Հայաստան

Բանակում մահվան դեպքերի վիճակագրությունը խեղաթյուրվում է

9 րոպեի ընթերցում

Բանակում մահվան դեպքերի վիճակագրությունը խեղաթյուրվում է

ՀՀ զինված ուժերում 2026 թվականին արձանագրվել է մահվան 11 դեպք, որից 5-ը՝ ժամկետային զինծառայողների շրջանում։

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է, որ մահվան դեպքերը պետք է դիտարկել ծառայության հետ կապված և ծառայության հետ չկապված հանգամանքների համատեքստում՝ ընդգծելով, որ յուրաքանչյուր դեպք առանձին վերլուծության և քննարկման առարկա է։

«Պաշտպանության նախարարությունը միակ կառույցն է, որն իր կազմում ընդգրկված անձանց ծառայության հետ չկապված հանգամանքներում մահվան դեպքերը ևս հանրայնացնում է։ Այսինքն՝ որևէ այլ կառույց չենք գտնի, որ տվյալ կառույցի աշխատակիցը կամ ծառայողը, օրինակ, տանը հանկարծամահ լինի, ճանապարհատրանսպորտային պատահարի զոհ դառնա կամ հիվանդության հետևանքով մահանա, և այդ տվյալները տարեվերջին հանրայնացվեն»,- ասել է Թորոսյանը։

Նրա խոսքով՝ նախորդ տարիներին հրապարակված վիճակագրությունը տարբեր մանիպուլյացիաների առիթ է դարձել։

«Մամուլում հաճախ կհանդիպենք հրապարակումների, որ բանակում տարվա ընթացքում արձանագրվել է մահվան 30 դեպք, բայց որևէ մեկը չի նշում՝ այդ 30 դեպքից քանիսն են հենց բուն բանակում տեղի ունեցել, որոնք են կապված ծառայության հետ և քանիսը՝ ծառայության հետ կապված չեն։ Նույնիսկ եթե մահվան դեպքերը ծառայության հետ են կապված, արդյո՞ք դրանք բոլորը սպանություններ և ինքնասպանություններ են, թե՞ ոչ»,- նշել է ՊՆ մամուլի քարտուղարը։

Նա ընդգծել է, որ բանակում մահվան դեպքերի աճի մասին խոսակցությունները ՊՆ-ի ունեցած վիճակագրությամբ չեն հիմնավորվում։

«Եթե խոսում ենք այս տարվա հաշվետու ժամանակահատվածի մասին, ապա այս տարի ունեցել ենք մահվան 11 դեպք, որից միայն 5-ն են ժամկետային զինծառայողներ։ Ունեցել ենք մահվան դեպքեր հիվանդության հետևանքով, ականի պայթյունի հետևանքով, իսկ այս տարի տեղի ունեցած ինքնասպանությունների դեպքերի մասով պետք է նշեմ, որ դրանցից միայն 3-ն են, այսպես ասած, ծառայության հետ առնչվող հանգամանքներում տեղի ունեցել»,- ասել է Թորոսյանը։

Նրա խոսքով՝ ինքնասպանության և ինքնասպանության հասցնելու դեպքերի մասով նախնական տեղեկատվությունը ցույց է տալիս, որ դրանց մի մասը կապված է անձնական և այլ պատճառների հետ, որոնք ոչ կանոնագրքային փոխհարաբերությունների հետևանքով չեն։

Թորոսյանը նշել է, որ մահվան դեպքերի վերաբերյալ տարբեր քաղաքական և հասարակական գործիչների հայտարարություններում հաճախ նշվում է, որ պատասխանատվություն պետք է ստանձնի Պաշտպանության նախարարությունը. «Քավ լիցի, մենք այդ պատասխանատվությունը կրում ենք։ Մենք պատասխանատու ենք բանակում ծառայության հետ կապված հանգամանքներում տեղի ունեցող դեպքերի համար։ Բայց նաև առկա է բոլոր ժամանակներում, բոլոր տարիներին արձանագրված դեպքերի վիճակագրությունը»,- ասել է նա։

ՊՆ մամուլի քարտուղարի խոսքով՝ մահվան դեպքերը պետք է ավելի խորությամբ ուսումնասիրվեն և չդառնան քաղաքական շահարկումների թեմա։

Նա, ներկայացնելով տարբեր տարիների վիճակագրությունը, նշել է, որ, օրինակ, 2007 թվականին ծառայության հետ կապված հանգամանքներում սպանությունների, ինքնասպանությունների և ինքնասպանության հասցնելու 15 դեպք է արձանագրվել, իսկ 2016 թվականին՝ 19։

«2025 թվականին առհասարակ սպանության որևէ դեպք չէր արձանագրվել, ծառայության հետ կապված հանգամանքներում մահվան 6 դեպք էր արձանագրվել, որից, եթե չեմ սխալվում, երկուսն էին ինքնասպանության հասցնելու դեպքեր»,- նշել է Թորոսյանը։

 Նրա խոսքով՝ 2026 թվականի հաշվետու ժամանակահատվածում արձանագրված 11 մահվան դեպքերից 2-ը եղել են ծառայության հետ կապված հանգամանքներում։ Նա նշել է, որ արձանագրվել է 2 սպանության, 2 ինքնասպանության հասցնելու և 4 ինքնասպանության դեպք։

«Բայց այս 6-ից, այսինքն՝ ինքնասպանության և ինքնասպանության հասցնելու դեպքերից, 3-ը ոչ կանոնագրքային փոխհարաբերությունների հետևանքով չեն տեղի ունեցել»,- ասել է նա։

Թորոսյանը շեշտել է, որ բանակը հասարակության անբաժան մասն է, և բանակում առկա խնդիրները պետք է դիտարկել ավելի խորքային համատեքստում։

Նա նշել է, որ 2024 թվականին ամբողջ հանրապետությունում արձանագրվել է ինքնասպանության 179 դեպք, 2025 թվականին՝ 199 դեպք, իսկ 2026 թվականի առաջին կիսամյակում՝ 94 դեպք։

«Մենք խնդիրներին նայում ենք շատ ավելի խորքային։ Ընդ որում, ցանկացած նման դեպք առանձին վերլուծության և առանձին քննարկման առարկա է, և մենք յուրաքանչյուր դեպքի մոտենում ենք առանձին»,- ասել է ՊՆ մամուլի քարտուղարը։

Անդրադառնալով զինծառայողների մահվան դեպքերի վերաբերյալ հաղորդագրություններին՝ Թորոսյանը նշել է, որ դրանց մասին սովորաբար հայտարարում են ինչպես ՀՀ պաշտպանության նախարարությունը, այնպես էլ Քննչական կոմիտեն։ Միաժամանակ, որոշ դեպքերի առանձնահատկություններից ելնելով՝ գնահատականներ տալու գործառույթը ՀՀ պաշտպանության նախարարությունը չի կարող իր վրա վերցնել։

Նա նաև հերքել է այն պնդումները, թե ՀՀ պաշտպանության նախարարությունը չի ցավակցում զոհված զինծառայողների ընտանիքներին։

«Մեր բազմաթիվ ներկայացուցիչներ զինծառայողների ընտանիքների հետ շփումներ են ունենում այդ ողբերգական իրադարձությունների շրջանակում։ Նրանք բոլորը ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ են, ովքեր իրենց զորակցությունն ու ցավակցությունն են հայտնում մեր զինծառայողների ծնողներին»,- ասել է Թորոսյանը։

Անդրադառնալով մահվան դեպքերի կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին՝ ՊՆ մամուլի քարտուղարը նշել է, որ զինծառայողների կողմից սպանությունների, ինքնասպանությունների և ինքնասպանության հասցնելու փորձերի կանխարգելման ուղղությամբ ամենօրյա ռեժիմով իրականացվում են մի շարք միջոցառումներ։

«Զորամասերում վերահսկողություն իրականացնելիս առանձնահատուկ մոտեցում է ցուցաբերվում ինքնախեղումների և ինքնասպանությունների կանխարգելմանը։ Ռիսկային խմբում գտնվող զինծառայողների հետ տարվում են համապատասխան աշխատանքներ»,- նշել է նա։

Թորոսյանի խոսքով՝ մշակվել և գործողության մեջ են դրվել ինքնախեղումների, ինքնասպանությունների, ինչպես նաև ոչ կանոնագրքային փոխհարաբերությունների կանխարգելման մեթոդական ձեռնարկներ։

Զորամասերում պատահարներին և դեպքերին օպերատիվ արձագանքելու և դրանց կրկնությունը բացառելու նպատակով պատրաստվում են վերլուծական և տեղեկատվական շաբաթական նյութեր, որոնք առաքվում են զորամասեր՝ քննարկելու, հետևություններ անելու և գործուն միջոցներ ձեռնարկելու համար։

Նրա խոսքով՝ պարբերաբար զինված ուժեր են առաքվում նաև հանձնարարականներ, շրջաբերականներ և կարգադրություններ՝ հերթապահության ընդգրկվող անձնակազմի հետ բացատրական, բարոյախրատական, կրթադաստիարակչական և իրավադաստիարակչական բնույթի աշխատանքներ իրականացնելու, ինչպես նաև նրանց հոգեհուզական վիճակն ուսումնասիրելու նպատակով։

Թորոսյանը նշել է, որ զինված ուժերի կարգապահության բարձրացմանն ուղղված ամենամյա խորհրդակցությունների օրակարգային հարցերից մեկը ոչ կանոնագրքային փոխհարաբերությունների կանխարգելումն է։

«Սպա-հոգեբանների և զորամասերի հրամանատարների բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալների դերը այս երևույթների և բանակ թափանցող բարքերի կանխարգելման գործում մեծ է։ Նրանց հետ պարբերաբար հավաքներ, վերապատրաստման դասընթացներ և սեմինարներ են անցկացվում»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ Պաշտպանության նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքային ստորաբաժանումներից բաղկացած խմբեր ևս պարբերաբար ձևավորվում են և գործուղվում զորամասեր՝ անձնակազմի հետ մշտական աշխատանքներ իրականացնելու համար։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում