Սեդրակ Քոչարյանը կալանավորվել է

2 րոպեի ընթերցում

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը 2 ամսով կալանավորվել է։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դատական նիստի ավարտից հետո այս մասին հայտնել է փաստաբան Ալոքսանդր Կոչուբաևը։ 

Նա նաև հայտնել է, որ սահմանափակվել են նաև Սեդրակ Քոչարյանի տեսակցությունները, բացառություն են նրա կինն ու երեխաները։ 

Ավելի վաղ ՀՀ հակակոռուպցիուն կոմիտեից տեղեկացրել էին, որ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 6 անձ, այդ թվում՝ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, նրա որդին և հանցավոր սխեմաներում ներգրավված այլ անձինք։

Հաղորդագրության մեջ նշվում էր, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով փաստական տվյալներ են ստացվել առ այն, որ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրած անձը, իր հետ մտերիմ անձանց հետ նախնական համաձայնությամբ, պաշտոնեական դիրքն օգտագործելով, տարբեր շինծու հիմքերով պետական սեփականությունից առանձնացրել և շուկայականից էականորեն ցածր գներով ձեռք է բերել հասարակական և տնտեսական նշանակություն ունեցող մի շարք արժեքավոր գույքեր։

Հակակոռուպցիոն կոմիտեն Ռոբերտ Քոչարյանին ևս կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան, սակայն նրա  խափանման միջոցի վերաբերյալ դատական նիստը կկայանա  բժշկական որոշակի հետազոտություններ անցնելուց հետո։ Հիշեցնենք, որ օգոստոսի 25-ին Հակակոռուպցիոն կոմիտեում Ռոբերտ Քոչարյանի ինքնազգացողությունը վատացել էր, նրան շտապօգնության ավտոմեքենայով  տեղափոխել էին բժշկական հաստատություն։

Հայերեն English Español Русский Türkçe