2 րոպեի ընթերցում
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավաստիացնում է, որ իր ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չէ ու որևէ գործարար հետաքրքրություն չունի։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այդ մասին ասել է Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով քննարկումներին, թե գործարար Նարեկ Նալբանդյանը բիզնես կապեր ունի իր ընտանիքի հետ։
«Եթե Հայաստանի տնտեսական դաշտում կա մեկը, որ ինձ և ընդհանրապես մեր ընտանիքին նյարդայնացնում է արդեն տանելիության բոլոր սահմաններից դուրս, դա Նարեկ Նալբանդյանն է։ Ես հանձնարարել եմ, որ իրավապահ մարմինները վարույթներ նախաձեռնեն, և, եթե մենք ստանանք որևէ ապացույց, որ որևէ գործարար, այդ թվում՝ Նարեկ Նալբանդյանը, փորձում է տպավորություններ ստեղծել, թե ինքը մեր ընտանիքի հետ որևէ կապ ունի, ես հավաստիացնում եմ, որ մեր արձագանքը կլինի շատ դաժան։ Ես չգիտեմ, թե դուք եք այդ տպավորությունը ստեղծում, թե ինքն է փորձում ստեղծել ձեր միջոցով, բայց էլի ասում եմ, թեկուզ մի փոքր հիմնավորում լինի, որ նա փորձ է անում տպավորություն ստեղծել, թե իմ ընտանիքի հետ կապ ունի, արձագանքը կլինի շատ դաժան։
Ինձ համար զարմանալի է, թե ինչու նա չի հերքում, երբ ամեն անգամ նման հրապարակում է լինում։ Սա մեզ ահավոր նյարդայնացնում է, և, եթե այդ հիմնավորումները բավարար լինեն, ես հավաստիացնում եմ, որ Նարեկ Նալբանդյանը կարժանանա ավելի դաժան ճակատագրի, քան արժանացել են մյուս օլիգարխները։ Իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չէ, որևէ տեղ ֆորմալ կամ ոչ ֆորմալ փայ չունի։ Ես զգուշացնում եմ բոլոր գործարարներին՝ ով կփորձի աչքով տալով, չգիտեմ ինչ անելով, լռությամբ ստեղծել տպավորություն, թե մեր ընտանիքի հետ կապ ունի, դաժան, անհամաչափ արձագանք է լինելու մեր կողմից։ Սա եկեք արձանագրենք մեկընդմիշտ։ Մեր ընտանիքիը որևէ բիզնեսի մեջ չկա, մեր ընտանիքը որևէ գործարար հետաքրքրություններ չունի»,- նշել է ՀՀ վարչապետը։