Եվրոպա

Վատիկանը պատրաստ է օգնել Ուկրաինայում խաղաղության հասնելու հարցում. կայացել է Լավրով-Գալագեր հանդիպումը

2 րոպեի ընթերցում

Վատիկանը պատրաստ է օգնել Ուկրաինայում խաղաղության հասնելու հարցում. կայացել է Լավրով-Գալագեր հանդիպումը

Վատիկանը պատրաստ է ցանկացած բարի ծառայություն մատուցել ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հույսով, հայտարարել է Սուրբ Աթոռի պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ հարաբերությունների քարտուղար Փոլ Ռիչարդ Գալագերը, որը Մոսկվայում հանդիպել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

«Մենք նույնպես պատրաստ ենք ցանկացած հնարավոր ձևով առաջարկել մեր բարի ծառայությունները՝ հույս ունենալով, որ այդքան ցանկալի խաղաղությունը հնարավորինս շուտ կարողանա հաստատվել», - Լավրովի հետ բանակցություններից հետո լրագրողներին ասել է Գալագերը։

Մինչ այդ Վատիկանի բարձրաստիճան դիվանագետի հետ հանդիպման բացմանը Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանին և Վատիկանին հաջողվել է փոխհարգալից երկխոսություն պահպանել՝ չնայած աշխարհում ստեղծված իրադրությանը:

«Մենք նշում ենք, որ չնայած մեր մոլորակի վրա տեղի ունեցող այս բոլոր փոփոխություններին՝ մեզ հաջողվել է Վատիկանի հետ պահպանել վստահելի, փոխհարգալից երկխոսություն, որը, հուսով եմ, մեզ թույլ է տալիս գտնել դրական և իրագործելի լուծումներ», - ասել է Լավրովը, որի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս» գործակալությունը։

ՌԴ ԱԳ նախարարի խոսքով՝ Մոսկվայի բանակցությունների քննարկման օրակարգում են ռուս-վատիկանյան երկկողմ փոխգործակցության հարցերը և հրատապ միջազգային թեմաները։

Իր կողմից Գալագերը հանդիպման բացմանը նշել է, որ միջազգային հարաբերությունների համար այս դժվարին ժամանակներում երկխոսությունն ավելի կարևոր է, քան երբևէ, և դիվանագիտությունն աշխարհին ավելի անհրաժեշտ է, քան երբևէ:

«Մենք գնահատում ենք այս հանդիպումը և այն համարում ենք մեր երկխոսության օրինաչափ շարունակությունը, որը պահպանվում է», - հայտարարել է նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում