Շրջանառության մեջ կդրվի «Հայաստանի Հանրապետության 35-ամյակ» արծաթե հուշադրամը

2 րոպեի ընթերցում

2026 թվականի սեպտեմբերի 14-ին շրջանառության մեջ կդրվի  «Հայաստանի Հանրապետության 35-ամյակ» արծաթե հուշադրամը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ կենտրոնական բանկից։

Դիմերես՝ ՀՀ զինանշանը և հայկական զարդանախշ:

Դարձերես՝ ՀՀ Ազգային ժողովի շենքը (ճարտարապետ՝ Մ. Գրիգորյան, 1950 թ.), ոճավորված եռագույնը, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 35-ամյակ» մակագրությունը և «Մեր հայրենիք» ՀՀ օրհներգի տողերից՝ «...Թող միշտ պանծա Հայաստան» (տեքստը՝ Մ. Նալբանդյանի, երաժշտությունը՝ Բ. Կանաչյանի):

Էսքիզների հեղինակ՝ Էդուարդ Կուրղինյան:

Հուշադրամը հատվել է Լիտվայի դրամահատարանում: 

Տեխնիկական չափանիշները 

Անվանական արժեքը-5000 դրամ

Մետաղը/հարգը-արծաթ 9250

Քաշը-168,1 գ

Տրամագիծը- 63,0 մմ

Որակը-պրուֆ

Դրամաշուրթը–հարթ/համարակալված

Թողարկման քանակը-300 հատ

Թողարկման տարեթիվը-2026

Հուշադրամները թանկարժեք մետաղներից պատրաստված դրամներ են, որոնք թողարկվում են երկրի ազգային, միջազգային, պատմամշակութային, հոգևոր և այլ արժեքները հասարակությանը ներկայացնելու, դրանք մետաղի տեսքով հավերժացնելու, ինչպես նաև դրամագիտական շուկայի պահանջարկը բավարարելու նպատակով:

Ինչպես ցանկացած դրամ, հուշադրամներն ունեն անվանական արժեք, որով և ներկայանում են որպես վճարամիջոց: Սակայն հուշադրամների անվանական արժեքը շատ ավելի ցածր է ինքնարժեքից, որը բաղկացած է հուշադրամի պատրաստման համար օգտագործված թանկարժեք մետաղի արժեքից, արտադրության և այլ ծախսերից: Ցածր անվանական արժեքն ու բարձր ինքնարժեքը հնարավորություն են տալիս այս տեսակի դրամը դիտարկելու ոչ թե որպես դրամաշրջանառության մեջ օգտագործվող վճարամիջոց, այլ որպես հավաքորդական առարկա: Հուշադրամներն ունեն նաև ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված վաճառքի գին:

Հուշադրամները՝ հանդիսանալով հավաքորդական առարկա, թողարկվում են խիստ սահմանափակ քանակով և չեն վերաթողարկվում:

Դրամագետները, հավաքորդներն ու պարզապես ցանկացողները կարող են գնել ՀՀ հուշադրամները ՀՀ կենտրոնական բանկի «Դրամագետ» վաճառասրահից, որը գործում է ԿԲ ներսում և բաց է բոլորի համար:

Հայերեն Русский