«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար
15 րոպեի ընթերցում
Երևանում առաջին անգամ կայացավ «Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը, որը միտված էր ստեղծելու նոր հնարավորություններ երկկողմ համագործակցության համար:
Քննարկվող թեմաներն ընդգրկում էին լայն շրջանակ՝ կապիտալից և ներդրումներից մինչև արհեստական բանականություն, կրթություն և մշակույթ։
Համաժողովը մեկ հարթակում միավորել էր շուրջ 2000 մասնակիցների, ՀՀ կառավարության, Կենտրոնական բանկի, միջազգային ֆինանսական և զարգացման կառույցների, գործարար շրջանակների, բրիտանական դիվանագիտական ներկայացուցչության, առաջատար ընկերությունների, կրթական և գիտական հաստատությունների ներկայացուցիչների՝ երկկողմ համագործակցությունը նոր գործնական կապերի և նախաձեռնությունների վերածելու նպատակով։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում նշեց, որ համաժողովի անցկացումը տրամաբանական է Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև ռազմավարական գործընկերության հաստատման հուշագիրն այս տարվա մայիսին ստորագրելուց հետո։
«Նման գործընկերություն հաստատելուց հետո կառավարությունների համար առաջնային հարցը, որ ծագում է, հետևյալն է՝ ինչպես այդ քաղաքական կամքը, որն արտահայտվում է ընդունված փաստաթղթերով կամ փաստաթղթով, դարձնել իրականություն։ Եվ այս խնդիրը լուծելու ամենաարդյունավետ ճանապարհը քաղաքական այն բովանդակությունը, որը քննարկվում է կառավարությունների միջև, առօրյա կյանքի մաս դարձնելն է։ Եվ ահա նման համաժողովները հենց այդ նպատակին են ծառայում՝ կառավարությունների կողմից բացված տարածքը լցնել իրական կյանքով»,- ասաց Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Պարսից ծոցի և Սև ծովի միջև երկաթուղային կապի հաստատմանը, «Հյուսիս-հարավ» ճանապարհային նախագծի իրագործմանը, երկաթուղուն զուգահեռ՝ արևելք-արևմուտք նույն ուղղությամբ ճանապարհների բացմանը.
«Ինչ նկարագրում եմ՝ այն է, ինչ ճշգրտորեն ՀՀ կառավարությունը հաստատել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակում։ Այս բոլոր կոմունիկացիաներին զուգահեռ, իհարկե, այսօր արդեն դիտարկվում և քննարկվում են հնարավորությունները նավթամուղի, գազամուղի կառուցման, նաև էլեկտրահաղորդման գծերի վերաբերյալ կոնկրետ քննարկումներ ենք ունենում։ Այս ամենը նշանակում է, որ Հայաստանը և Միացյալ Թագավորությունը տրանսպորտային առումով ավելի են մոտենում իրար և ճիշտ պահն է քննարկելու, թե ինչ հնարավորություններ կան, որոնք կարող են օգտագործվել»- ասաց ՀՀ վարչապետը։
ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլն իր ելույթում նշեց, որ բրիտանական փորձագիտությունն արդեն իսկ նպաստում է Հայաստանի ամենահավակնոտ նախագծերից մի քանիսին։
«Երբ Հայաստանը և Մեծ Բրիտանիան մայիսին Եվրոպական քաղաքական համայնքում համաձայնեցրին մեր ռազմավարական գործընկերության համաձայնագիրը, դուք օգնեցիք մեր տնտեսական հարաբերությունների համար շատ ավելի հավակնոտ ուղղություն սահմանել։ Այսօր խոսքը այդ հավակնությունը բիզնեսի վերածելու մասին է և մենք արդեն իսկ ունենք թափ։ Հայաստանն ունի հավակնություններ. դրանում ոչ ոք չի կարող կասկածել։ Միացյալ Թագավորությունն ունի համապատասխան փորձառություն։ Երկու երկրների տեխնոլոգիական ներուժը, կապիտալն ու գաղափարները կօգնեն մեր հավակնություններն ու փորձառությունը վերածել իրական արդյունքների։Եվ խոսքը միայն առանձին գործարքների մասին չէ։ Գործընկերությունը թղթի վրա չի կառուցվում. այն կառուցում են մարդիկ։ Ուստի, մենք բոլորս դերակատարում կունենանք այդ գործում»,- նշեց դեսպան Քոուլը։
Նրա տեղեկացմամբ՝ Բրիտանական խորհուրդն ամրապնդում է կապերը անգլերենի ուսուցման, բարձրագույն կրթության և զբաղվածության ոլորտներում, ինչը կարևոր նշանակություն ունի Հայաստանի բոլոր քաղաքացիների համար։
«Մեր առաջատար ծրագրերից մեկը նպաստում է Միացյալ Թագավորության հետ սերտ կապեր ունեցող հայ մասնագետների ցանցերի ձևավորմանը, ինչը նաև տնտեսական կարևորություն ունի։ Այս ամբողջ հավակնոտ օրակարգի իրականացումը ֆինանսական աջակցություն է պահանջում, ուստի, հատկապես ուրախ եմ Երևանում՝ այս ֆորումի շրջանակում, ողջունել Միացյալ Թագավորության արտահանման ֆինանսավորման թիմի գործընկերներին։ Սա նշանակալի հնարավորություն է՝ աջակցելու վստահելի նախագծերին՝ կապ հաստատելու բրիտանական ապրանքների, ծառայությունների և փորձառության հետ»- ասաց դեսպան Քոուլը։
Օքսֆորդի՝ Հայաստանի շրջանավարտների բիզնես ակումբի խորհրդի նախագահ Ալեքսանդր Շաղիկյանն իր ելույթում նշեց, որ ֆորումը կառուցված է պարզ համոզմունքի վրա` կա ավելին, ինչին Հայաստանը և Միացյալ Թագավորությունը կարող են միասին հասնել։
«Միացյալ Թագավորությունն ունի մեծ փորձ ֆինանսների ոլորտում, համաշխարհային մակարդակի համալսարաններ և հետազոտական ներուժ, իսկ Հայաստանն առանձնանում է ձեռնարկատիրական ու տեխնոլոգիական ներուժով և սփյուռքով։ Այս ամենի համադրումը կարող է ստեղծել իրական հնարավորություններ՝ նոր ներդրումներից և շուկաների հասանելիությունից մինչև հետազոտական արդյունքների առևտրայնացում․ հենց այս նպատակն է արտահայտում նաև համաժողովի՝ «Կառուցելով կամուրջներ՝ կապիտալի, տաղանդի և նորարարության համար» խորագիրը», - ասաց Շաղիկյանը։
Նրա հավաստմամբ՝ Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբը կազմակերպել է ֆորումը՝ միջազգային գիտելիքները, փորձը և հարաբերությունները Հայաստանի օգտին օգտագործելու համար:
Համաժողովը նաև միավորել էր պետական և մասնավոր հատվածների, միջազգային կառույցների ու մասնագիտական համայնքի ներկայացուցիչներին՝ երկկողմ հարաբերությունների տարբեր ուղղությունները մեկ գործնական օրակարգում համադրելու նպատակով։
«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ի կազմկոմիտեի ղեկավար Հայկ Կարապետյանը նշեց, որ Հայաստան–Միացյալ Թագավորություն տնտեսական հարաբերություններում դեռևս կա չօգտագործված մեծ ներուժ։
«Մեր հավակնությունն է, որ այս համաժողովը դառնա այն հարթակներից մեկը, որը հետևողականորեն կբացահայտի այդ ներուժը և հայ-բրիտանական գործարար օրակարգում կձևավորի նոր ուղղություններ»,- ասաց Կարապետյանը։
Համաժողովի տնտեսական օրակարգի առանցքում էին կապիտալի հասանելիությունը, ներդրումների ներգրավումը և նոր շուկաներ մուտք գործելու հնարավորությունները։ Քննարկումներին մասնակցեցին նաև ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, EBRD-ի, Համաշխարհային բանկի, ICBC Standard Bank-ի և այլ կառույցների ներկայացուցիչները։
Բրիտանական ֆինանսական ոլորտի առաջատար գործիչներից Inigo Insurance Ltd-ի նախագահ Հովարդ Դեյվիսն անդրադարձավ հայ-բրիտանական ֆինանսական և ներդրումային համագործակցության հեռանկարներին։
«Ենթակառուցվածքային նախագծերն ակնհայտ օրինակ են․ Մեծ Բրիտանիայի արտահանման ֆինանսավորման գործակալությունը համաձայնել է միջոցներ հատկացնել Հայաստանում ենթակառուցվածքների զարգացմանն աջակցելու համար: Երկրորդ ոլորտն ապահովագրական աշխարհն է, որտեղ Լոնդոնը մնում է ամենամեծ համաշխարհային ապահովագրական շուկան: Եվ կան համագործակցության նշաններ հայկական ընկերությունների միջև Լոյդսի շուկայում»,- ասաց Դեյվիսը:
Նրա խոսքով՝ ներդրողները ցանկանում են տեսնել ֆինանսական կայունության ապահովմանն ուղղված հանձնառություն, ուստի ֆինանսական կայունությունը, որն ապահովվում է հզոր և արդյունավետ ղեկավարվող կենտրոնական բանկի միջոցով, թերևս, ամենակարևոր գործոնն է։
«Կարծում եմ՝ ներկայումս դուք ունեք հենց այդպիսի իրավիճակ։ Տեսանելի ապագայում հենց ձեր բանկային համակարգը, ամենայն հավանականությամբ, կլինի ամենաուժեղը։ Սակայն դա ենթադրում է միջազգային կապեր ունեցող բանկային համակարգ, քանի որ անհրաժեշտ են բանկեր, որոնք ի վիճակի են միջազգային շուկաներում կապիտալ ներգրավել՝ ներքին զարգացմանը աջակցելու նպատակով։ Ուստի, խոսքը բանկերի մասին է, բայց այնպիսի բանկերի, որոնք ունեն ամուր հիմքեր և գուցե ցուցակված են Լոնդոնի կամ, հնարավոր է, եվրոպական որևէ այլ ֆոնդային բորսայում, ինչը նրանց հնարավորություն է տալիս կապիտալ ներգրավել՝ վարկավորման ծավալների աճին աջակցելու համար»,- նշեց Դեյվիսը։
Տեխնոլոգիական համագործակցությունը համաժողովի մյուս առանցքային ուղղություններից էր։ Օքսֆորդի համալսարանի Սայիդի Բիզնես դպրոցի կառավարման պրակտիկայի ավագ գիտաշխատող Ալեքս Քոնոքը ներկայացրեց արհեստական բանականության ազդեցությունը մեդիա բիզնեսի և մարքեթինգի վրա։ Նրա պնդմամբ՝ հարկավոր է կիրառել արհեստական բանականություն՝ բիզնես նպատակներին հասնելու, հետազոտություններ կատարելու, տարբեր խնդիրներ իրականացնելու և նմանատիպ այլ գործողությունների համար։
«Հայաստանի նման համեմատաբար փոքր, սակայն տեխնոլոգիաների վրա խիստ կենտրոնացած շուկայի պարագայում ԱԲ կիրառող փոքր թիմը կարող է հասնել նույն արդյունքին, ինչ հազարավոր մարդիկ։ Եվ սա, իմ կարծիքով, հիանալի փոխաբերություն է հենց Հայաստանի գործունեության համար։ 2-3 միլիոն բնակչություն ունեցող երկիրը կարող է շատ ավելի մեծ արդյունավետության հասնել՝ խելամտորեն կիրառելով արհեստական բանականությունը և համաշխարհային տնտեսության մեջ ավելի նշանակալի դերակատարում ունենալ։ Կարծում եմ՝ սա իսկապես կատարյալ փոխաբերություն է այն ամենի համար, ինչով մենք այսօր զբաղվում ենք»,- ասաց Քոնոքը։
AI & Deep Tech քննարկման կենտրոնում էին հետազոտությունների առևտրայնացումը, տեխնոլոգիական ընկերությունների աճը և միջազգային շուկաներ դուրս գալու հնարավորությունները՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանի, ինչպես նաև հայկական և միջազգային տեխնոլոգիական ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։
Համաժողովի ընթացքում առանձին ուշադրություն դարձվեց Հայաստանում ներդրումների և միջազգային ֆինանսավորման գործնական մեխանիզմներին։ UK Export Finance-ը ներկայացրեց Հայաստանի համար ֆինանսավորման հնարավորությունները, «Enterprise Armenia»-ն՝ ներդրումային առաջարկները, իսկ Երևանի քաղաքային զարգացման ծրագրերի շրջանակում ներկայացվեցին ներդրումային հնարավորությունները։ Ենթակառուցվածքների, առևտրի և արտահանման ֆինանսավորման քննարկումներին մասնակցեցին ՀՀ պետական կառույցների, Համաշխարհային բանկի, EBRD-ի, UKEF-ի և մասնավոր հատվածի ներկայացուցիչները։
Համաժողովի եզրափակիչ քննարկումը նվիրված էր մշակութային ժառանգությանը, կրթական կապերին և մշակութային դիվանագիտությանը։ Քննարկմանը մասնակցեցին Օքսֆորդի ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադիր և երաժշտական ղեկավար Մարիոս Պապադոպուլոսը, MBE, Բրիտանական թանգարանի ներկայացուցիչ Թոմաս Հարիսոնը, Sotheby՚s-ի Մերձավոր Արևելքի և Հնդկաստանի նախագահ Էդվարդ Գիբսը, Բրիտանական գրադարանի Ասիական և աֆրիկյան հավաքածուների ղեկավար Մայքլ Էրդմանը, Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը և ոլորտի այլ ներկայացուցիչներ։
Educate Ventures Research-ի հիմնադիր և գործադիր տնօրեն, Լոնդոնի Համալսարանական քոլեջի պատվավոր պրոֆեսոր Ռոուզ Լաքինն իր հերթին նշեց, որ արհեստական բանականությունը պետք է օգտագործել խելամտորեն և հստակ նպատակով։
«Լավագույն արդյունքներն արձանագրող կրթական համակարգերը նրանք են, որոնք հոգ են տանում, որպեսզի իրենց մանկավարժները լինեն բարձր որակավորում ունեցող, բավարար չափով տեղեկացված լինեն արհեստական բանականության մասին՝ այն խելամտորեն ու զգուշությամբ կիրառելու և ուսումնառությանը նպաստելու համար։ Արհեստական բանականությունը ներդնելիս անհրաժեշտ է հստակ սահմանել ցանկալի նպատակը և ռազմավարական մոտեցում ցուցաբերել՝ ապահովելու, որ արհեստական բանականությունը հենց այդ նպատակին էլ ծառայի։ Կարծում եմ՝ Հայաստանի նման երկրի համար, որն ունի շատ լավ կրթական համակարգ, իսկապես կարևոր է հենվել այդ ամուր հիմքի վրա և օգտագործել կրթական համակարգը՝ մարդկանց մեջ համապատասխան կարողություններ ձևավորելու համար, որպեսզի նրանք կարողանան խելամտորեն կիրառել այդ գործիքները»,- ասաց Լաքինը։
Հիմնական ծրագիրն ավարտվեց հայ-բրիտանական «Կամուրջ կերտող» մրցանակի հանձնմամբ՝ ընդգծելով երկու երկրների միջև երկարաժամկետ կապերի ձևավորման և զարգացման կարևորությունը։
Համաժողովը շարունակվեց նպատակային B2B և B2G հանդիպումներով Միացյալ Թագավորությունից ժամանած պատվիրակների և հայաստանյան գործընկերների միջև։ Հանդիպումների նպատակն է համաժողովի ընթացքում ձևավորված կապերը զարգացնել և դիտարկել կոնկրետ գործարար ու ինստիտուցիոնալ համագործակցության հնարավորությունները։
«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը կազմակերպել է Օքսֆորդի՝ Հայաստանի շրջանավարտների բիզնես ակումբը (OABCA)՝ ՀՀ կառավարության՝ ի դեմս ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, «Enterprise Armenia»-ի և Բրիտանա-հայկական առևտրային պալատի (BACC) հետ համագործակցությամբ։