ԵԱՏՄ-ն ակտիվորեն շարժվում է խելացի տրանսպորտային համակարգերի ներդրման ճանապարհով. ԵՏՀ նախարար
3 րոպեի ընթերցում
ԵԱՏՄ-ն ակտիվորեն շարժվում է խելացի տրանսպորտային համակարգերի (ԽՏՀ) ներդրման և անդամ երկրների ազգային համակարգերի միջև տեղեկատվական փոխգործակցության զարգացման ուղղությամբ։
«Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ այս մասին Մոսկվայում ընթացող «Ռուսաստանի խելացի տրանսպորտային համակարգերը․ տրանսպորտի թվային դարաշրջանը» համաժողովի շրջանակում կայացած «Խելացի տրանսպորտային համակարգերի արդյունավետությունը» խորագրով լիագումար նիստի ընթացքում հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի և ենթակառուցվածքների հարցերով նախարար Արզիբեկ Կոժոշևը։
Կոժոշևի խոսքով՝ խելացի տրանսպորտային համակարգերն արդեն դարձել են ԵԱՏՄ անդամ երկրների ճանապարհատրանսպորտային ենթակառուցվածքի անբաժանելի մասը։
«Ոլորտը թևակոխել է նոր փուլ․ Համակարգերի ներդրման փուլն արդեն արված է, և այժմ անհրաժեշտ է վերաիմաստավորել դրանց արդյունավետության գնահատման մոտեցումները, որպեսզի դրանք լինեն տնտեսապես հիմնավորված և ապահովեն չափելի սոցիալ-տնտեսական արդյունքներ», - նշել է նա։
ԵԱՀ նախարարի խոսքով՝ ԵԱՏՄ շրջանակում աշխատանքներ են իրականացվում ազգային խելացի տրանսպորտային համակարգերի միջև տեղեկատվական փոխգործակցության ուղղությամբ։
«Առաջին փուլում նախատեսվում է փոխանակել տեղեկություններ օդերևութաբանական և ճանապարհային պայմանների վերաբերյալ, իսկ հեռանկարում՝ ստեղծել փոխադրողների համար միասնական տեղեկատվական տարածք՝ եղանակային պայմանների, խցանումների և ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ ստանդարտացված տեղեկատվությամբ», - ասել է Կոժոշևը։
Լիագումար նիստի ընթացքում փորձագետներն անդրադարձել են նաև ոլորտի կադրային ներուժի և թվային կարողությունների զարգացման հարցերին։ Մասնավորապես, քննարկվել են մեծածավալ տվյալների հետ աշխատելու համար անհրաժեշտ հմտությունների զարգացման ուղղությունները։
Համաժողովի ընթացքում ընդգծվել է պետության, բիզնեսի, գիտական շրջանակների և մասնագիտական հանրության միջև կառուցողական երկխոսության կարևորությունը՝ խելացի տրանսպորտային համակարգերի հետագա զարգացման և արդյունավետության բարձրացման նպատակով։