Ֆիջին ՄԻԱՎ-ն ազգային ճգնաժամ է հայտարարել

2 րոպեի ընթերցում

Ֆիջին ՄԻԱՎ-ի տարածումը ազգային ճգնաժամ է հայտարարել այն բանից հետո, երբ անցած տարի նոր ախտորոշված դեպքերի թիվն աճել է 27%-ով։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Reuters-ը գրում է, որ այս ցուցանիշը խորացնում է մտահոգությունը, որ նախկինում հիմնականում ներարկման միջոցով թմրամիջոցներ օգտագործող անձանց շրջանում կենտրոնացած համաճարակն ավելի լայն տարածում է ստանում երկրում։

Ֆիջիի կառավարությունը «Ֆեյսբուք»-ում հրապարակված հայտարարության մեջ հայտնել է, որ 2025 թվականին ՄԻԱՎ է ախտորոշվել 2016 մարդու մոտ, նրանց գնահատականներով՝ յուրաքանչյուր 60 մեծահասակից մեկը ապրում է այդ վարակով։ Կառավարության տվյալներով՝ անցած տարի ՄԻԱՎ-ով ծնվել է 59 երեխա, որից 18-ը մահացել են մինչև մեկ տարեկանը։

Իշխանությունների խոսքով՝ ընդլայնված թեստավորումը նպաստել է վարակվածության նոր դեպքերի հայտնաբերմանը և հնարավորություն տվել ավելի վաղ սկսել բուժումը։ Այժմ Ֆիջին նախատեսում է ընդլայնել անվճար, կամավոր և գաղտնի թեստավորման, կանխարգելիչ դեղամիջոցների, ինչպես նաև ներարկվող թմրամիջոցներ օգտագործող անձանց համար վնասի նվազեցման ծառայությունների և բուժման հասանելիությունը։

Մոտ 900 հազար բնակչություն ունեցող Ֆիջին նոր վարակների թվի ամենաարագ աճ ունեցող երկրներից մեկն է աշխարհում։ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի հարցով ՄԱԿ-ի միացյալ ծրագրի (UNAIDS) տվյալներով՝ 2025 թվականին Ֆիջիում ՄԻԱՎ-ով ապրել է 9100 մարդ, որոնցից միայն 39%-ն է իմացել իր կարգավիճակի մասին։

Ընդ որում, դեպքերից կեսից ավելին փոխանցվել է սեռական ճանապարհով, իսկ ավելի քան 42%-ը՝ ներարկային թմրամիջոցների օգտագործման հետևանքով։

Հայերեն English Русский