2 րոպեի ընթերցում
Եվրոպայում ռեկորդային շոգի պայմաններում Շվեյցարիայի սառցադաշտերն արագորեն հալչում են։ 2026 թվականը դարձել է սառույցի կորստի առումով ամենավատ տարիներից մեկը։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters-ը, Շվեյցարիայի սառցադաշտերի մոնիթորինգի ցանցի (GLAMOS) և Շվեյցարիայի գիտությունների ակադեմիայի Կրիոսֆերայի դիտարկման հանձնաժողովի հրապարակած զեկույցը ցույց է տվել, որ երկրի սառցադաշտերը 2026 թվականին կորցրել են իրենց սառույցի ավելի քան 5%-ը։
Նշվել է, որ ծայրահեղ հալոցքի տարիները գնալով սովորական են դառնում։ Վերջին հինգ տարիների ընթացքում Շվեյցարիայի սառցադաշտերը կորցրել են իրենց սառույցի գրեթե մեկ հինգերորդը, ինչը սպառնում է ապագայում ջրի պաշարներին և մարտահրավեր դառնում Եվրոպայի սառցադաշտերի երկարաժամկետ պահպանման հարցում։
«Այժմ գրեթե ամեն տարի ականատես ենք լինում ծայրահեղ իրավիճակների, և սա իսկապես մտահոգիչ է», - ասել է GLAMOS-ի տնօրեն Մաթիաս Հուսը։
Նրա խոսքով՝ ձմռանը տեղացած ձյան անբավարար քանակի և ամռանը գրանցված ռեկորդային ջերմաստիճանների համադրությունը այս տարի հանգեցրել է «հսկայական» հալոցքի։
Այնուամենայնիվ, սառույցի կորստի մակարդակը դեռևս չի հասել 2022 թվականի ռեկորդային ցուցանիշներին։ Հուսը հիշեցրել է, որ այդ տարի Հյուսիսային Աֆրիկայից փոշու ամպերը նստել էին ձյան վրա՝ արագացնելով հալոցքը։
Գիտնականների գնահատմամբ՝ միայն հուլիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում Շվեյցարիայի սառցադաշտերը կորցրել են մոտ 2,2 տրիլիոն լիտր ջուր, ինչը ավելի քան չորս անգամ գերազանցում է Շվեյցարիայի տնային տնտեսությունների կողմից մեկ տարվա ընթացքում օգտագործվող խմելու ջրի ծավալը։