Պակիստանը հայտնել է Բելուջիստանի նահանգում 19 ահաբեկչի ոչնչացման մասին

1 րոպեի ընթերցում

Պակիստանի անվտանգության ուժերը 19 գրոհայինի են  ոչնչացրել Բելուջիստանի նահանգում։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտնել է Իսլամական Հանրապետության զինված ուժերի՝ հասարակայնության հետ կապերի միջգերատեսական վարչությունը (ISPR)։

«Ֆիթնա ալ Խավարիջ» և «Ֆիթնա ալ Հինդուստան» խմբավորումների դեմ հակաահաբեկչական գործողություններ են իրականացվել Քվետայի և Քեչի շրջաններում։ Զինյալների հետ բախումների ընթացքում զոհվել է մեկ պակիստանցի զինծառայող։

Պակիստանի և Հնդկաստանի հարաբերություններում  լարվածության սրման ֆոնին պակիստանյան իշխանությունները սկսել են երկրում գործող ահաբեկչական կազմակերպությունների մեծ մասը պաշտոնապես դիտարկել որպես Հնդկաստանի գործակալներ և դրանց տվել են «Ֆիթնա ալ Հինդուստան» ընդհանուր անվանումը։

Ըստ ISPR-ի տվյալների՝ 2025 թվականին Պակիստանի անվտանգության ուժերը ոչնչացրել են 2 597 զինյալի։ Այդ ժամանակահատվածում Պակիստանում գրանցվել է 5 397 ահաբեկչական հարձակում, որոնց հետևանքով զոհվել է 1 235 մարդ։

Հայերեն Русский