ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականության առաջնահերթ քայլերն ուղղված են լինելու արտահանման շուկաների և ապրանքային կառուցվածքի դիվերսիֆիկացմանը
14 րոպեի ընթերցում

Հայաստանի կառավարության տնտեսական քաղաքականությունն առաջիկա տարիներին միտված է լինելու բարձր արտադրողականություն ունեցող և ավելացված արժեք ստեղծող, տեխնոլոգիահենք ու արտահանմանը միտված թափանցիկ բիզնեսի զարգացմանը, տնտեսության կառուցվածքային վերափոխմանը և հայկական բիզնեսների ավելի խոր ինտեգրմանը տարածաշրջանային ու գլոբալ արժեշղթաներին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ասված է ՀՀ կառավարության 2026-2031 թվականների գործունեության ծրագրում։
«Պայմանավորված աշխարհաքաղաքական նոր իրողություններով, գլոբալ արժեշղթաների վերակազմավորմամբ և տեխնոլոգիական զարգացումներով՝ Կառավարությունը պետք է շարունակի բաց, ներառական, միջազգայնորեն ինտեգրված, մրցունակ, գիտելիքահենք և նորարարական տնտեսությանը միտված քաղաքականությունը, ինչը բնորոշվում է արտադրողականության, զբաղվածության և ստեղծված ավելացված արժեքի շարունակական աճով։
Տնտեսական քաղաքականությունն ուղղված է լինելու բարձր արտադրողականություն ունեցող և ավելացված արժեք ստեղծող, տեխնոլոգիահենք ու արտահանմանը միտված թափանցիկ բիզնեսի զարգացմանը, տնտեսության կառուցվածքային վերափոխմանը և հայկական բիզնեսների ավելի խոր ինտեգրմանը տարածաշրջանային ու գլոբալ արժեշղթաներին։ Զուգահեռաբար, առաջնահերթ են լինելու ներդրումների համար պաշտպանված, բարենպաստ, կանխատեսելի և վստահելի միջավայրի ձևավորումը, կարգավորումների պարզեցումը և թվայնացումը, մրցակցությունը և հավասար հնարավորությունները, բիզնեսների թվային և տեխնոլոգիական արդիականացումը, միջազգային ստանդարտների լայն կիրառումը, ֆինանսների հասանելիության ընդլայնումը, ենթակառուցվածքների զարգացումը և մրցունակ աշխատուժի ձևավորումը»,- նշված է ծրագրում։
Տնտեսական քաղաքականության փիլիսոփայությունը կառուցվելու է հետևյալ սկզբունքների շուրջ՝
ներառական տնտեսական զարգացում՝ բիզնեսի ստեղծման և զարգացման հնարավոր կառուցվածքային խոչընդոտների վերացում, արհեստական մենաշնորհների բացառում, մրցակցության խթանում և պաշտպանություն, ֆինանսական ռեսուրսների և տնտեսական հնարավորությունների հավասար հասանելիություն, ինչպես նաև յուրաքանչյուր քաղաքացու ստեղծարար ու ձեռնարկատիրական ներուժի իրացման բարենպաստ պայմանների ապահովում, տարածաշրջանային փոխկապակցվածություն և գլոբալ ինտեգրում՝ տրանսպորտային ու տնտեսական կապերի զարգացում, Հայաստանի դիրքավորում որպես առևտրի և տարանցման հանգույց, նոր շուկաների, ներդրումների և միջազգային արժեշղթաների հասանելիության ընդլայնում, գիտելիքահենք և տեխնոլոգիական վերափոխում՝ գիտության, նորարարության, թվայնացման, ԱԲ և տվյալահենք կառավարման կիրառմամբ արտադրողականության ու մրցունակության բարձրացում, մրցունակ, որակյալ և դիմակայուն տնտեսություն՝ միջազգային չափանիշներին համապատասխան արտադրանքի ու ծառայությունների ստեղծում և զարգացում, արտահանման շուկաների, ոլորտների և մատակարարման աղբյուրների դիվերսիֆիկացում, կայուն և հավասարակշռված զարգացում՝ տնտեսական աճի համաչափ բաշխում մարզերի ու սոցիալական խմբերի միջև, շրջակա միջավայրի պաշտպանություն, ռեսուրսների արդյունավետ կառավարում ու օգտագործում և շրջանաձև տնտեսության խթանում։
Տնտեսական քաղաքականության առաջնահերթ քայլերն ուղղված են լինելու՝
· արտահանման շուկաների և ապրանքային կառուցվածքի դիվերսիֆիկացմանը, որը հնարավոր կդառնա հայկական ծագման արտադրանքի որակի բարձրացման, միջազգային ստանդարտների լայնածավալ կիրառման, լոգիստիկ հնարավորությունների ընդլայնման, ապահովագրության գործիքների կիրառման ու գլոբալ արժեշղթաներում ինտեգրման միջոցով,
ներդրումների ծավալի շարունակական բարձրացմանը, այդ թվում՝ վերազգային կորպորացիաների ներգրավման և ներդրումների խթանման տարբերակված գործիքների կիրառման միջոցով, ՀՆԱ–ում խոր տեխնոլոգիական (Deep Tech) կազմակերպությունների, տեխնոլոգիական ընկերությունների և ստարտափների ստեղծած ավելացված արժեքի մասնաբաժնի մեծացմանը։
Գլոբալ և ինտեգրված տնտեսություն
Հայաստանի Հանրապետության երկարաժամկետ տնտեսական զարգացման համար անհրաժեշտ է ընդլայնել երկրի մասնակցությունը միջազգային առևտրին, ներդրումային հոսքերին և գլոբալ արժեշղթաներին։ Տնտեսության բացությունը պետք է արտահայտվի ոչ միայն արտաքին առևտրի ծավալների աճով, այլև արտահանման մեջ ավելացված արժեքի ավելացմամբ, շուկաների ու ապրանքների դիվերսիֆիկացմամբ, տեղական կազմակերպությունների միջազգային արտադրական կապերի խորացմամբ և Հայաստանի Հանրապետության՝ որպես ներդրումային ու լոգիստիկ հանգույցի դիրքավորմամբ։
Ներդրումների խթանում և պաշտպանություն
Հայաստանը տարածաշրջանում առավել գրավիչ ներդրումային ուղղություններից մեկը դարձնելու նպատակով Կառավարությունը ձևավորելու է պաշտպանված, կանխատեսելի, թափանցիկ, կայուն և վստահելի ներդրումային միջավայր։ Կառավարությունը կենտրոնանալու է ոչ միայն ներգրավվող ներդրումների ծավալի ավելացման, այլև դրանց որակի և տնտեսական ազդեցության բարձրացման վրա. առաջնահերթություն է տրվելու այն ներդրումային ծրագրերին, որոնք նպաստում են բարձր ավելացված արժեքի ստեղծմանը, տնտեսության տեխնոլոգիական վերափոխմանը, արտադրողականության ու արտահանման աճին, աշխատուժի մասնագիտական կարողությունների զարգացմանը և բարձր արտադրողականությամբ նոր աշխատատեղերի ստեղծմանը։
Այդ նպատակով՝
1) Ներդրումների կարգավորմանն առնչվող օրենսդրությունը (հարկային, լիցենզավորման, թույլտվությունների տրամադրման, ստուգումների իրականացման, սնանկության, հողային հարաբերություններին առնչվող) մշտապես լավարկվելու է՝ համապատասխանեցվելով միջազգային լավագույն փորձին և ժամանակակից ներդրումային քաղաքականության մոտեցումներին` բարձրացնելով Հայաստանի մրցակցային առավելությունը:
2) Օտարերկրյա պետությունների հետ համագործակցության զարգացման համատեքստում վերանայվելու և ընդլայնվելու է ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության միջազգային համաձայնագրերի շրջանակը՝ Հայաստանի Հանրապետության ներդրումային առաջնահերթություններին համապատասխան:
3) Իրականացվելու է թիրախային քաղաքականություն՝ գերակա ոլորտներում առաջատար անդրազգային ընկերությունների արտադրական, հետազոտական, տեխնոլոգիական և տարածաշրջանային կառավարման կենտրոններ ներգրավելու համար։ Այդ նպատակով ապահովվելու է անհրաժեշտ ենթակառուցվածքների ու մասնագետների հասանելիություն, ինչպես նաև ներդրվելու են թափանցիկ և արդյունքահենք խթաններ: Հետներդրումային շարունակական աջակցությամբ խրախուսվելու են վերաներդրումները, գիտելիքի ու տեխնոլոգիաների փոխանցումը, աշխատուժի վերապատրաստումը և արտահանման ընդլայնումը։
4) Ձևավորվելու է ժամանակակից տնտեսական և լոգիստիկ ենթակառուցվածքների համապարփակ համակարգ՝ ներառյալ մասնագիտացված արդյունաբերական գոտիներ և լոգիստիկ հանգույցներ։ Դրանք ապահովելու են ներդրողների համար պատրաստ ենթակառուցվածքներ, արդյունավետ մատակարարման շղթաներ ու արտաքին շուկաների հասանելիություն:
5) Ներդրվելու են փոքր բաժնետերերի ներդրումների և նրանց իրավունքների արդյունավետ պաշտպանության կառուցակարգեր։
Արտահանման և ներմուծման դիվերսիֆիկացում, այդ թվում` էլեկտրոնային առևտուր
Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի քաղաքականությունն ուղղված է լինելու արտահանման շուկաների և ապրանքախմբերի կառուցվածքի դիվերսիֆիկացմանը, հայկական ծագման արտադրանքի բարդության բարձրացմանը և արտահանման ավելացմանը, ներմուծման աղբյուրների բազմազանեցմանը և էլեկտրոնային առևտրի միջոցով հայկական ծագման ապրանքների վաճառքի ծավալների մեծացմանը։ Կառավարությունը նպատակ ունի կրկնապատկելու հայկական ծագման արտադրանքի արտահանման ծավալը։
Այս ուղղությամբ՝
1) Ընդլայնվելու են Հայաստանի արտոնյալ առևտրային հնարավորությունները՝ առնվազն հինգ երկրի հետ նոր տնտեսական համագործակցության համաձայնագրերի կնքմամբ:
2) Թիրախային ապրանքների և շուկաների համար աջակցություն է տրամադրվելու տեղական արտադրողներին՝ օտարերկրյա առևտրային ցանցերի մատակարարման շղթաներում ընդգրկվելու, արտադրական ստանդարտները բարձրացնելու և երկարաժամկետ արտահանման պայմանագրեր կնքելու համար:
3) Դիվերսիֆիկացվելու են տնտեսության համար կարևոր ապրանքների մատակարարման աղբյուրները՝ առնվազն 15 ապրանքախմբի համար ներգրավելով նոր մատակարար երկրներ:
4) Թվայնացվելու և ազատականացվելու է ապրանքի ծագման հավաստագրերի տրամադրումը՝ ապահովելով մրցակցային և թափանցիկ համակարգ:
5) Ագրոպարենային արտահանման համար գործարկվելու է առնվազն 25 սառնարանային տնտեսության և երկու ագրոլոգիստիկ կենտրոն։
Զբոսաշրջության քաղաքականությունն ուղղված է լինելու Հայաստանի Հանրապետության՝ որպես զբոսաշրջային խաչմերուկի և ամբողջ տարվա ընթացքում գրավիչ, որակյալ, անվտանգ, խաղաղ ու մրցունակ զբոսաշրջային ուղղության դիրքավորմանը։ Նպատակն է մինչև 2031 թվականը ներգնա զբոսաշրջային այցելությունների թիվը հասցնել տարեկան առնվազն 3 մլն-ի, իսկ ներքին զբոսաշրջային այցելությունների թիվը՝ առնվազն 4,5 մլն-ի: Արդյունքում, Կառավարությունը ձգտելու է մեծացնել զբոսաշրջության ոլորտում զբաղվածությունը շուրջ 10%-ով։
Այս ուղղությամբ՝
6) Խթանվելու է զբոսաշրջության ապակենտրոնացումը և դիվերսիֆիկացվելու է Հայաստանի Հանրապետության զբոսաշրջային արդյունքը՝ քաղաքային և գյուղական զբոսաշրջային ենթակառուցվածքների արդիականացման, զբոսաշրջային երթուղիների զարգացման, նավիգացիոն համակարգերի ներդրման միջոցով: Մասնավորապես՝ իրականացվելու են Գյումրու, Գորիսի, Ջերմուկի, Արենիի, Եղեգիսի, Դիլիջանի և Դվինի զարգացման ծրագրերը:
7) Խթանվելու է միջազգային հյուրանոցային ցանցերի, ժամանցի, զվարճանքի և սպասարկման ճանաչված միջազգային բրենդների ներգրավումը Հայաստանի Հանրապետություն:
8) Հայաստանի Հանրապետությունը դիրքավորվելու է որպես միջազգային համաժողովների, ցուցահանդեսների, գործարար հանդիպումների և խոշոր իրադարձությունների անցկացման մրցունակ ուղղություն:
9) Ներդրվելու է զբոսաշրջության ոլորտի կառավարման միասնական թվային համակարգ, այդ թվում՝ ապահովելով այցելությունների վերաբերյալ համապարփակ վիճակագրություն, թվային ծառայությունների և զբոսաշրջային պրոդուկտների մատուցում։
Կապիտալի շուկայի զարգացում
Տնտեսության երկարաժամկետ և արտադրողական աճի ապահովման համար կարևոր են ֆինանսավորման աղբյուրների դիվերսիֆիկացումը և կապիտալի շուկայի զարգացումը։
Այդ նպատակով՝
1) Լավարկվելու է արժեթղթերի շուկան կարգավորող օրենսդրությունը՝ շուկայի զարգացմանը նպաստող, կանխատեսելի և միջազգային լավագույն մոտեցումներին համահունչ կարգավորող միջավայր ապահովելու նպատակով:
2) Խթանվելու է շուկան առաջ մղելու ներուժ ունեցող խոշոր և հեղինակավոր ընկերությունների մուտքը կորպորատիվ արժեթղթերի շուկա՝ հաջող թողարկումների պատմություն և ներդրողների վստահություն ձևավորելու նպատակով՝ ապահովելով առնվազն 3 առանցքային թողարկողի ներգրավում:
3) Կապիտալի շուկայում ներգրավվելու է առնվազն 2 հեղինակավոր կատալիզատոր միջնորդ՝ ներդրումային բանկային ծառայություններ մատուցող կազմակերպություններ, որոնք թողարկողներին կտրամադրեն արժեթղթերի թողարկման կառուցվածքավորման, գնագոյացման, տեղաբաշխման և ներդրողների ներգրավման մասնագիտական ծառայություններ:
4) Կատարելագործվելու և շարունակվելու են արժեթղթերի թողարկման, միջազգային վարկանիշավորման և մասնագիտական խորհրդատվության ծախսերի համաֆինանսավորման գործիքները՝ նոր թողարկումների խթանման և ընկերությունների՝ տեղական ու միջազգային կապիտալի շուկաներ մուտք գործելու պատրաստվածության բարձրացման նպատակով:
5) Ընդլայնվելու են տեղական և օտարերկրյա ներդրողների՝ հայկական արժեթղթերում ներդրումներ կատարելու հնարավորությունները՝ բջջային և այլ թվային լուծումներով ավտոմատ ու պարբերական ներդրումների մեխանիզմների զարգացման, ինչպես նաև օտարերկրյա միջնորդներին բորսայական հարթակին հեռավար մուտք տրամադրելու միջոցով։