մանկության հիշողությունների մասին
Արմատներով Տավուշից եմ՝ Իջևանի Գանձաքար գյուղից։ Մանկությանս ամենաջերմ հիշողությունները կապված են Տավուշի հետ՝ նրա աննկարագրելի բնության ու անտառների, գետերի, սարերի ու, իհարկե, մարդկանց հետ։ Մինչև չորրորդ դասարանը սովորել եմ Իջևանի դպրոցում, իսկ հետո ընտանիքով տեղափոխվել ենք Երևան, որտեղ էլ շարունակել եմ ուսումս։
Մեր ընտանիքում կրթությունը միշտ կարևորվել է, ուստի դպրոցում լավագույն սովորողներից եմ եղել։ Ծնողներս ինձ համար հստակ ուղի էին պատկերացնում․ հայրս իրավաբան էր, մայրս՝ մաթեմատիկոս, ու ենթադրաբար ես էլ պետք է ընտրեի այդ ուղղություններից մեկը։ Թեև սկզբում ընտրեցի իրավաբանի մասնագիտությունը, սակայն ժամանակի ընթացքում հասկացա, որ համակարգային աշխատանքն ինձ համար չէ, և սկսեցի փնտրել իմ ճանապարհը։
- Կպատմե՞ք, թե մեքենա վարելու հմտություններն ինչպես օգնեցին Ձեզ զինվորական ծառայության ընթացքում։
Պապիկս է մեքենա վարել սովորեցրել և տարիներ անց այդ հմտություններն ինձ պետք են եկել բանակում՝ զինվորական ծառայության ընթացքում։ Ծառայությանս երկրորդ տարվա ընթացքում՝ դիրքերում, գումարտակի հրամանատարի UAZ 469-ը դժվարանցանելի ճանապարհին խոչընդոտի առաջ էր հայտնվել։ Վարորդը չկարողացավ կառավարել մեքենան, ուստի որոշեցի ինքս հաղթահարել խոչընդոտը։ Նստեցի ղեկին ու մեքենան դուրս բերեցի տվյալ իրավիճակից, որից հետո հրամանատարն ինձ նշանակեց իր մեքենայի վարորդը դիրքերում: Ծառայությանս մնացած ժամանակահատվածում UAZ 469-ով անցա ամենատարբեր դժվարանցանելի ճանապարհներով՝ ձյան ու անձրևի պայմաններում։ Մինչև այսօր էլ առանձնահատուկ վերաբերմունք ունեմ այդ մեքենայի նկատմամբ․ ֆանտաստիկ մեքենա է։
Այն ժամանակ նախազորակոչային տարիքի երիտասարդների համար կար նաև պետական ծրագիր, որի շրջանակում, եթե երիտասարդները մինչև զորակոչվելը սովորում են մեքենա վարել և ստանում վարորդական իրավունք, ապա բանակում կարող են ծառայել որպես վարորդ։ Այսօր արդեն X DRIVE-ն է իրականացնում այդ ծրագիրը՝ երիտասարդներին զինելով անհրաժեշտ գիտելիքներով ու հմտություններով։
- Ինչպե՞ս է զարգացել Ձեր մասնագիտական ուղին մինչև X-Drive-ի հիմնադրումը, և ի՞նչ գործունեությամբ էիք զբաղվում այդ տարիներին։
Ծառայությունից հետո սկսեցի զուգահեռ և՛ աշխատել և՛ սովորել։ Առաջին աշխատանքս հորեղբորս ֆերմայում էր, որտեղ զբաղվում էի հնդկահավերի բուծմամբ։ Հետագայում աշխատեցի առևտրի կենտրոններից մեկում, զբաղվեցի կոմերցիոն գործունեությամբ և հիմնեցի սեփական բիզնեսներ, այդ թվում՝ շինարարական ընկերություն, որը մասնագիտացած էր էներգետիկ ենթակառուցվածքների, մասնավորապես՝ գազատարների կառուցման մեջ։
- Կպատմեք ինչպե՞ս ձեռք բերեցիք Ձեր առաջին մեքենան:
Երազանքիս մեքենան VAZ 21099-ն էր, ի վերջո գնեցի նույն մեքենայի ավելի ժամանակակից, մոդելը՝ VAZ 21015-ը։ Առաջին մեքենաս գնեցի ինքնաբուխ որոշմամբ։ Ընկերներով հաճախ էինք մեքենա գնելու մասին խոսում։ Մի օր հեռուստատեսությամբ վաճառքի հայտարարություն տեսանք, զանգահարեցինք սեփականատիրոջը և պայմանավորվեցինք գնել մեքենան։ Միայն մի խնդիր կար՝ գումար չունեինք (ծիծաղում է – խմբ.): Հաջորդ օրը մեքենան մեր դիմաց էր, խոստացել էինք գնել, բայց գումարի նույնիսկ մի մասը չունեինք։ Ապառիկի մասին լսել էինք, բայց չգիտեինք՝ ինչպես է դա աշխատում։ Բանկում ասացին, որ նման ծրագիր ունեն, բայց դեռ չեն գործարկել։ Այդպես դարձա նրանց առաջին հաճախորդը։ Գործընթացն այնքան բարդ էր, որ իմ հաջորդ վարկը ձևակերպեցի այդ դեպքից մոտ 20 տարի անց (ծիծաղում է – խմբ.)։
Մեքենա գնելուց հետո անընդհատ վարելու առիթ էի փնտրում․ միայն թե շարժիչն աշխատեր։ Մեքենան կար, ու թվում էր՝ կյանքը ստացված է։
- Ինչպե՞ս Jeep Wrangler-ը երազանքի մեքենայից վերածվեց 4x4 Off-road Club-ի հիմնադրման պատմության
Մեքենաների հանդեպ հետաքրքրությունս գնալով մեծանում էր։ Հաջորդը Mercedes E-Class գնեցի, բայց մտքումս դեռ Աբովյան փողոցում՝ իր մշտական տեղում կայանված Jeep Wrangler-ն էր։ Տարիներ շարունակ փոխում էի ճանապարհս՝ այն տեսնելու համար, ավելի երկար քայլում, երբեմն նույնիսկ դասերից փախչում։ Տասը տարի անց, երբ վաճառքում տեսա նույն մեքենան, առանց երկմտելու գնեցի։ Անհարմար էր, պահեստամասերն ու վառելիքը՝ թանկ, բայց դե մանկությանս երազանքն էր։
Շրջապատիս կարծիքներին հետևելով որոշ ժամանակ անց վաճառեցի այն, գնեցի ավելի բարձրակարգ մեքենա՝ Mercedes-Benz CL500 (W140), բայց հետո նորից հետ գնեցի նույն մեքենաս, որը դարձավ իմ մեքենաների շարքում ոչ միայն ամենասիրելից մեկը, այլև նոր ճանապարհի սկիզբ։
Wrangler-ները պարբերաբար վերանորոգման կարիք էին ունենում, իսկ Հայաստանում համապատասխան մասնագետները քիչ էին։ Այդ պատճառով Wrangler ունեցողներս հանդիպում էինք նույն ավտոսպասարկման կետում, որտեղ էլ ծանոթանում ու ընկերանում էինք։ Մի օր off-road մրցաշարի մասին հաղորդում դիտելուց հետո որոշեցի համախմբել այդ մարդկանց։ Ավտոսպասարկման մասնագետ Բորիսին, ով հետագայում դարձավ ակումբի համահիմնադիրը և իմ լավ ընկերը, առաջարկեցի ակումբ հիմնել։ Սկսեցինք կապ հաստատել իր հաճախորդների՝ Wrangler ունեցող վարորդների հետ և նրանց առաջարկել միանալ մեր նախաձեռնությանը։ Այսպես 2009թ․-ի մարտին մի խումբ ընկերներով հիմնադրեցինք 4x4 Off-road Club-ը։
Մարտի 5-ին մոտ տասը ամենագնացով ուղևորվեցինք Արա լեռ։ Վերադարձանք ոտքից գլուխ ցեխոտված, բայց աննկարագրելի տպավորված ու երջանիկ։ Ապրիլի 24-ին արդեն շուրջ 50 ամենագնացով մոմավառության ավտոերթ կազմակերպեցինք դեպի Տավուշի եկեղեցիներ։ Չնայած ձյանն ու անձրևին՝ հաղթահարեցինք բարդ ճանապարհն ու հասանք Մակարավանք ու Գոշավանք։
- 4x4 Off-road Club-ի գործունեությունը ծավալվում էր միայն Հայաստանո՞ւմ, թե՞ նաև երկրի սահմաններից դուրս։
Առաջին մեծ մրցաշարին մասնակցեցինք Վրաստանում, որին հաջորդեցին մրցումներ Իրանում, ՌԴ-ում և Թուրքիայում։ Հիշարժան էր դեպի Տրապիզոն ուղևորությունը, որի համար 1500 կմ ճանապարհ անցանք։ Մեքենայի սրահում չկար ոչ մի ավելորդ իր՝ ոչ գորգեր, ոչ ձայնարկիչ, ոչ օդորակիչ․ մեքենաներն ի սկզբանե հարմարեցված էին արգելքներ հաղթահարելու, ոչ թե երկար ասֆալտապատ ճանապարհներով հարմարավետ երթևեկելու համար։ Սրահը պատվում էր ծխով, իսկ շարժիչի ջերմությունից մեր կոշիկներն ուղղակի հալվում էին (ծիծաղում է – խմբ.): Անձրևի տակ՝ բաց տանիքներով, հասանք Տրապիզոն, մինչդեռ հարևան երկրների թիմերը ճանապարհորդում էին հարմարավետ մինիվեններով, իսկ սպորտային մեքենաները տեղափոխում քարշակներով։ Այս փորձառությունների ընթացքում սովորեցինք մրցումների կազմակերպման ու անցկացման առանձնահատկությունները։
Միջազգային մրցաշարերում ձեռք բերած փորձս կիրառեցի նաև Հայաստանում։ 2013 թ․-ին, որպես Էքստրեմալ սպորտաձևերի ֆեդերացիայի նախագահ, Իջևանում կազմակերպեցի «Motul Low Range» միջազգային մրցարշավը, որին մասնակցում էր ավելի քան 50 մեքենա։ Անձամբ ղեկավարում էի կազմակերպչական ամբողջ աշխատանքը՝ երթուղիների մշակումից մինչև մրցարշավի անցկացում։ Նախաձեռնությունը շարունակվեց նաև հաջորդ երկու տարիներին։
Մրցարշավի հաջողությունից հետո հրավեր ստացա մեկնելու Ֆրանսիա՝ ծանոթանալու Լը Մանի 24-ժամյա մրցարշավին, որն ավտոսպորտի աշխարհի ամենահեղինակավոր իրադարձություններից է։ Այնտեղ առաջին անգամ պատկերացում կազմեցի ավտոսպորտի իրական մասշտաբների մասին՝ հսկայական ենթակառուցվածքներ, մրցուղու տարածքում գործող օդանավակայան․ կարծես քաղաք լիներ քաղաքի մեջ։
Հետագայում, Ֆրանսիայի հարավում՝ «Paul Ricard» մրցուղում հնարավորություն ունեցա վարելու Aston Martin DB9 մրցարշավային մեքենան։ Երբ աշխարհահռչակ բրենդների ներկայացուցիչներն ինձ շնորհավորում էին ու նվերներ հանձնում, հասկացա, որ լավ արդյունքներ եմ գրանցել։ Դա իսկապես տպավորիչ էր։
Տարիներ անց՝ 2019թ․-ին, ձեռք բերեցինք համաշխարհային նշանակության «Rainforest Challenge» մրցաշարի անցկացման լիցենզիան, որն անկախ Հայաստանի պատմության մեջ բացառիկ իրավունք էր։ Մրցաշարը կազմակերպեցինք Տավուշում՝ իմ պապական Գանձաքար գյուղում՝ RFC-ի հիմնադիր Լուի Վինի անմիջական մասնակցությամբ։Այն դարձավ Հայաստանի ավտոսպորտի նշանակալի իրադարձություններից մեկը։
- Խոսենք պետական համակարգում Ձեր գործունեության մասին
Պետական համակարգում իմ աշխատանքը սկսվել է 2017 թվականից։ 2017-2019թթ․-ին եղել եմ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի խորհրդական (տեխնիկական մարզաձևերի գծով), այնուհետև զբաղեցրել եմ ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդականի պաշտոնը՝ մասնագիտանալով վարորդական կրթության և ռազմական տեխնիկայի ոլորտներում, ինչպես նաև դասավանդել եմ ՀՀ ներքին գործերի նախարարության կրթահամալիրում։ Ինչպես տեսնում եք՝ կրկին ամեն ինչ կապված էր մեքենայի հետ։
- Ինչպե՞ս ստեղծվեց X-Drive-ը, ի՞նչ սկզբունքներ էիք դրել X-Drive-ի զարգացման հիմքում և ինչպե՞ս սկսեցիք դրանք կյանքի կոչել
X-Drive անվանումը կապված է լիաքարշակ մեքենաների xDrive համակարգի հետ։ Ընկերության ստեղծման հիմքում Հայաստանում նոր ձևաչափի ավտոդպրոց հիմնելու գաղափարն էր։ Մեր նպատակը ոչ միայն մեքենա վարել սովորեցնելն ու վարորդական իրավունք ստանալու հարցում օգնելն էր, այլև մարդկանց փոխանցել այն հիմնարար գիտելիքներն ու գործնական հմտությունները, որոնք անհրաժեշտ են անվտանգ երթևեկելու, էքստրեմալ պայմաններում մեքենան կառավարելու և վթարային իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու համար։
Կրթության որակն ու անվտանգությունը մեր գործունեության հիմնական սկզբունքներն են։ Դրանցով առաջնորդվելով՝ ուսուցման համար ընտրեցինք Mini Cooper մոդելի մեքենաներ, թեև ֆինանսական առումով դրանք ամենաշահավետ տարբերակը չէին։ Կարևոր էր նաև փորձառու և պատրաստված թիմ ձևավորելը։ Ներգրավեցի ավտոսպորտով զբաղվող ընկերներիս, որոնց հետ բազմաթիվ մրցուղիներ էինք հաղթահարել, նախկին պետավտոտեսչության հատուկ նշանակության վաշտի աշխատակիցների, ինչպես նաև մեր պատրաստած մասնագետների։
Մասնագիտական փորձն ու ավտոսպորտում ձեռք բերած վստահությունը շուտով տվեցին առաջին արդյունքները․ «Լիդիան Արմենիայից» ստացանք առաջին խոշոր պատվերը և վերապատրաստեցինք Ամուլսարի ճանապարհին աշխատող շուրջ 160 աշխատակցի։ Միաժամանակ Իջևանի ավտոմրցումները սկսեցինք կազմակերպել X-Drive-ի անվան ներքո։
Մեր գործունեության կարևոր ուղղություններից մեկը դարձավ նաև նախազորակոչիկների վարորդական ուսուցումը, որն իրականացրեցինք մեծ պատասխանատվությամբ։ Պատերազմից հետո այս ուղղությամբ համագործակցություն սկսեցինք Պաշտպանության նախարարության հետ։ Այդ օրերին ամբողջ թիմով աշխատում էինք օրուգիշեր՝ զորակոչի համար անհրաժեշտ պատրաստվածությունն ապահովելու համար։ Ուրախ ենք, որ կարողացել ենք մեր ներդրումն ունենալ այս կարևոր գործում։ Պաշտպանության նախարարության հետ մեր համագործակցությունը շարունակվում է մինչ օրս։
Այսօր X-Drive-ը Հայաստանի խոշորագույն ավտոդպրոցներից մեկն է։
- Ի՞նչ է X-Drive-ը Ձեզ համար այսօր, ո՞րն է X-Drive-ի ամենամեծ ձեռքբերումը։
X-Drive-ն ինձ համար ավելին է, քան բիզնես․ այն մարդկանց օգնելու և վարելու մշակույթ ձևավորելու մասին է։ X-Drive-ն ինձ համար 11 տարվա աշխատանքի արդյունք է։ Ընկերներով գրեթե զրոյից ենք սկսել․ սկզբում միջոցներ չունեինք, և շատ աշխատանքներ ինքներս էինք կատարում։ Այսօր այն ոչ միայն կայացած բիզնես է, այլև ճանապարհային անվտանգության ոլորտում իր մասնագիտական ներդրումն ունեցող կառույց։
Ինձ համար ամենամեծ ձեռքբերումն այն է, որ այսօր պետությունը տարբեր փոփոխություններ նախաձեռնելիս կարևորում է X-Drive-ի մասնագիտական ներուժը և ներգրավում քննարկումներում։ Մենք փորձում ենք առաջարկել այնպիսի մոդելներ, որոնք հաշվի կառնեն պետության, բիզնեսի և քաղաքացիների շահերը։ Ի վերջո, մեր ընդհանուր նպատակը ճանապարհային անվտանգությունն է։
- Ո՞րն է X-Drive-ի մրցակցային առավելությունը։
X-Drive-ի հիմնական առավելությունը մեր թիմի մասնագիտական պատրաստվածությունն է։ Հրահանգիչներն ու դասընթացավարներն աշխատում են իմ մշակած մեթոդիկայով, որի հիմքում անվտանգ վարման ուսուցումն է։ Մյուս առավելություններն են սպասարկման որակը, Հայաստանում ամենանոր ավտոպարկերից մեկն ու հակավթարային վարման դասընթացները։ Բացի այդ, ԿԳՄՍ նախարարության հաստատած ծրագրով ինքներս ենք պատրաստում որակյալ մասնագետներ։
Մեր աշխատանքի որակի կարևոր գնահատականներից է նաև խոշոր կազմակերպությունների վստահությունը։ Մեր գործընկերների թվում են ՄԱԿ-ի գրասենյակը, Contour Global Հիդրո Կասկադը, Զանգեզուրի Պղնձամոլիբդենային Կոմբինատը, Perno Ricard կազմակերպությունը, Կարմիր խաչը և բազմաթիվ միջազգային ընկերություններ։
- Որո՞նք են X-Drive-ի առաջիկա ծրագրերը, և ինչպե՞ս եք պատկերացնում ընկերության զարգացումն առաջիկա տասը տարում։
X-Drive-ում ներդրումները շարունակական են․ գրեթե ամեն ամիս նոր մեքենաներ ենք ձեռք բերում, քանի որ ավտոպարկը մշտական թարմացման կարիք ունի։ Առաջիկայում կցանկանայի իմ փորձով աջակցել պետությանը ոլորտի լիցենզավորման ճիշտ չափանիշներ սահմանելու հարցում, ինչը կնպաստի ոլորտի զարգացմանն ու որակյալ ծառայությունների ձևավորմանը։ Իսկ տասը տարվա հեռանկարում X-Drive-ը տեսնում եմ որպես միջազգային բրենդ Եվրոպայում, ԱՊՀ երկրներում և ԱՄՆ-ում։
Ամենամեծ ոգեշնչումը ճանապարհն է՝ իր ոլորաններով ու հաղթանակներով։ Երբ տեսնում եմ, թե ինչպես է տարիներ առաջ ծնված գաղափարն այսօր դառնում հազարավոր մարդկանց անվտանգության երաշխիքը, հասկանում եմ՝ ճիշտ ուղու վրա ենք։ Սա դեռ սկիզբն է․ առջևում ավելի մեծ հորիզոններ են։