Մեծ Բրիտանիայում հարյուրավոր բանտարկյալներ ազատ են արձակվել բանտերի լեփ-լեցուն լինելու պատճառով
2 րոպեի ընթերցում
Մեծ Բրիտանիայում շուրջ 700 բանտարկյալ է ազատ արձակվել բանտերում տեղերի անբավարարության խնդիրը լուծելուն ուղղված կառավարական ծրագրի շրջանակներում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է The Telegraph թերթը։
Ըստ հրատարակության՝ սեպտեմբերի 30-ին ազատ է արձակվել 700 բանտարկյալ, որոնք դատապարտվել էին, այդ թվում, գողության, բռնությամբ կատարված հանցագործությունների և ընտանեկան բռնության համար։
Ինչպես նշվում է հրապարակման մեջ, ազատ արձակված բոլոր անձինք ճաղերի հետևում անցկացրել են 575 օրից պակաս ժամանակ և բանտում կրել են իրենց նշանակված պատժաչափի մեկ երրորդը։
Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ սեպտեմբերի վերջին տղամարդկանց բանտերում առկա գրեթե 85 000 տեղից ազատ է եղել ընդամենը 1134-ը:
Ըստ հրապարակման՝ հաջորդ 10 ամսվա ընթացքում վաղաժամկետ ազատ կարձակվի շուրջ 4500 բանտարկյալ, ընդ որում՝ յուրաքանչյուր նոր խմբի մեջ կմտնեն ավելի երկար ժամկետով դատապարտվածներ։ Վերջին խմբի մեջ կընդգրկվեն ավելի քան 12 տարվա ազատազրկման դատապարտվածներ։
2024 թվականից ի վեր բրիտանական իրավապահները հնարավորություն են ստացել ազատ արձակել հանցագործներին պատժաչափի կեսը կրելուց հետո՝ բանտերի լեփ-լեցուն լինելու պատճառով։ Այդ ժամանակվանից ծրագրի շրջանակում ազատ է արձակվել շուրջ 60 000 մարդ։ Բացի այդ, 2025 թ. կառավարությունը դատարաններին հանձնարարել է բանտ չուղարկել այն հանցագործներին, որոնք դատապարտվել են մեկ տարուց պակաս ժամկետով։ Ամռանը բրիտանական իշխանությունները կասեցրել են հանցագործներին վաղաժամկետ ազատ արձակելու ծրագրի ընդլայնումը՝ երկրում ոստիկանի սպանության համար դատապարտված երկու անձանց հնարավոր ազատ արձակման պատճառով առաջացած սկանդալի ֆոնին։