2 րոպեի ընթերցում
Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնն 85-րդ թատերաշրջանը մեկնարկել է թատրոնի արտիստների մասնակցությամբ բացօթյա համերգով։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ առաջիկայում թատրոնը հանդիսատեսին կներկայացնի խաղացանկում ընդգրկված սիրված ներկայացումները, ինչպես նաև նոր բեմադրություններ՝ պահպանելով երաժշտական թատրոնի ավանդույթները և անդրադառնալով ժամանակակից բեմական ձևերին։
Թատերաշրջանի կարևոր իրադարձություններից մեկը հոկտեմբերի 3-ին կայանալիք La La Land մյուզիքլի պրեմիերան է։ Բեմադրող ռեժիսորը Լիլի Էլբակյանն է։
La La Land-ը Միայի և Սեբաստիանի պատմությունն է, երիտասարդներ, որոնք երազում են արվեստում իրենց ճանապարհը գտնելու և սեփական երազանքներն իրականացնելու մասին։ Պարոնյանի թատրոնի բեմում հայտնի պատմությունը կներկայացվի երաժշտության, պարի և կենդանի բեմական էմոցիաների համադրությամբ՝ անդրադառնալով սիրո, երազանքի, ընտրության և ինքնահաստատման թեմաներին։
Նոր թատերաշրջանում թատրոնը նախատեսում է նաև նոր ստեղծագործական նախագծեր և համագործակցություններ։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու նոր հանդիսատեսի ներգրավմանը և տարբեր տարիքային խմբերի համար հետաքրքիր ու ժամանակակից բեմական առաջարկների ձևավորմանը։
Թատրոնի նոր նախաձեռնությունների շարքում է «Փորձ քասթ» նախագիծը։ Նախագծի շրջանակում ներկայացվող զրույցներին և նոր թողարկումներին կարելի է հետևել թատրոնի սոցիալական էջերում։ Նախատեսվում է շարունակել փառատոնային գործունեությունը՝ մասնակցելով միջազգային և հանրապետական թատերական փառատոնների։
Թատրոնը մտադիր է զարգացնել ստեղծագործական կապերը և ներկայացնել իր բեմադրությունները նաև Հայաստանից դուրս՝ ընդլայնելով միջազգային համագործակցության հնարավորությունները։
Թատրոնը նաև շարունակելու է ուշադրություն դարձնել երաժշտական թատրոնի տարբեր ժանրերին՝ համադրելով դասական ավանդույթներն ու ժամանակակից բեմական լուծումները։
Խաղացանկի զարգացմանը զուգահեռ նախատեսվում են նաև նոր նախագծեր, որոնք հնարավորություն կտան թատրոնին ներկայանալ նոր ձևաչափերով և ընդլայնել հանդիսատեսի շրջանակը։