Եվրոպա

Իսլանդիան նախատեսում է օրենքով արգելել կետերի որսը

2 րոպեի ընթերցում

Իսլանդիան նախատեսում է օրենքով արգելել կետերի որսը

Իսլանդիայի կառավարությունը փետրվարին կներկայացնի օրինագիծ կետերի որսն արգելելու մասին։ Նախագծի ընդունման դեպքում Նորվեգիան և Ճապոնիան կմնան աշխարհում միակ երկու երկրները, որոնք կշարունակեն կետերի արդյունագործական որսը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters-ը։

Իսլանդիայում կետորսությունը տարիներ շարունակ բողոքի ակցիաների պատճառ է դարձել կենդանիների պաշտպանությամբ զբաղվող ակտիվիստների, հոլիվուդյան հայտնի դերասանների ու այլ հանրահայտ անձանց շրջանում։

Կառավարությունը, որը խորհրդարանում մեծամասնություն ունի, սեպտեմբերի 9-ի ուշ երեկոյան իր կայքում հայտնել է, որ օրինագիծը սահմանելու է «կետորսության մշտական արգելք»։

Այս տարվա որսաշրջանի ընթացքում, որը սկսվում է հունիսին և տևում մինչև սեպտեմբերի վերջը, սեպտեմբերի 9-ի դրությամբ որսացել են 80 ֆինվալ (հսկա կետի տեսակ, որը չափսերով զիջում է միայն կապույտ կետին): Այս մասին հայտնել է կենդանիների պաշտպանությամբ զբաղվող Humane World for Animals կազմակերպությունը։ Այս տարի թույլատրված քվոտան 150 ֆինվալի որսն է։ Ընդ որում, ֆինվալները Բնության պահպանության միջազգային միության կողմից դասակարգվում են որպես խոցելի տեսակ։

«Արդյունաբերական կետորսությունն արգելող այս օրինագիծը ունի զգալի քաղաքական և հանրային աջակցություն»,- նշել է Humane World for Animals-ի ներկայացուցիչ Վենդի Հիգինսը։

2024 թվականին Իսլանդիայի անցումային կառավարությունը հնգամյա արտոնագիր էր տրամադրել երկրում մնացած միակ կետորսական ընկերությանը։

Կետորսության միջազգային հանձնաժողովի տվյալների համաձայն՝ վերջին տարիներին արդյունագործական կետորսությամբ զբաղվել են միայն Իսլանդիան, Նորվեգիան և Ճապոնիան։

Նորվեգիան կոմերցիոն կետորսությունը վերսկսել է 1993 թվականին, իսկ Իսլանդիան՝ 2006 թվականին՝ չնայած 1986 թվականին ուժի մեջ մտած միջազգային մորատորիումին, որի նպատակն էր պաշտպանել կետերի պոպուլյացիաները։

Ճապոնիան 2019 թվականին դուրս է եկել Կետորսության միջազգային հանձնաժողովից և վերսկսել կետորսությունը իր տարածքային ջրերում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում