Կուբայում հայտարարել են, որ ԱՄՆ-ն ձգտում է պատժամիջոցներով վնաս հասցնել երկրի տնտեսությանը

2 րոպեի ընթերցում

Վաշինգտոնի նոր պատժամիջոցները Հավանայի նկատմամբ նպատակ ունեն վնաս հասցնելու Կուբայի տնտեսությանը և խանգարելու Կուբայի կառավարությանը հիմնական ծառայություններ տրամադրել բնակչությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Կուբայի արտաքին գործերի նախարար Բրունո Ռոդրիգես Պարիլյան։

«ԱՄՆ պետքարտուղարը շարունակում է պատժամիջոցներ կիրառել Կուբայի ընկերությունների դեմ՝ միտումնավոր ձգտելով վնաս հասցնել մեր տնտեսությանը և խանգարել Կուբայի կառավարությանը հիմնական ծառայություններ տրամադրել բնակչությանը, որն առանց այն էլ գտնվում է ծանր վիճակում շրջափակման պատճառով», - գրել է նա իր Telegram ալիքում։

Նախարարը նշել է, որ այս պատժամիջոցները, մասնավորապես, «խոչընդոտում են պարենով, դեղորայքով և բժշկական սարքավորումներով բեռնարկղերի տեղափոխմանը, որոնց զգալի մասը գնում են կուբայական մասնավոր փոքր և միջին բիզնեսի ձեռնակությունները»։

Օգոստոսի 20-ին ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել ICAP-ի (խմբ.՝ Ժողովուրդների հետ Կուբայի բարեկամության ինստիտուտ)  երեք ներկայացուցչի, Կուբայի շինարարության նախարարության և ութ իրավաբանական անձանց դեմ, որոնք, ենթադրաբար, կապված են հանրապետության կառավարության հետ: ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության հայտարարության համաձայն՝ արդեն իսկ ամերիկյան պատժամիջոցների ներքո գտնվող ICAP-ի անդամները սպառնալիք են ներկայացնում Միացյալ Նահանգների անվտանգության համար:

Հայերեն