Դուռը բացվելու դեպքում՝ մտնել, դուռ չլինելու դեպքում՝ սեփական ճանապարհը գտնել․ Բելգիայում ապրող հայ փաստաբանը գտել է իր կյանքի ամենակարևոր բանաձևը
15 րոպեի ընթերցում
Բելգիայի դատարանի միջանցքներում առավոտները Վարդգես Խանջարյանին ճանաչում են ոչ միայն որպես փաստաբանի։ «Bonjour, l’avocat de la communauté arménienne»՝ երբեմն կատակով ասում են գործընկերները, իսկ հետո բարձրաձայն ավելացնում՝ «Vive l’Arménie»։
Նա ժպտում է։ Այդ մի քանի բառերի մեջ, թերևս, ամփոփված է մի ճանապարհ, որը սկսվել է դեռևս մանկության տարիներին, ձմռանը Հայաստանից հազարավոր կիլոմետրեր հեռանալով։ Այն ժամանակ Վարդգեսը պարզապես երեխա էր, որը դեռ չէր կարող պատկերացնել, որ նոր երկիրը, նոր լեզուն, օտար միջավայրում ապրած վախն ու անորոշությունը տարիներ անց ինչ-որ կերպ դառնալու են իր մասնագիտական ընտրության մի մասը։
Վարդգես Խանջարյանը Բելգիա եկավ 1998 թվականին։ Վեց տարեկան էր, եղբայրը՝ հինգ։ Մինչև մեկնելը, ընտանիքի կյանքը, գրեթե մեկ տարի, անցել էր «գնում ենք-չենք գնում» անորոշության մեջ։ Ճամպրուկները հավաքվում էին, հետո նորից բացվում։ Հարևաններն արդեն սովորել էին ընտանիքի հրաժեշտներին, որոնք ամեն անգամ հետաձգվում էին։
Հետո եկավ այն օրը, երբ վերջապես ճանապարհ ընկան։ Նա այսօր էլ հիշում է ձյունը, ճանապարհը, դժվարությունը։
Բելգիայում ընտանիքին սպասում էին հարազատները, բայց նոր կյանքը ոչ մի կերպ պատրաստի ու հարմարավետ չէր։ Մի փոքրիկ, մեկ սենյականոց բնակարանում վեց հոգով ապրեցին։ Մի պահ նրանց նույնիսկ առաջարկեցին ժամանակավորապես տեղափոխվել նոր ժամանածների կենտրոն։ Հայրը նայեց պայմաններին, շնորհակալություն հայտնեց և հրաժարվեց։
Պետք էր դիմանալ, ոտքի կանգնել, տուն գտնել։
Այդ տարիների ամենադժվար հիշողությունները, սակայն, կապված էին ոչ միայն կենցաղի հետ։ Ընտանիքը դեռ կեցության իրավունք չուներ։ Ներքևի հարևանը երեխաների աղմուկից այնքան զգայուն էր, որ նույնիսկ շախմատի քարերի՝ սեղանին դնելու ձայնի պատճառով կարող էր Ոստիկանություն կանչել։ Ոստիկանները գալիս էին, իսկ երեխաները ստիպված էին լուռ մնալ ու թաքնվել սենյակում։
Վեց-յոթ տարեկան երեխայի համար սա պարզապես անհարմարություն չէր։ Դա վախ էր՝ այն մշտական զգացողությունը, որ կյանքը դեռ ամբողջությամբ քոնը չէ, որ ամեն ինչ կարող է կրկին փոխվել։
Բայց այդ նույն երեխան երեք-չորս ամսում սովորեց ֆրանսերեն։ Գուցե հենց այստեղից էլ ձևավորվեցին Վարդգեսի բնավորության գլխավոր հատկանիշները՝ հարմարվել, սովորել և առաջ գնալ նույնիսկ այն ժամանակ, երբ պայմանները քեզ չեն խոստանում, որ հեշտ է լինելու։
Ընտանիքի՝ Բելգիայում հաստատվելու ճանապարհը երկար էր։ Կեցության իրավունքի համար նրանք բազմաթիվ փաստաբաններ փոխեցին, վճարեցին, սպասեցին, նորից փորձեցին։ Երբեմն նույնիսկ թարգմանիչների կարիք կար։ Արդյունքը չէր երևում, իսկ ընտանիքի մետ հուսահատությունն աճում էր։ Մայրը մի պահ նույնիսկ հարցնում էր՝ գուցե հավաքվեն ու վերադառնան։
Վարդգեսը փոքր էր, բայց այդ ամենը հասկանում էր։ Ինչ-որ պահի նրա ներսում ծնվեց մի միտք․ երբ մեծանա և ստիպված լինի մնալ այդ երկրում, պետք է փաստաբան դառնա, բայց այնպիսին, որը մարդկանց չի թողնի անցնել այն նույն դժվարությունների միջով, որոնց միջով անցել էր իր ընտանիքը։
Այդ որոշումը դեռ մասնագիտության ընտրություն չէր։ Ավելի շատ ներքին խոստում էր, որը տարիների ընթացքում իրականություն դարձավ։
Սակայն, կար շրջան, երբ կյանքը կարող էր լրիվ այլ ուղղությամբ գնալ․ ֆուտբոլը մանկական հետաքրքրություն չէր, նրա կյանքի կարևոր մասն էր։ Վարդգեսը մարզվել է Հայաստանում՝ «Փյունիկում», «Բանանցում», հայկական թիմերում նույնիսկ հաստատվելու հրավերներ է ստացել։
Եկավ պահը, երբ պետք էր ընտրել ֆուտբոլը կամ ուսումը, ու նա ընտրեց երկրորդը։ Երկուսը միասին հնարավոր չէր։ Այսօր, հետ նայելով, այդ որոշման մեջ նա տեսնում է նաև ճակատագրական պատահականություն․ հետագայում լուրջ վնասվածք ստացավ, ու եթե դա տեղի ունենար պրոֆեսիոնալ ֆուտբոլային կարիերայի ընթացքում, գուցե ամեն ինչ շատ ավելի բարդ լիներ։
Վարդգեսի պատմության մեջ «պատահականությունը» երբեք չի նշանակում պարզապես սպասել ճակատագրին։ Նա ավելի շատ այն մարդկանցից է, օգտվում են ընձեռված հնարավորությունից․
«Եթե որևէ մեկը դուռ է բացում, ես մտնում եմ։ Իսկ եթե դուռ չկա, ես իմ ճանապարհն եմ գտնում»,– Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշում է Վարդգեսն ու նկատում՝ գուցե իր կյանքի ամենակարճ, բայց ամենաճշգրիտ բնորոշումներից մեկն էլ հենց դա է։
Իրավագիտության ճանապարհն էլ հեշտ չէր։ Նա այն ուսանողներից չէր, որոնք կարող են պարզապես անգիր անել ու քննություն հանձնել։ Պետք էր հասկանալ, աշխատել, նորից սովորել։ Ամեն տարի հաջորդ կուրս անցնելիս նույն ներքին երկխոսությունն էր․ «Չեմ կարող, շատ դժվար է»։ Հետո՝ «Մի տարի արդեն արել եմ, հիմա պետք է շարունակեմ»։ Եվ շարունակում էր։
Մագիստրատուրայում դեռ վերջնականապես չէր որոշել, թե ինչ ուղղությամբ է ուզում գնալ։ Ընտրեց բիզնեսային իրավունքը՝ այն համարելով ամենաշատ հնարավորություններ բացող ուղղությունը։ Բայց անձնական կորուստ փոխեց նրա վերաբերմունքը սեփական ուժերի նկատմամբ․ Հայաստանում մահացել էր տատիկը։ Վարդգեսը չէր կարողացել գնալ քննության պատճառով։ Այդ պահին նրա մեջ ծնվեց մի պարզ ցանկություն․ եթե չի կարողացել նրա կողքին լինել, գոնե պետք է այնպես անի, որ հանգուցյալ տատիկը հպարտանար իրենով։ Ու որոշեց՝ այդ քննությունը պետք է հանձնի ամեն գնով ու շատ լավ։ Եվ այո, ամենաբարձ նիշով հանձնած քննությունը հարգանքի տուրք էր տատիկին։ Քննությունից հետո նրան գնահատած դասախոսը հետաքրքրվեց, թե ով է օգնել իրեն։ Վարդգեսը նշեց դասընթացի գործող փաստաբան օգնականներից մեկի անունը և հետո նրան շնորհակալական նամակ գրեց։
Պատասխանը դարձավ նրա մասնագիտական կյանքի առաջին կարևոր դռներից մեկը։ Դասախոսը նրան առաջարկեց մինչև ավարտելը գալ իր աշխատասենյակ, փորձել, տեսնել՝ արդյոք իրեն դուր է գալիս այդ աշխատանքը։ Վարդգեսը համաձայնեց։
Այդպես ուսանողը մտավ այն աշխարհը, որի մասին տարիներ առաջ, լինելով դեռ փոքր տղա՝ գաղտնի երազել էր։
Այսօր Վարդգես Խանջարյանն ավելի շատ զբաղվում է քրեական իրավունքի ամենածանր գործերով։ Նրա աշխատանքն այն մասնագիտություններից է, որտեղ հաճախ ստիպված ես պաշտպանել մարդկանց, որոնց նկատմամբ հասարակության վերաբերմունքը կարող է լինել ամենակոշտը։
«Ինչպե՞ս կարող ես պաշտպանել մեկին, ով մարդ է սպանել կամ կրակել»․ այս հարցը նա հաճախ է լսում։ Բայց փաստաբանի համար պաշտպանությունը չի նշանակում արդարացնել հանցագործությունը։ Այն նշանակում է ներկայացնել մարդու իրավունքները, փաստերը, օրենքը և այն ամենը, ինչը պետք է ներկայացվի դատարանին։ Իսկ արդարադատությունը, նրա համոզմամբ, այն չէ, երբ վերջնական արդյունքը պարտադիր քեզ է հաճելի։
«Արդարադատությունը միայն այն չէ, որ արդյունքը մեզ դուր գա։ Արդարադատությունը պետք է լինի ճիշտ»,– ասում է նա։
Այս մտածողության մեջ կարևոր դեր ունի նաև նրա նախկին փորձը։ Մոտ երկու տարի աշխատել է որպես դատախազ՝ Բելգիայի ֆուտբոլային ֆեդերացիայի համար։
Այդ փորձը նրան հնարավորություն է տվել գործին նայել նաև մյուս կողմից։ Այսօր, որպես պաշտպան, նա հասկանում է նաև դատախազի մտածելակերպը, որովհետև ինքն է եղել այդ դերում։
Նրա համար լավ արդարադատությունը համակարգ է, որտեղ բոլոր կողմերն ունեն իրենց անհրաժեշտ դերը՝ փաստաբանը, դատախազը և դատարանը։ Մեկի բացակայությամբ համակարգը չի կարող ամբողջական աշխատել։
Հաջողությունը՝ ոչ միայն անուն
Վարդգեսը չի թաքցնում, որ մասնագիտական առումով ցանկանում է ավելի բարձրանալ՝ ավելի մեծ, ավելի կարևոր գործերի մեջ ներգրավվել, ավելի ճանաչված դառնալ։
Բայց ճանաչվածությունը նրա համար ինքնանպատակ չէ։ Նա համագործակցում է հայտնի փաստաբանների հետ, սովորում նրանցից, հարցեր տալիս։ Եվ կարևոր է համարում այն, որ այդ հարաբերություններում չի զգացել վերևից նայելու վերաբերմունք։ Ավելի փորձառու գործընկերների կողքին իրեն տեսնում է ոչ թե փոքր, այլ սովորող մասնագետ։
Գուցե սա ևս գալիս է այն ճանապարհից, որով անցել է։ Մարդը, ով մանկուց սովորել է՝ ամեն տարի, ամեն փուլում պետք է մի փոքր ավելի առաջ գնալ, դժվար թե կանգ առնի միայն այն պատճառով, որ արդեն ինչ-որ բանի հասել է։
Վարդգես Խանջարյանը հայկականության մասին խոսելիս առաջին հերթին ասում է՝ հպարտ է, որ հայ է։
Այդ զգացումը, նրա խոսքով, ծնողներից է եկել։ Ինչպես նաև դաստիարակությունը, արժեքները, շնորհակալության և հարգանքի զգացումը։ Բայց հայկականությունը նրա համար միայն զգացմունք չէ։ Այն նաև ներքին դիմադրողականություն է։
Երբ իր կյանքում դժվարություն է առաջանում, նա մտածում է Հայաստանի պատմության մասին՝ մի երկրի, որն անցել է շատ ավելի ծանր ճանապարհներով, բայց շարունակում է գոյություն ունենալ, ապրել և առաջ գնալ։
Դա թույլ չի տալիս փոքր դժվարության առաջ կանգնելիս մտածել, որ ամեն ինչ ավարտված է։ Հայկականությունը նրա համար նաև մեր մեծերի թողած փորձն է և ամենակարևորը՝ դժվարության պահին միմյանց կողքին լինելու կարողությունը։
Գուցե հենց այդ պատճառով է նրա մասնագիտական մտածողության մեջ կարևոր դարձել ոչ միայն տեսանելի փաստը, այլև այն, ինչ թաքնված է դրա հետևում։ Մարդկանց ասածից բացի՝ հասկանալ նաև այն, ինչ նրանք չեն ասում։ Տեսնել ենթատեքստը։ Հասկանալ հարաբերությունները, չգրված կանոնները, շարժառիթները։
Նա չի ասում, որ դա բացառապես հայկական հատկանիշ է։ Բայց ընդունում է, որ այն միջավայրը, որի մեջ մարդը մեծանում է, ձևավորում է նաև նրա մտածողությունը։ Իսկ փաստաբանի համար երբեմն հենց այդ ճկունությունն է որոշիչ։
Վարդգեսը մեծացել է հայկական ընտանիքում, սակայն նրա կինը իտալուհի է։ Ընտանիք կազմելուց առաջ նրա հետ մի պայման ուներ․ եթե երեխաներ ունենան, նրանց դաստիարակությունը պետք է լինի այնպիսին, ինչպիսին ինքն է ստացել իր ծնողներից։ Գրավոր պայմանագիր չէր, բայց նրա խոսքով՝ իրենց բանավոր պայմանագիրն էր։ Այսօր նրանք երկու երեխա ունեն՝ տղա և աղջիկ։ Աղջկա անունը Նունե է՝ նրա մոր անունով։
Երեխաները հաճախում են հայկական դպրոց, սովորում են գրել ու կարդալ հայերեն։ Վարդգեսն էլ նրանց հետ միայն հայերեն է խոսում։ Եթե երեխաները երբեմն ֆրանսերեն հարց են տալիս, նա պատասխանում է՝ «Չհասկացա»։ Երեխաներն արդեն գիտի՝ պետք է նույնը կրկնել հայերեն։
Նույնիսկ մի շրջան տանը հայկականությունը սովորեցնում էին փոքրիկ թղթիկներով․ տարբեր իրերի վրա հայերեն անուններ էին փակցնում, որպեսզի իտալուհի կինը սովորի բառերը։ Այսօր նա արդեն շատ բան հասկանում է հայերեն։
Հայաստան վերջին այցերից մեկի ժամանակ մի շատ խորհրդանշական բան տեղի ունեցավ․ նախկինում կնոջ համար Հայաստանում լեզվական դժվարությունները երբեմն անորոշության զգացում էին ստեղծում։ Հիմա պարզվեց, որ նրա կողքին երկու փոքրիկ «թարգմանիչներ» կան։ Երեխաներն են նրան օգնում հասկանալ, բացատրում, փոխանցում այն, ինչը նա չի հասկանում։ Այդ տեսարանը գուցե ամենալավ ապացույցն է այն բանի, որ ինքնությունը երբեմն փոխանցվում է ոչ թե մեծ խոսքերով, այլ շատ փոքր, ամենօրյա գործողություններով։
Վարդգեսի համար հայկական ինքնություն ոչ միայն «հայ եմ» ասելով սահմանափակվելն է, այլ այնպես ապրելը, որ այդ ինքնությունը բնականորեն փոխանցվի հաջորդ սերնդին։
Բելգիայում Վարդգեսը Հայաստանի մասին չի լռում։ Նա գործընկերների համար հայկական երեկոներ է կազմակերպում, հրավիրում է նրանց Հայաստան, ասում՝ եկեք, տեսեք երկիրը, ճանաչեք մարդկանց։ Ինչպես ինքն է ասում, Հայաստանը ներկայացնելը միայն պատմել չէ։ Կարևոր է, որ մարդն իր աչքով տեսնի երկիրը, հանդիպի մարդկանց և սեփական պատկերացումն ունենա։
Տարիների ընթացքում նրա գործընկերները իսկապես սկսել են Հայաստանը կապել իր հետ։ Ու այդ կապն այսօր հասել է դատարանի միջանցքներ։
«L’avocat de la communauté arménienne»։
«Vive l’Arménie»։
Թվում է՝ կատակ է։ Բայց այդ կատակների մեջ մի ամբողջ պատմություն կա։
Մի երեխա, որը ժամանակին Բելգիա էր եկել առանց լեզու իմանալու, առանց կեցության իրավունքի, վախով և անորոշությամբ, այսօր այդ երկրի դատարաններում պաշտպանում է մարդկանց իրավունքները։ Իսկ նույն միջավայրում, որտեղ մի ժամանակ իրեն օտար էր զգում, գործընկերներն այսօր նրա միջոցով ճանաչում են մի ամբողջ ժողովրդի։
Նրա համար հայկականությունը միայն Հայաստանի մասին չէ։ Այն նաև աշխարհի տարբեր երկրներում ապրող հայերի մասին է, նրանց, ովքեր շարունակում են սիրել Հայաստանը, կապ պահպանել նրա հետ և իրենց ձևով ինչ-որ բան անել նրա համար։
Ընդգծում է՝ երբ Հայաստանի համար դժվար ժամանակներ են եղել, ինքը չի կարողացել պարզապես կողքից նայել։ Թերևս, հենց այստեղ են միանում նրա կյանքի երկու ամենակարևոր գծերը՝ մասնագիտությունն ու ինքնությունը։ Փաստաբանի գործն է չմնալ անտարբեր մարդու ճակատագրի նկատմամբ։ Հայ լինելը նրա համար նշանակում է չմնալ անտարբեր սեփական ժողովրդի ճակատագրի նկատմամբ։
Վարդգես Խանջարյանի ճանապարհը սկսվել է անորոշությունից։ Բայց այսօր նա ապրում է մի համոզմամբ, որը շատ ավելի պարզ է, քան այն աշխարհը, որտեղ վեց տարեկանում հայտնվեց։ Դուռ բացվելու դեպքում՝ մտնել։ Դուռ չլինելու դեպքում՝ սեփական ճանապարհը գտնել։ Իսկ դժվարության դեպքում՝ շարունակել մտածել, հասկանալ, պաշտպանել ու առաջ գնալ։