Աշխարհ

Ինդոնեզիայում 40 000 մարդ անօթևան է մնացել  երկրաշարժի պատճառով

2 րոպեի ընթերցում

Ինդոնեզիայում 40 000 մարդ անօթևան է մնացել  երկրաշարժի պատճառով

Շուրջ 40 000 մարդ մնացել է անօթևան, գրեթե 12 000 տուն վնասվել է 7,7 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով, որն  օգոստոսի 15-ին տեղի է ունեցել Ինդոնեզիայի Արևելյան Նուսա Թենգարայի նահանգում՝ Ֆլորես կղզու ափերի մոտ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Jakarta Globe պարբերականը՝ վկայակոչելով Ինդոնեզիայի Տարերային աղետների հետևանքների մեղմացման ազգային գործակալությանը:

Վերջին տվյալներով՝ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 70-ի, վիրավորվել է 1182 մարդ: Տարերքի հարվածից տուժել է 16 400 ընտանիք երեք նահանգներում: Տուժած շրջաններում վնասվել է 11 925 տուն, 663 ուսումնական հաստատություն, 184 կառավարական շենք, 182 բժշկական հաստատություն, 173 կրոնական օբյեկտ, ենթակառուցվածքի տասնյակ այլ օբյեկտներ, ներառյալ ճանապարհներ և կամուրջներ:

Փրկարարական ծառայությունները շարունակում են անհետ կորածների որոնումները: Տարերքից տուժած շրջաններում էլեկտրամատակարարումը գրեթե ամբողջությամբ վերականգնվել է:

Antara լրատվական գործակալությունը, վկայակոչելով Ինդոնեզիայի նախարարների կաբինետի քարտուղար Թեդի Ինդրա Վիջայային, հաղորդել է, որ երկրի իշխանություններն, ընդհանուր առմամբ, 253 տոննա օգնություն են ուղարկել Արևելյան Նուսա Թենգարայի նահանգ՝ երկրաշարժից տուժած բնակիչներին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում