Աշխարհ

Կասպից ծովում եղանակային պայմանների կտրուկ վատթարացման հետևանքով զոհվել են զորավարժություններին մասնակցող ղազախ զինծառայողները

2 րոպեի ընթերցում

Կասպից ծովում եղանակային պայմանների կտրուկ վատթարացման հետևանքով զոհվել են զորավարժություններին մասնակցող ղազախ զինծառայողները

Ղազախստանի Մանգիստաուի մարզում՝ Կասպից ծովի ափին անցկացվող ռազմածովային զորավարժությունների ընթացքում, եղանակային պայմանների կտրուկ վատթարացման և քամու ուժեղացման հետևանքով ծովը քշել է 19 զինծառայողի։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Kazinform‑ը, այս մասին հայտնել է Ղազախստանի պաշտպանության նախարարությունը։

«Խոր վշտով հայտնում ենք, որ սեպտեմբերի 24-ին Ղազախստանի Հանրապետության Զինված ուժերի ռազմածովային ուժերի՝ Կասպից ծովի ափին անցկացվող զորավարժությունների ընթացքում ուսումնական-մարտական առաջադրանք կատարելիս եղանակային պայմանների կտրուկ վատթարացման և քամու ուժեղացման հետևանքով զինծառայողները ծովն են քշվել»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։

Նախնական տվյալներով՝ ծովում հայտնվել է 19 զինծառայող։ Այս պահին հաստատվել է նրանցից իննի մահը, երեք զինծառայող փրկվել է, նրանցից մեկը հոսպիտալացվել է։ Մյուսների որոնումները շարունակվում են։

Դեպքի վայր են ուղարկվել փրկարարական ծառայությունների ուժերն ու միջոցները։ Որոնողափրկարարական գործողությանը ներգրավված են ռազմածովային ուժերի, Արտակարգ իրավիճակների նախարարության ստորաբաժանումները, ավիացիան և այլ համապատասխան ծառայություններ։

Դեպքի բոլոր հանգամանքները պարզելու և որոնողափրկարարական աշխատանքները համակարգելու նպատակով դեպքի վայր է մեկնել Ղազախստանի պաշտպանության նախարար Դաուրեն Կոսանովը։

Պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն է հայտնել զոհված զինծառայողների ընտանիքներին և մտերիմներին՝ նշելով, որ նրանց կտրամադրվի անհրաժեշտ օգնություն և աջակցություն։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում