4 րոպեի ընթերցում
«Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2026 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:
Թարգմանական գրականություն
Ֆրենք Հերբերթ, «Դյունի մեսիան»
«Դյունի մեսիան» գիտաֆանտաստիկ վեպ է իշխանության մասին, որը վերափոխում է ոչ միայն պետությունը, այլև դրա կառավարչին: Գրքի կենտրոնում Փոլ Ատրեյդեսն է՝ հայտնի տիեզերքի կայսրը, և նրա մարգարեական պարգևի, քաղաքական իրականության և նրա շուրջ ստեղծված կրոնական պաշտամունքի միջև բախումը: Ֆրենք Հերբերթը նկարագրում է ոչ թե հերոսի հաղթանակը, այլ հաղթանակից հետո կայացրած որոշումների ահռելի բեռը: «Իշխանությունը սովորաբար մեկուսացնում է մարդկանց։ Ի վերջո նրանք կորցնում են կապը իրականության հետ… և տապալվում»՝ այս արտահայտությունը ճշգրտորեն փոխանցում է վեպի էությունը։ Իր խորությամբ «Դյունի մեսիան» դասվում է փիլիսոփայական գիտաֆանտաստիկայի այլ խոշոր ստեղծագործությունների շարքին: Թարգմանիչ՝ Մարիա Սադոյան։ Գիրքը լույս է ընծայել «Զանգակ»-ը:
Մանկական գրականություն
Մեգան Մակդոնալդ, «Ջուդի Մուդին տրամ չունի»
Ջուդի Մուդիի տրամադրությունը վատ էր, գերադրական աստիճանի վատ. պետք է ընտելանար դպրոցական նոր գրասեղանին ու նոր դասարանին։ Այդ գրասեղանի վրա չէր լինելու իր անունով արմադիլոյի ստիկերը, չէր լինելու Ռոջեր անունով մացառախոզը։ Ու, իհարկե, իր բախտից՝ նստեցնելու էին առաջին շարքում, որտեղից միստր Թոդն ամեն անգամ տեսնելու էր, որ ինքը երկտող է փոխանցում մտերիմ ընկերուհուն՝ Ռոքիին։Բժիշկ դառնալու երազանքով ապրող Ջուդին ունի փոքր եղբայր, որի վրա կարելի է «բժշկական փորձեր» անել, նոր, շատ հետաքրքիր մի ընտանի կենդանի և կպչուն սպեղանիների հսկայական հավաքածու։ Ջուդին ինքնավստահ, համարձակ ու սեփական կարծիքն ունեցող աղջնակ է։ Եվ երբ միստր Թոդը հանձնարարում է մի յուրահատուկ նախագիծ անել, նա վերջապես իր ուժեղ կողմերը ցույց տալու հնարավորություն է ստանում։ Մեգան Մակդոնալդի՝ հումորով լի գիրքը զվարճալի ու գրավիչ ընթերցանության է մղում երեխաներին, հատկապես երբ մի փոքր «անտրամ» են։ Նախատեսված է 9-12 տարեկան երեխաների համար։ Գիրքը լույս է ընծայել Newmag-ը։
Նոն ֆիքշն գրականություն
Իգոր Ռիզով, «Բանակցությունների դպրոցը»
Ի՞նչն է մեզ խանգարում 100% -ով հասնել մեր նպատակներին։ Պարզ է, որ երբեմն դա կախված է իրավիճակից։ Ամեն անգամ, երբ ցանկանում ես ինչ-որ բանի հասնել, նախ մտածում ես. ի՞նչ պետք է հաղթահարեմ։ Ու հաճախ գալիս ես եզրակացության, որ խոչընդոտների ցանկը գրեթե անվերջ է։
Եվ ի՞նչն է խանգարում բանակցողներին, երբեմն նույնիսկ շատ փորձառուներին հասնել իրենց նպատակներին։ Հայացքների անճկունությունը, զիջումների դիմելու դժկամությունը, անձնական հավակնությունները․․․ Այո, ցանկը կարող է անվերջ շարունակվել։
Այս գրքի էջերում նկարագրված են ազդեցության կոշտ սխեմաները, ներգործության հակադարձ տեխնիկաները, Մաուգլիի, Բենջամին Ֆրանկլինի և այլոց սկզբունքները, որոնք կատարելապես արտացոլում են բանավիճելու յուրահատկությունները։
Թարգմանությունը ռուսերենից՝ Հռիփսիմե Մադոյանի։ Խմբագիր՝ Նելլի Հայրապետյան։ Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը: