ՇՀԿ-ն Հայաստանի համար նպաստավոր հարթակ է քաղաքական և տնտեսական կապերն այլ երկրների հետ զարգացնելու համար. չինագետ

5 րոպեի ընթերցում

«Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհրդի նախագահ Մհեր Սահակյանի կարծիքով՝ Շանհայան համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) հերթական համաժողովը կայացավ աշխարհաքաղաքական լարված պայմաններում, ուստի համաժողովի մասնակիցները փորձեցին այդ հարթակն օգտագործվել՝ հրատապ խնդիրները քննարկելու, ինչպես նաև տարբեր հարցերի շուրջ կառուցողական առաջարկություններով հանդես գալու համար։  

«Արմենպրես»-ի հետ զրույցում չինագետ Մհեր Սահակյանն անդրադարձավ Ղրղզստանում կայացած ՇՀԿ հերթական համաժողովի աշխատանքներին՝ հընթացս խոսելով այն մասին, թե ինչպիսի աշխարհաքաղաքական ու աշխարհատնտեսական իրավիճակում կայացավ այդ համաժողովը և ինչ հեռանկարներ կարող է այն բացել անդամ երկրների ու անդամության թեկնածու պետությունների առջև։  

«Ներկայում լարված են ԱՄՆ-ի ու Չինաստանի, ԱՄՆ-ի ու Իրանի հարաբերությունները, մարտական գործողությունները շարունակվում են ռուս-ուկրաինական ճակատում, հետևաբար ՇՀԿ համաժողովին մասնակցող պետությունները փորձում են լուծումներ գտնել այն տարածաշրջանների վերաբերյալ, որտեղ իրենք գտնվում են, մանավանդ որ ՇՀԿ-ն այլևս չի առնչվում միայն Կենտրոնական Ասիային, արդեն ունի ավելի լայն ընդգրկելիություն։ Խոսքը վերաբերում է նաև Մերձավոր Արևելքին ու Արևելյան Եվրոպային։ Երկխոսության գործընկերներ կան նաև Աֆրիկայից, որոնց թվում տեսակարար մեծ կշիռ ունի Եգիպտոսը։ Այդ ամենը վկայում է այն մասին, որ վերջին շրջանում տվյալ կազմակերպության հեղինակությունը զգալիորեն մեծացել է»,- նշեց Սահակյանը։

Նրա դիտարկմամբ՝ ՇՀԿ-ի շրջանակում հնարավոր է գտնել լուծումներ թե՛ անվտանգային, թե՛ տնտեսական հարցերի շուրջ, ինչպես նաև ձեռք բերել քաղաքական պայմանավորվածություններ կենսական նշանակություն ունեցող խնդիրների վերաբերյալ։ Սահակյանը կարևորեց ՀՀ վարչապետի գլխավորած հայկական պատվիրակության մասնակցությունը հերթական համաժողովին։

«Մեր ներկայությունը շատ կարևոր է այն առումով, որ Հայաստանը նպատակ ունի դառնալ ՇՀԿ լիիրավ անդամ։ Տվյալ կազմակերպությունը Հայաստանի համար լավ հարթակ է՝ տնտեսական, քաղաքական հարաբերությունները Չինաստանի, Հնդկաստանի և այլ երկրների հետ զարգացնելու տեսանկյունից։ Սա նպաստավոր հարթակ է նաև Ադրբեջանի հետ երկկողմ բանակցությունների համար, ինչը շատ կարևոր է խաղաղությունը պահպանելու առումով։ Կան նաև երկրներ, որոնց հետ ունենք տարաձայնություններ։ Այդպիսին է, օրինակ, Ռուսաստանը, հետևաբար ՇՀԿ-ն դիտարկվում է որպես պլատֆորմ՝ հայ և ռուս գործընկերների հանդիպումների համար, որոնց ընթացքում կողմերը կարող են հանգամանորեն քննարկել տարատեսակ հարցեր և ուղիներ փնտրել առկա տարաձայնությունները հարթելու համար»,- ասաց մեր զրուցակիցը։  

Սահակյանը հավելեց, որ ՇՀԿ առաջատար երկրներն են ՉԻնաստանը, Հնդկաստանն ու Ռուսաստանը, որոնք ետաքրքրություններ ունեն մի շարք տարածաշրջաններում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, ուստի հանդես են գալիս լոգիստիկ մեգանախագծերը կյանքի կոչելու գաղափարներով։

«Չինաստանն առաջ է քաշում «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը, որում կարևորվում են Կենտրոնական Ասիայի, Արևմտյան Ասիայի և Հարավային Կովկասի ուղղությունները։ Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա սահմանների բացումը, տրանսպորտային հանգույցների համակցումը հնարավորություն կտան գերտերություններին ավելի ակտիվ դերակատարում ունենալ մեր տարածաշրջանում։ Հայաստանն էլ իր հերթին զերծ չի մնա նշված կազմակերպության շրջանակում իրականացվող բեռնափոխադրումներից։ Ռուսաստանն ու Հնդակաստանն ավելի շատ շահագրգռված են Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանքով, հետևաբար կձգտեն իրենց ջանքերն ակտիվացնել այդ ուղղությամբ»,- ասաց Սահակյանը։

Նրա կարծիքով՝ դա նաև լավ առիթ է լոգիստիկ մեգանախագծերին համակցել հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը։

«Պետք է փորձենք հայկական ենթակառուցվածքները համակցելու նոր ուղիներ գտնել, ևս մեկ անգամ բանակցել ռուսական կողմի հետ, որի տնօրինության ներքո է գտնվում հայկական երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը, որպեսզի հայկական երկաթուղիները ևս դառնան ՇՀԿ-ի ամբողջական բեռնափոխադրումների և միջազգային տրանսպորտային միջանցքների կարևոր մասը»,- եզրափակեց Սահակյանը։ 

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցի շրջանակում Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում մասնակցել է Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանը և դրա շրջանակում կազմակերպված միջոցառումներին: Այցի շրջանակում Փաշինյանը երկկողմ հանդիպումներ է ունեցել արտերկրի գործընկերների հետ: 

Հայերեն English Español Русский