ԱԺ-ն վավերացրեց ԼՂ-ից տեղահանված ընտանիքների բնակապահովման աջակցության ծրագրի վերաբերյալ համաձայնագիրը
1 րոպեի ընթերցում
Ազգային ժողովը վավերացրեց Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Հայաստանի բնակարանային ապահովման և հիփոթեքային շուկայի զարգացման ծրագիր» ֆինանսական համաձայնագիրը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման աջակցության ծրագրի վերաբերյալ համաձայնագիրը վավերացվեց 66 «կողմ» և 21 «ձեռնպահ» ձայնով:
«Ծրագրի ընդհանուր ֆինանսավորման ծավալը 284,4 միլիոն դոլար է, որից 264,4 միլիոնը վարկային միջոցներ են: 240 մլն դոլարը Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի վարկային միջոցներն են, 24,4 մլն դոլարը՝ գլոբալ արտոնյալ ֆինանսավորման գործիքի դրամաշնորհը»,- նշեց Աշխատանքի և բարեկեցության նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանը:
Նախատեսվող ֆինանսավորումը կիրականացվի փուլերով: Ծրագրի շրջանակում պետական բյուջեից արդեն վճարվել է ավելի քան 6 միլիարդ դրամ։