«Նոր գիրք»-34/26. Չարխչյան, Քրիստի, Դահիգ

4 րոպեի ընթերցում

«Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը:

Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին:

Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2026 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Հայ գրականություն․ Հովիկ Չարխչյան, «Վերջին անգամ մեռնողը»

Ժողովածուում ընդգրկված ստեղծագործությունների առանցքային թեման տարաբնույթ իրավիճակներում մարդկային էության շեշտված դրսևորումներն են՝ ներկայանալով ոչ այնքան որպես իրադարձության հետեւանք, որքան վարք ու կենսակերպ։ Միջավայրի, ժամանակի, դրության փոփոխություններում հերոսները տրվում են իրենց բաժին ընկած փորձություններին։ Եվ միշտ չէ, որ հաղթում են։ Սակայն նրանք կարողանում են գոյության իմաստավորման նախապայմաններ ստեղծել։ Խմբագիր՝ Արքմենիկ Նիկողոսյան։   Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:

Թարգմանական գրականություն․ Ագաթա Քրիստի, «Հովիտը»

1946 թվականին լույս տեսած «Հովիտը» վեպը հանրահայտ խուզարկուի՝ Էրքյուլ Պուարոյի մասնակցությամբ ստեղծագործություններից մեկն է: Հետաքրքրական է, որ Ագաթա Քրիստին դժգոհ էր այս գործում բելգիացու ներկայությունից՝ հետագայում իր ինքնակենսագրականում նշելով, որ փչացրել է վեպը Պուարոյի մուտքով:

Էնգքաթելներին պատկանող «Հովիտ» կալվածքի բնակիչների և հյուրերի շաբաթավերջի ժամանցը խաթարվում է սպանութամբ, իսկ Էրքյուլ Պուարոն հանցանքի վայր է ժամանում մահացու կրակոցից րոպեներ անց...

Դետեկտիվի թագուհու՝ Ագաթա Քրիստիի՝ գրքին գամող առեղծվածային պատմությունները տասնամյակներ շարունակ «հանգիստ չեն տվել» միլիոնավոր ընթերցողների: Նրա գրքերը տպագրվել են ավելի քան 2 միլիարդ օրինակով, թարգմանվել են աշխարհի շուրջ 100 լեզուներով՝ առաջ անցնելով Ժյուլ Վեռնի և Ուիլյամ Շեքսպիրի հրատարակություններից: Ագաթա Քրիստին գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես բոլոր ժամանակների ամենավաճառված գրքերի հեղինակ:

Համաշխարհային գրականության ամենախորհրդավոր դետեկտիվ պատմություններն ու կերպարները կերտած բրիտանացի գրողն իր ժանրում նմանը չունեցող ժառանգություն է թողել աշխարհին: Թարգմանիչ՝ Քրիստինե Չիլինգարյան։ Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ»-ը: 

Նոն ֆիքշն գրականություն․ Չարլզ Դահիգ, «Սուպերհաղորդակցվողներ»

Արդյունավետ հաղորդակցվելու համար գերմարդկային ուժ է պետք գործադրել։ Մարդկանց հետ շփվելու վարպետները գիտեն, որ յուրաքանչյուր զրույց իրականում բաղկացած է երեք զուգահեռ խոսակցություններից՝ գործնական («Ի՞նչ է իրականում կատարվում»), հուզական («Ի՞նչ ենք զգում») և սոցիալական («Ո՞վ ենք մենք»)։ Մեր կենափորձը, արժեքները, հույզերը, նաև այն, թե ինչպես ենք ընկալում ինքներս մեզ և ուրիշներին, ազդում են մեր յուրաքանչյուր զրույցի վրա։ Այս գրքի շնորհիվ կիմանաք, թե որոշ մարդիկ իրենց ո՛ր հմտությունների ու կարողությունների շնորհիվ են հստակ արտահայտում իրենց մտքերը և նույնքան հստակ հասկանում այլոց։ Թարգմանիչ՝ Լիանա Զաքարյան։ Գիրքը լույս է ընծայել Newmag-ը։

Հայերեն Русский