2 րոպեի ընթերցում
Հայաստանի գավաթակիր ու սուպերգավաթակիր Երևանի «Նոա»-ն սկսել է ապագա մարզադաշտի կառուցման հիմնական աշխատանքները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը:
130 միլիոն դրամի ներդրման շնորհիվ տարածքով անցնող բարձրավոլտ էլեկտրագծերը տեղափոխվել են գետնի տակ՝ ազատելով տարածքը շինարարության հաջորդ փուլերի համար։ Ամբողջությամբ ապամոնտաժվել են հողատարածքով անցնող 35 կիլովոլտ լարման գծերի հենասյուները, իսկ մոտ 1,6 կիլոմետր հատվածում իրականացվել են անհրաժեշտ հողային աշխատանքները։ Տեղադրվել է 13.040 մետր մալուխ, կառուցվել է նաև պահուստային գիծ, որը բարձրացնում է հարակից գյուղերի էլեկտրամատակարարման հուսալիությունը։
Ակումբը շուտով կներկայացնի եվրոպական ամենաբարձր չափանիշներին համապատասխանող մարզադաշտի նախագիծը, որից հետո կսկսվեն շինարարական աշխատանքները:
Ավելի վաղ «Նոա» ՖԱ-ն ներկայացրել է «Noah Park» նախագծի լայնածավալ ճարտարապետական և ինժեներական կոնցեպտը, որը նախատեսվում է իրականացնել Վաղարշապատում։ Նախագիծը միավորում է մարզական, կրթական, ենթակառուցվածքային և հանրային տարածքները՝ նպատակ ունենալով ձևավորել ժամանակակից ֆուտբոլային և զարգացման էկոհամակարգ։ «Noah Park»-ի գաղափարախոսությունը հիմնված է երկարաժամկետ զարգացման, տարածքային ինտեգրման և ժամանակակից ճարտարապետության վրա։ Նախագծում ներառված են մարզադաշտ, ֆուտբոլային ակադեմիա, հանրային և հանգստի գոտիներ, ինչպես նաև բազմաֆունկցիոնալ տարածքներ, որոնք նախատեսված են ոչ միայն խաղային օրերի, այլև ամենօրյա օգտագործման համար։